Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին. «Հայացք Երևանից»

Հունիս 01,2025 10:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցի մեր շրջանավարտները նույնպես հրաժեշտ տվեցին դպրոցին։ Սկզբում՝ դժվարությամբ, բայց հետո ժամանակը հարմարեցրեց նրանց նոր կրթական հաստատություններին, այն նոր միջավայրին, որ սիրով, հարգանքով ու ջերմությամբ լցված էր հայաստանյան դպրոցների ուսուցչության եւ աշակերտության կողմից։

Մայիսի 23-ին Արցախից բռնատեղահանված մեր ուսուցիչները եւս, ովքեր շարունակում են իրենց մանկավարժական գործունեությունը Հայաստանում, նորից առիթ ունեցան վերհիշելու հայրենիքում կազմակերպած այն «վերջին զանգերը», որ ապրեցրել են նրանց` մեր շրջանավարտներին կյանքի նոր փուլ ճանապարհելիս։

Դպրոցն իմ ապրած կյանքի երջանիկ հատվածն էր, որի ուրախ թե անհանգիստ օրերի վայելքն ունեցա Արցախում, ու այն մնաց հեռվում։ Ես ամեն օր մտովին այցելում եմ հարազատ կրթօջախ, մտնում դասարանից դասարան, հարկից՝ հարկ, ուսուցչանոց, գրադարան, համն ու հոտն եմ զգում ապրած տարիների, կարոտում իմ գործընկերներին, մեր աշակերտներին, հիշում  վարած դասերս, կազմակերպած միջոցառումներս…

Ի՞նչ կցանկանայի բոլոր շրջանավարտներին։ Կյանքը լի է փորձություններով, ու մենք ստիպված ենք տեսնել անհարթություններ, առերեսվել տարակարծությունների, մեր սրտին հաճելի, թե անհաճո կերպարների, աշխարհը շինող, թե կործանող արարածների,  բայց պետք է կարողանալ զանազանել սեւն ու սպիտակը, չարն ու բարին, ստեղծողին ու քանդողին, եւ տեր կանգնել երկրին։

Ցանկանում եմ՝ այսօրվա լույս-սերունդը խաղաղ երկնքի տակ իր անմնացորդ սիրով պաշտպանի հայոց աշխարհը՝ իր ձեռք բերած գիտելիքներով, հմտություններով, այն բոլոր կարողություններով, որոնք նրան ամուր կկանգնեցնեն հայրենի հողի վրա։ Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, թող վերեւից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից:

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30