«Այսօր բացում ենք օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիա՝ դրա հետ կապված ունենք վարչապետի այց Երեւանի պետական համալսարան»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Դիտարկմանը՝ նախապես հայտարարություն չի եղել եւ տպավորություն է, որ այցը գաղտնի է, ռեկտորն այսպես արձագանքեց. «Գաղտնի ոչինչ չի եղել… Ուսանողներն ազատ են իրենց հետաքրքրող հարցերն ուղղել վարչապետին: Մենք ֆակուլտետներին դիմել ենք, իրենք տվել են ակտիվ ուսանողների ցանկ եւ ասել են, որ ազատ են բոլոր տեսակի հարցերի համար»:
ԵՊՀ ռեկտորից՝ որպես աստվածաբանի, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է իշխանությունների կողմից եկեղեցին թիրախավորելու վերաբերյալ: «Նման մասնագիտական հարցերի հետ կապված չեմ պատասխանելու, որովհետեւ այսօր այստեղ այլ առիթով ենք հավաքված, ես իրավունք ունեմ չպատասխանելու այդ հարցին եւ չեմ պատասխանում: Ես այստեղ եմ որպես ռեկտոր եւ ոչ թե որպես աստվածաբան»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Դառնալով օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիայի բացմանը, ԵՊՀ ռեկտորն ասաց, որ կրթական ԾԻԳ-ի եւ գիտության կոմիտեի գումարներով մեծ լաբորատորիա է ստեղծվել, ունեն գիտական աննկարագրելի արդյունքներ, ինչով էլ պայմանավորված է լաբորատորիայի բացումը, նաեւ Փաշինյանի այցը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի ԵՊՀ-ն ունեցել է շուրջ 700 արտասահմանյան հրապարակում:
Ի դեպ, ԵՊՀ կայքում տեղեկատվություն կա, որ ԵՊՀ-ում Գերարագ օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիան ստեղծվել է դեռեւս 2000 թ. ամերիկահայ պրոֆեսոր Արա Ապկարյանի աջակցությամբ հիմնադրված Գերարագ օպտիկայի լաբորատորիայի բազայի հիման վրա, հետագայում էլ՝ «Գիտություն հանուն խաղաղության» միջազգային ծրագրի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ