Սնանկության գործերը քիչ են լուսաբանվում, սնանկության կառավարիչները դատարաններ չեն ներկայանում, կան բազմաթիվ քրեական գործեր, որոնցով այդ կառավարիչները մեղադրվում են արձանագրությունները, ապացույցները կեղծելու, ինքնիրավչության համար: Դրանցից մեկը ՍԴ դիմած քաղաքացու համար դիտվել էր որպես նոր երեւան եկած հանգամանք, եւ նա դիմել էր վերաքննիչ, վճռաբեկ բողոքներով դատարաններ, Վճռաբեկ դատարանը չէր դիտել այն, որպես նոր երեւան եկած հանգամանք:
Արմեն Ավագյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Ըստ նրա՝ օրենսգրքի վիճարկվող հոդվածը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերին, քանի որ դրանով չի ապահովվում նոր երեւան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորություն: Սահմանադրական դատարանն այդ գործով մայիսի 23-ին փաստեց, որ օրենսգրքի՝ «Դատական ակտերը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու վարույթը» վերտառությամբ 6-րդ բաժնում արտացոլված համանուն 58-րդ գլխում սահմանվում են նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա դատական ակտերը, վերանայող դատարանը, համապատասխան բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաեւ, ի շարս այլնի՝ նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը: Ըստ Սահմանադրական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չի կարող դիտարկվել որպես սահմանադրահեն արդարադատության վերջնարդյունք, եթե ողջամիտ կասկածից վեր է, որ ի հայտ է եկել այնպիսի բացառիկ հանգամանք, որը հավաստում է դրա օրինականության, հիմնավորվածության եւ արդարության պահանջներին համահունչ կայացված չլինելը:
Իսկ նախապատմությունը հետեւյալն է: Կ. Սավզյանը 2016 թվականի հուլիսի 14-ին դիմում է ներկայացրել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ՍԴ դիմող Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջով։ Դիմողի սնանկության գործով կառավարիչ Հ. Կոշեցյանը 2017 թ. մայիսի 15-ին միջնորդություն է ներկայացրել դատարան` պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվության մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել է։ 2021 թ. հունիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճվել է եւ որոշվել՝ Հ. Կոշեցյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Սույն որոշմամբ նշվել էր. «Սնանկության գործի շրջանակներում սնանկության գործով կառավարիչ Հ. Կոշեցյանը, պարտավորված լինելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ պարտատերերի ժողով անցկացնելու եւ դրան կից արձանագրություն կազմելու, կազմել է ժողովին կից կեղծ արձանագրություն: Բացի այդ, կառավարիչ Հայկ Կոշեցյանը կազմել եւ հետագայում Արմեն Ավագյանի եւ Վահե Մելքոնյանի ստորագրությանն է ներկայացրել 24.03.2017թ. թվագրմամբ կեղծ գույքագրման ակտ»:
Դիմողի ներկայացուցիչը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել վերաքննիչ բողոք, որպես նոր երեւան եկած հանգամանք վկայակոչելով որոշմամբ արձանագրված այն հանգամանքը, որ Հ. Կոշեցյանը, իրենց սնանկության գործի շրջանակներում հանդիսանալով սնանկության գործով կառավարիչ, կեղծել է ապացույցներ ու ներկայացրել դատարանին։ 2021 թ. հոկտեմբերի 25-ին Վերաքննիչ դատարանը սնանկության գործով որոշել է դիմողի վերաքննիչ բողոքը բավարարել՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը` հարցն ուղարկելով Սնանկության դատարան՝ նոր քննության:
Կարդացեք նաև
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել նախկին կառավարիչը եւ բանկը։ Վճռաբեկ դատարանը 2024 թ. հուլիսի 4-ի որոշմամբ բավարարել է բանկի վճռաբեկ բողոքը՝ արձանագրելով, որ. «Վերաքննիչ բողոքում նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չէր կարող որակվել որպես «նոր երեւան եկած հանգամանք», քանի որ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու արդյունքում ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելու հանգամանքն օրենսդիրը նախատեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, եւ այդ հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով այդ հանգամանքները հաստատված լինելը, մինչդեռ տվյալ դեպքում առկա է նախաքննական մարմնի որոշում, որը հանդիսանալով ինքնուրույն դատավարական փաստաթուղթ, չի կարող նույնացվել անձի մեղավորությունը հաստատող մեկ այլ դատավարական փաստաթղթի` դատավճռի հետ։ Վճռաբեկ դատարանը մերժել էր ՍԴ դիմողի բողոքը քննության վերցնել:
Ըստ դիմող Ավագյանի՝ «Երբ քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով պարզվում է, որ գրավոր ապացույցը կեղծված է, ապա անթույլատրելի է դատական ակտի վերանայումը մերժելը միայն այն պատճառաբանությամբ, որ գրավոր ապացույցի կեղծված լինելը հաստատել է քննիչը՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ, այլ ոչ թե դատարանը՝ դատավճռով»:
Միեւնույն ժամանակ, ՍԴ-ն շեշտել էր. «Նախաքննության մարմնի խնդրո առարկա որոշումը չի կարող նույնացվել անձի մեղավորությունը հաստատող դատական ակտի` դատավճռի հետ: Այլ կերպ` այն չի կարող կրել մեղադրական դատավճռի կայացմամբ ծագող հետեւանքներին բնորոշ հատկանիշներ»:
Սահմանադրական դատարանը որոշեց. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երեւան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար:
Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
ՍԴ-ն իր եզրահանգումներում այսպիսի միտք էր արտահայտել. «…հանգամանքները գնահատելիս դատարանը պետք է օգտագործի այնպիսի ձեւակերպումներ, որոնք իրենց բովանդակությամբ որեւէ կերպ կասկածի տակ չեն դնի, չեն վտանգի եւ չեն խաթարի Սահմանադրության 66-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածի սահմանադրաիրավական բովանդակությունը»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.05.2025