«Մարդիկ պետք է հասկանան, որ այն, ինչ տեսնում ենք այսօր՝ ամենեւին էլ անհատ սպասավորների դեմ ուղղված արշավ չէ: Նպատակաուղղված հերթական քայլն է հայոց ազգային ինստիտուտները խարխլելու: Հայոց հիմնասյուներից մեկին՝ Հայ Առաքելական եկեղեցուն է ուղղված, որը դարեր շարունակ պահպանել է մեր ինքնությունը»,- այսօր կառավարության շենքի դիմաց Հայ Առաքելական եկեղեցու ու հայ հոգեւորականների հասցեին տված Նիկոլ Փաշինյանի որակումներից դժգոհ քաղաքացիների բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց ցույցի մասնակիցներից Գայանե Ենոքյանը:
Ըստ նրա՝ նույնիսկ ադրբեջանական մամուլի մակերեսային դիտարկումից ակնհայտ է դառնում, որ այս արշավը մեր իշխանությունների կողմից թելադրվում է թուրք-ադրբեջանական տանդեմից. «Մարդիկ պետք է հասկանան, որ այսօր եկեղեցու կողքին չկանգնելը, իշխանություններին չասելը, որ այլեւս չենք հանդուրժելու իրենց այս լկտի պահվածքը, մեր այսօրվա գոյության հարցն է» :
Ցույցի մեկ այլ մասնակից էլ՝ Նաիրա Մխիթարյանը, լրագրողների հետ զրույցում դժգոհեց. «Բոլորս գտել ենք ինչ-որ օնլայն հարթակ, որտեղ մեր բողոքը արտահայտում ենք, սա ճիշտ դիրքորոշում չէ: Որովհետեւ պայքարի այն էներգիան, որը հիմա կառուցողական պետք է օգտագործենք ու օր առաջ հրատապ այս չարիքի դեմն առնենք, այդ ամբողջ էներգիան օգտագործում ենք սոցիալական հարթակներում: Ի՞նչ խնդիր ենք դրանով լուծում, գնալով մեր երկրի վիճակը ծանրանում է»:
Կարդացեք նաև
Ցույցի կողքով անցնող մի քաղաքացի էլ անմասն չմնաց իր կարծիքը հայտնելուց: Ասաց՝ թեեւ անձամբ չի կարդացել Փաշինյանի ստատուսները, բայց եկեղեցու դեմ սկսված արշավին վատ է վերաբերում. «Սխալ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Տաթեւ Հայրապետյանի տելեգրամյան ալիքից