ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան սպասավորների հասցեին Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի եւ նրանց քաղաքական ուժի ներկայացուցիչների հնչեցրած վիրավորական արտահայտություններին՝ հիշեցրեց, որ եկեղեցու վրա իշխանությունների հարձակումները սկսվել են դեռեւս 2018 թվականի հունիսից, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին ընտրվել է վարչապետ եւ ուղիղ մի ամիս հետո՝ հունիսի 5-ից, սկսել է «նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժումը:
«Ինչ վերաբերում է այս վերջին գրոհին, դրա մեկնարկը տվել է Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Փաշազադեն, որը, հավանաբար, Փաշինյանի հոգեւոր առաջնորդն է: Ադրբեջանում մի կոնֆերանսի ժամանակ Փաշազադեն ասել է, թե Էջմիածինը ադրբեջանական տարածք է: Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանն անցած տարվանից որ ասում է, թե Հայաստանի տարածքի մոտ 70 %-ը, ըստ Ադրբեջանի սահմանադրության պատկանում է Ադրբեջանին, թվարկում է նաեւ մարզերի անուններ եւ նշում է նաեւ Արմավիրը: Արմավիրի մարզից ուրիշ ի՞նչը կարող է նրա պատկերացմամբ ադրբեջանական լինել, քան այն տարածքը, որը կոչվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այսինքն, ադրբեջանցիներն ուզում են իշխանություն հաստատել հայ ժողովրդի գլխավոր տաճարի՝ Մայր տաճարի, Մայր Աթոռի նկատմամբ:
Փաշազադեն մայիսի 22-ին խոսելով՝ նախ անարգում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Մայր Աթոռը եւ Կիլիկիո Կաթողիկոսությունը, եկեղեցու մեր գաղափարախոսությունն է անարգում: Ու դրան ի պատասխան հաջորդ օրը Մայր Աթոռը հանդես է գալիս բավականին կոշտ հակադարձումներով: Դա, բնականաբար, չէր կարող դուր գալ Փաշազադեի հոգեւոր զավակին:
Դրանից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնում է Շվեյցարիա, որտեղ մասնակցում է իր իսկ խնդրանքով նախաձեռնված գիտագործնական մի շատ մեծ քննարկման, որին աշխարհի տարբեր երկրներից ու եկեղեցիներից մասնակցում են եպիսկոպոսներ, կարծեմ՝ կարդինալներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գիտնականներ: Այնտեղ Վեհափառը հանդես է գալիս փայլուն խոսքով, ընդ որում, բարձրաձայնելով վերջին շրջանի հայ ժողովրդի հիմնական շահերը, որոնք անտեսված են պետական մակարդակում: Այսինքն, Արցախի նկատմամբ ադրբեջանական ռազմական հանցագործությունը, Թուրքիայի մեղսակցությունը դրան, հայ ժողովրդի ցեղասպանությունը, հայ ժողովրդի բռնի տեղահանությունը Արցախից, գերիների վերադարձի հարցը, ինչպես նաեւ Արցախում ադրբեջանական տիրապետության տակ հայտնված քրիստոնեական համամարդկային նշանակություն ունեցող հոգեւոր-մշակութային ժառանգության հարցը, որոնք հիմա այնտեղ ոչ միայն սրբապղծվում են, այլեւ ոչնչացվում են:
Կարդացեք նաև
Բնականաբար, Ալիեւին չէր կարող չանհանգստացնել, որ հայ հոգեւոր առաջնորդը, հայ եկեղեցին, որը միավորում է ամբողջ աշխարհի հայ ժողովրդին եւ ամբողջ աշխարհում եզակի համահայկական կառույց է, իրականացնում է ազգապահպան խնդիրներ, ապահովում կապը Սփյուռքի ու Հայրենիքի միջեւ: Բնականաբար, Նիկոլ Փաշինյանն էլ հայտնվում է ցնցումների մեջ ու սկսում է հարձակումը կաթողիկոսի եւ հայ եկեղեցու մեր սրբազան հայրերի վրա»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ