Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ ուժի կողմից «խաղաղության համաձայնագրի» հետ կապված գործնական քայլ չարվեց

Հունիս 02,2025 12:00

Ինչ սկիզբ են առել այսպես կոչված՝ վայ «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ խոսակցությունները, մինչ այսօր երկրի գործող իշխանությունները էտապ-էտապ գնում են զիջումների՝ ամեն ինչում համաձայնվում են Ադրբեջանի առաջարկությունների հետ եւ այս պահի դրությամբ հասած տեղեկությունների համաձայն, Հայաստանի իշխանությունները լիովին պատրաստ են ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն զարմանալիորեն, Ադրբեջանը դեռեւս չի ցանկանում ստորագրել այն, որը հավանաբար բացատրվում է զուտ նրանով, որ Ադրբեջանն էլի շատ բաներ է ուզում, չի շտապում ու շարունակում է մտածել այդ ուղղությամբ, քանի որ քաջ գիտակցում է, որ նման «համաձայնագիր» մեկ անգամ է կնքվելու եւ փորձում է որքան հնարավոր է՝ շատ բան պոկել: Այս իրավիճակում Հայաստանի ընդդիմությունը եւ ժողովրդի մի ստվար հատվածը խիստ դեմ է եղած փաստաթղթի նախագծին, էլ ո՞ւր մնաց, որ դեմ չլինի եղածին նոր կետեր ավելացնելուն … Կարելի է ասել, որ այս պահին, այդ փաստաթուղթը կարծես գտնվում է հարաբերականորեն սառած՝ քնած վիճակում եւ երբ այն կյանքի կկոչվի, դեռեւս անհայտ է: Դա նշանակում է, որ ամեն օր կարող ենք զարթնել եւ լսել, որ այն պատրաստում են ստորագրման կամ արդեն ստորագրվեց …

Այստեղ մեծ հարց է առաջանում, թե ինչ են անում ընդդիմությունը եւ ժողովրդի այն հատվածը, որը դեմ է այս նախագծին, որպեսզի կանխեն դրա ստորագրումը եւ փորձեն մեր երկիրը փրկել ուղիղ գծով կործանումից:

Օրերը դարձան ամիսներ, ամիսները՝ տարիներ, բայց իշխանություններին դեմ ոչ մի լուրջ բան չի արվում, քանզի ամեն ինչ մեր աչքի առջեւ է եւ սառույցը տեղից չի շարժվում, այսինքն՝ ի պաշտպանություն մեր երկրի, որեւէ լուրջ քայլ չի արվում, եւ հօգուտ Հայաստանի, ոչ մի դրական տեղաշարժ անգամ չկա:

Բոլորիս է հայտնի, ԱԺ վերջին՝ 2021թ. ընտրություններից հետո մինչեւ օրս ՀՅԴ-ն իշխանափոխություն իրականացնելու համար սկսեց դիմադրության շարժում, որը հաջողությամբ չավարտվեց եւ տապալվեց: Որոշ ժամանակ անց, այսպես կոչված՝ «սահմանազատման եւ սահմանագծման» աշխատանքների բազում խախտումների հողի վրա Տավուշում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ սկիզբ առավ հայրենիքի փրկության՝ Սրբազան շարժումը, որը Տավուշից քայլելով հասավ Երեւան եւ սկսեց իր մարդաշատ միտինգները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, որը նույնպես որոշ ժամանակ անց մարեց: Դրանից հետո, մինչեւ այժմ ոչ ընդդիմության, ոչ որեւէ այլ ուժի կողմից՝ անգամ «խաղաղության համաձայնագրի» հետ կապված որեւէ գործնական քայլ չարվեց, իսկ իշխանությունները կետ առ կետ ընդունելով Ադրբեջանի առաջարկությունները, շարունակում են եւ կարծես ավարտել են այդ համաձայնագրի Հայաստանի տարբերակը ու ուղարկել են Ադրբեջանին, որն ինչպես վերեւում նշեցինք, չի շտապում ստորագրել այն …

Փաստորեն, բացի տեսականորեն ճիշտ ելույթներից ու վերլուծություններից, ընդդիմությունը չի կարողանում ոչ ԱԺ-ում, ոչ էլ իշխանությունների կողմից մշակվող «խաղաղության համաձայնագրի» դեմ որեւէ քայլի շուրջ՝ թեկուզ չնչին հաջողության հասնելու համար, որեւէ գործուն քայլ չի կատարվում, այլ խոսքով՝ բնավ չեն կարողանում երկրում ստեղծված ողբերգական իրավիճակի մեջ չնչին փոփոխություն մտցնել: Իսկ ինչպես բազմիցս նշել ենք, ժողովուրդը տարված է զուտ իր նյութի մոլուցքով, երկրի հարցերը նրան ընդհանրապես չի հետաքրքրում, նա շարունակում է զուտ քնածի կարգավիճակում մնալ …

Իմ կողմից արված առաջարկությանը, որ այս իրավիճակում միակ ռեալ քայլը ժողովրդական հանրաքվեի անցկացումն է, որի միջոցով միայն ժողովուրդը կորոշի, այդ համաձայնագիրը պետք է ընդհանրապես կնքել, թե ոչ եւ եթե այո, ապա միայն ժողովրդի կողմից հավանության արժանացած բյուլետենում նշված հարցերի շուրջ, անպատասխան է: Իսկ հանրաքվեի անցկացման թույլտվությունը պետք է իրականացվի օրենսդրությամբ սահմանված կարգով, հետեւյալ կերպ. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները համապատասխան ստորագրություններով պետք է հանրաքվեի հարցը փորձեն մտցնել ԱԺ հերթական նիստի օրակարգ, որը հաստատ քվեարկության ժամանակ մեծամասնության կողմից մերժվելու է, որից հետո պետք է ընդդիմությունը հայտարարի ստորագրահավաքի միջոցով հավաքել օրենսդրությամբ սահմանված համապատասխան քանակի ստորագրություններ, որը հաջողությամբ պսակվելուց հետո, հայտարարել հանրաքվեի անցկացման մասին: Այս պահին, թեկուզ բավականին ուշացած, սա միակ տարբերակն է իշխանությունների կողմից առաջարկված նախագծով այդ փաստաթղթի կնքումը խաթարելու համար:

Փաստացի, այսօրվա դրությամբ ընդդիմությունը չկարողացավ իշխանությունների այդ «համաձայնագրի» ստորագրման դեմ բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով լուրջ պայքար մղել ու մնաց ձեռնունայն՝ իշխանություններին թույլատրելով ստորագրել այդ գերվտանգավոր՝ Ադրբեջանի ուզած փաստաթուղթը, որը ոչ ավելի, ոչ պակաս՝ Հայաստան երկրի լիարժեք կործանումն է եւ նրա անցումը Ադրբեջանի ենթակայության տակ:

Բացահայտ ցավալի ու աներեւակայելի է, որ ընդդիմության եւ ժողովրդի մի ստվար հատվածի անլուրջ պահվածքի՝ անկարողության հետեւանքով անխուսափելի է դառնում Հայաստան պետության կորուստը …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30