Լրահոս
Օրվա լրահոսը

Գարի Քյոսայանը՝ իր երազած երաժշտական գույների ծաղկեփնջի եւ «Ջազի Սիմֆոնիա» համերգի մասին

Հունիս 02,2025 17:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ջազային ճանաչված երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնեն Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները: «Ջազի Սիմֆոնիա» խորագրով համերգը կկայանա հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գարի Քյոսայանը, համերգի առաջին մասում կհնչեն իր սոլո ջազ ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր, կլինեն պրեմիերաներ, իսկ երկրորդ մասում՝ նվագախմբի ընկերակցությամբ, կհնչեն ֆիլմերի եւ ներկայացումների համար գրած իր գործերը: Գարի Քյոսայանն ասաց, որ համերգն ընդգրկված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ցանկում:

«Երազանքս էր, որ մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ կատարենք իմ ֆիլմերի եւ ներկայացումների մեղեդիները՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումից, «Լռության սիմֆոնիա» ֆիլմից: Ինչպես արդեն նշեցի, համերգի երկրորդ բաժինը լինելու է սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ առաջին բաժինը՝ սոլո դաշնամուր, որի ժամանակ ես նաեւ նոր գործեր պետք է նվագեմ »,-ասաց ջազային երաժիշտը:

«Պարոն Թոփչյանը հանդիպումների ժամանակ միշտ ասում էր՝ ե՞րբ ենք մի ծրագիր անելու: Լավ է, որ վերջապես հնարավոր եղավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում օր գտնել եւ պայմանավորվածություն ունենալ»,-նշեց մեր զրուցակիցը:

 

Խնդրեցինք որոշ փակագծեր բացել իր նոր գործերի վերաբերյալ, որոնք այդ օրը կատարվելու են: «Կկատարվի իմ սիրած գործերից մեկը՝ «Նարեկացին», որը երբեւէ չի հնչել, իսկ «Ռեւերանսը» եւ «Զեփյուռը» մեկական անգամ են հնչել»,-նշեց Քյոսայանը:

Ասաց, որ ցանկանում է դահլիճին տալ առավելագույնը, որովհետեւ շատ է սիրում իր ունկնդրին, նաեւ կարծում է, որ ամեն ինչ փոխադարձ է: «Մեր ունկնդիրը խստապահանջ է, շատ է սիրում բարձրաճաշակ երաժշտություն՝ լինի ջազ, դասական, թե էստրադային: Մեր ժողովուրդը կարողանում է ընդունել ու գնահատել ճշմարիտ արվեստը: Իսկ ջազն ինքնին հոգեւոր երաժշտություն է, ծնվել է հոգեւոր հիմքերի վրա: Դու նաեւ պետք է հոգեւոր առումով կայուն վիճակ ունենաս, որպեսզի կարողանաս իմպրովիզ անել, քո երաժշտական մտքերը փոխանցել ունկնդրին»,-մանրամասնեց ջազային երաժիշտը:

Ջազի եւ սիմֆոնիկ երաժշտության ներդաշնակման մասին էլ խոսեցինք: Գարի Քյոսայանը, որ երեխա ժամանակվանից ջազ է լսել, ընդգծեց, որ ջազի հիմքում դրված են դասական մոտեցումներ եւ այժմ ուրախ է, որ կունենա համերգ՝ իսկ ուղեկցող երաժշտությունը կլինի սիմֆոնիկ նվագախմբի միջոցով. «Այդպես կարող ես երաժշտական գույների ծաղկեփունջ հավաքել քո իմպրովիզացիոն արվեստի եւ կատարման միջոցով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Գարի Քյոսայանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30