Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ․ Վահան Կոստանյան

Հունիս 02,2025 17:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունիսի 2-ին Գորիսում մեկնարկեց Հայաստան–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը: Հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարեւորությունը, Սյունիքի մարզի եւ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջեւ ընդգրկուն եւ օրինակելի համագործակցությունը, այս տարի որոշվել է երկօրյա համաժողովն անցկացնել Գորիսում։

Ֆրանսիայի պատվիրակության կազմում են քաղաքապետեր, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ՝ ներառյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի անդամներ, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը:

Հայկական կողմից համաժողովին մասնակցում են արտաքին գործերի, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ԿԳՍՄ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ մարզպետներ, համայնքի ղեկավարներ։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ողջունելով Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի պատվիրակներին՝ մասնավորապես ասաց, որ Սյունիքի մարզում համաժողովի կազմակերպումը եւս խաղաղության ու համագործակցության հստակ ուղերձ է։ «Կայուն խաղաղության գրավական է նաեւ տնտեսական փոխկապակցվածությունը եւ տարածաշրջանային համագործակցությունը, որը նպաստելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը։ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ ավելի լայն տարածաշրջանի շահերին»,-նշեց նախարարի տեղակալը։

 

Վահան Կոստանյանի խոսքով, Հայաստանը ուզում է ձեւավորել խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն՝ դարպասները։ «Սպառնալիքի փոխարեն էլ փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները։ Սա է առաջ շարժվելու մեր տեսլականը, եւ այս միջոցառումը Սյունիքում դրա խոսուն վկայությունն է»,- մասնավորապես նշեց Վահան Կոստանյանը։

Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը։

«Բարձր ենք գնահատում նաեւ երկկողմ եւ եվրոպական ձեւաչափով Ֆրանսիայի կողմից ցուցաբերվող օժանդակությունը Հայաստանի պաշտպանական կարողությունների եւ տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաեւ աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը, Եվրոպային առավել մոտենալու մեր ցանկություններին»,- շեշտեց Կոստանյանը։

Հայաստանի Հանրապետությունը, չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասի տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման համար՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմա-Աթայի հռչակագրով»,-ասաց նա։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30