Աշակերտների շրջանում մաթեմատիկական մտածողությունը զարգացնելու, սովորելու մոտիվացիան բարձրացնելու նպատակով այս տարի տեխնոլոգիական ոլորտի առաջատար «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության աջակցությամբ «Կորիզ կրթական ծրագիր»-ը և Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը Հայաստանում իրականացրեցին մինչ օրս ամենալայնամասշտաբ «Կորիզ-ֆիզմաթ» մաթեմատիկական համադպրոցական մրցույթը։
Մրցույթի առաջին փուլը, որն անցկացվել է առցանց, տեղի է ունեցել ապրիլին, երկրորդ փուլն առկա տարբերակով անցկացվեց մայիսի 31-ին։
« «ԹԵԼ-ՍԵԼ»-ն իր ամբողջ պատմության ընթացքում կարևորել է կրթության դերը թե՛ բիզնեսում, թե՛ պետության զարգացման գործում։ Հնարավորությունը, որը մեզ ընձեռեց «Կորիզ» մրցույթը, որպեսզի մենք լինենք գործընկեր ու աջակցենք մրցույթի կայացմանը, մեզ համար առաջին հերթին մեծ պատիվ էր, ինչու չէ փոքրիկ, բայց գործուն քայլ էր դեպի այն, որ կրթությունը, հատկապես ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական ուղղվածությունները մեր երկրում լինեն ավելի հարգի, ժամանակակից, ավելի լայն հնարավորություններ տան ապագա սերնդին»,-նշում է «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։
Կարդացեք նաև
Նա կարծում է՝ մրցույթը ճանապարհ է, որի ընթացքում դպրոցականները ստուգում և հարստացնում են իրենց գիտելիքները։
«Այս կրթությունը ստանալուց, գիտելիքները յուրացնելուց հետո երեխաներն այդ ամենը կկիրառեն մեր երկրում, մեր պետության տարբեր ոլորտներում, կունենան մեծ հաջողություն ապագա կարիերայում։ Առաջին կորիզն է, որը հիմա դնում ենք, որ հետագայում ծառն ու ծառի պտուղները քաղենք»,-ընդգծում է Ղազարյանը։
«ԹԵԼ-ՍԵԼ»-ի գլխավոր տնօրենը չի բացառում՝ «Կորիզ»-ի հետ համագործակցությունը կարող է շարունակական լինել։
«Կորիզ կրթական շարժման» հիմնադիր Սուրեն Ալոյանի խոսքով՝ մրցույթն ունի երկու հիմնական առաքելություն՝ մեծարել ուսուցչին և խրախուսել աշակերտի սովորելու մղումը։ Շատ ոգևորված են, քանի որ մասնակիցների թիվը տարեցտարի աճում է։
«Սա պարզապես մրցույթ չէ, սա սեր և արմատացում է դեպի ֆիզիկամաթեմատիկական առարկաները։ 21-րդ դարում առանց մաթեմատիկայի, առանց ֆիզիկայի պարզապես անհնար կլինի։ Այսօր ամբողջ աշխարհը գնում է դեպի արհեստական բանականություն, և մաթեմատիկա, ֆիզիկա առարկաները կարծես դարձել են ամեն ինչի կորիզը, հիմքը։ Հենց այդ նպատակով էլ փորձեցինք շատ ավելի մեծ տարածում տալ այս մրցույթին և սեր հաղորդել աշակերտներին»,-ասում է «Կորիզ կրթական շարժման» հիմնադիր Սուրեն Ալոյանը։
Մրցույթի առցանց փուլին մասնակցել է միջնակարգ դպրոցների երրորդից 12-րդ դասարանի, ինչպես նաև քոլեջների ավելի քան 7000 աշակերտ և ուսանող Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից։ Երկրորդ փուլ է անցել հարյուր աշակերտ։ Յուրաքանչյուր դասարանից տասը լավագույն մասնակից պայքարում է տարբեր մրցանակների և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց արտոնյալ պայմաններով ընդունվելու համար։
«Եթե «Կորիզ»-ի շրջանակում աշակերտը կարողանում է հայտնվել լավագույն եռյակում, առանց քննության, միայն հարցազրույցով կարողանում է ընդունվել Ֆիզմաթ դպրոց։ «ԹԵԼ-ՍԵԼ»-ը նախատեսել է մրցանակներ բոլոր աշակերտների համար։ Առաջին, երկրորդ, երրորդ հորիզոնականները զբաղեցրած աշակերտներին կտրվեն նոթբուքներ, պլանշետներ, բազմաթիվ խրախուսական մրցանակներ»,-տեղեկացնում է Ալոյանը։
Առցանց փուլում մասնակիցներն իրենց տարիքային խմբին համապատասխան հարցաշարեր են լրացրել, կարևորվել են ճիշտ պատասխաններն ու արագությունը, իսկ երկրորդ փուլում կարևոր է միայն ճիշտ պատասխանը։ Աշակերտներին տրվում է 90 րոպե թեստերը լրացնելու համար։ Եթե պարզվի, որ լավագույն եռյակներ ձևավորած աշակերտների մեջ կան այնպիսիք, որ ունեն հավասար միավորներ, կանցկացվի նաև բլից փուլ։
Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, որը 2023-ին ճանաչվել է աշխարհի տասը լավագույն դպրոցներից մեկը, սիրով է հյուրընկալել մրցույթը։ Դպրոցի տնօրինությունը կարևորում է մրցույթի անցկացումը, քանի որ հնարավորություն է ունենում ամբողջ Հայաստանից գտնել լավագույն աշակերտների, որոնք իրենց կրթությունը կարող են շարունակել կրթահամալիրում։
«Ցանկացած ոլորտում մաթեմատիկայի դերը շատ մեծ է, և այն սերը, որ պետք է երեխաների մոտ առաջացնենք մաթեմատիկայի հանդեպ, շատ կարևոր է։ Թեկուզ իրավաբանական կրթություն ստացող երեխաները, եթե լավ են տիրապետում մաթեմատիկային, նշանակում է՝ կարող են ավելի լավ մասնագետներ դառնալ ցանկացած ոլորտում»,-հավաստիացնում է ԵՊՀ առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանը։
Մրցույթին մասնակցող երեխաները ոգևորված են, մի քիչ վախեցած, սակայն վստահ, որ ամեն պարագայում հաջողելու են։ Նշում են՝ եթե հաղթեն, սրտանց կուրախանան, եզրափակիչ չանցնելու պարագայում հաջորդ տարի կրկին կփորձեն իրենց ուժերը։
«Անցած տարի իմացա այս մրցույթի մասին և որոշեցի ամեն տարի մասնակցել։ Մրցույթներ շատ եմ սիրում, քանի որ հետաքրքիր են»,-ասում է չորրորդ դասարանի աշակերտուհի Անի Խաչիկյանը, որը Երևան էր եկել Լոռու մարզից։
Աշակերտներին ուղեկցում էին ծնողները, որոնք լարված էին թվում, բայց հավատում իրենց երեխաների հնարավորություններին։ Ծնողներից Նարինե Ժամհարյանը նշում է՝ որդին՝ Լյովա Հարությունյանը սովորում է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի համար 1 միջնակարգ դպրոցի երրորդ դասարանում։
«Լյովան ունի բազմաթիվ հետաքրքրություններ, սիրում է իրեն փորձել բոլոր բնագավառներում, մաթեմատիկայում ևս։ Նա նաև շատ լավ ընթերցում է. դասարանում առաջիններից է, ցանկանում էր ընթերցման մրցույթին մասնակցել, բայց որոշեցինք մաթեմատիկան ընտրել։ Մեծ սիրով մասնակցեց ու հայտնվեց լավագույն տասնյակում։ Շատ երջանիկ է, ուրախ և մեծ հույսերով է եկել»,-խոստովանում է Նարինե Ժամհարյանը։ Նա վստահեցնում է՝ նման մրցույթները երեխաներին հնարավորություն են տալիս ավելիին ձգտել, ավելին իմանալ և ինքնակրթվել։
«Կորիզ-ֆիզմաթ» մաթեմատիկական համադպրոցական մրցույթն անցկացվում է «Կրթությունը կորիզն է երկրի» կարգախոսով, քանի որ մրցույթի նախաձեռնողներն ու աջակիցները հավատացած են՝ ամեն ինչի սկիզբը կրթությունն է։ Զարգացած պետություն, քաղաքակիրթ քաղաքացիներ ունենալու համար առաջին հերթին պետք է մեծ ուշադրություն դարձնել կրթությանը։
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա շոու-մրցանակաբաշխությանը, որը կանցկացվի հոկտեմբերի 5-ին։
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։