Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարենը իշխանությունները մի շարք ուղղություններով յուղ են լցնում գնաճի կրակի վրա՝ կտրուկ բարձրացնելով հարկերը. «Փաստ»

Հունիս 03,2025 11:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եթե դիտարկենք ապրանքային հատվածները, ապա պարզ կդառնա, որ թանկացումները հիմնականում վերաբերում են կենսական անհրաժեշտության ապրանքներին՝ կարտոֆիլ, ձուկ, ձեթ, սուրճ, կարագ, շոկոլադ և միրգ։ Այս ապրանքները կազմում են միջին ընտանիքի ամենօրյա սպառման մեծ մասը, ուստի դրանց թանկացումն անմիջականորեն ազդում է բնակչության սպառողական վարքագծի և կենսամակարդակի վրա։

Ամենաուշագրավ և, միևնույն ժամանակ, ամենահարվածող տվյալներից է կարտոֆիլի գնի աճը շուրջ 50 տոկոսով։ Նման չափով թանկացումը բնակչության համար ոչ միայն լուրջ խնդիր է ստեղծում, այլև բացահայտում է ներմուծումների, տեղական արտադրության և պարենային քաղաքականության խոցելի կետերը։ Կարտոֆիլագործությունը գյուղատնտեսության այն ճյուղն է, որն ունի տեղական արտադրության բարձր ներուժ, դրա համար ո՛չ տեխնիկայի, ո՛չ էլ հողերի պակաս չկա, սակայն թանկացման նման տեմպերը վկայում են ներմուծումից կախվածության և ներքին շուկայում մատակարարման ցածր արդյունավետության մասին։ Մի ժամանակ Փաշինյանը հեգնում էր, թե կարտոֆիլի գները «թռել են», մարդիկ թող սոխ ուտեն, խառը կանաչի ուտեն, որոնց գները ցածր են։ Իսկ հիմա կոնկրետ իրեն հարցնելու պահն է, թե ինչո՞ւ կառավարությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում պարենային անվտանգության մասով, որ նման իրավիճակների առաջ ենք կանգնում։

Արտաքին առևտրի պասիվացումն էլ ազդում է արտահանման ու ներմուծման հարաբերակցության վրա՝ սահմանափակելով տնտեսության «շնչառությունը»։ Հայաստանը մեծապես կախված է արտաքին շուկաներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից, և միջազգային շուկայում ցնցումներն անմիջապես արտացոլվում են ներսի ինֆլյացիոն տրամաբանության վրա։ Ռուսական ռուբլու անկայունությունը, լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև միջազգային գնաճային ճնշումները՝ հատկապես պարենային ապրանքների ու էներգակիրների շուկայում, արտահայտվում են Հայաստանի ներքին գնաճային ալիքներում։ Խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ մեր տնտեսությունն ավելի ու ավելի շատ է հենվում ներմուծման վրա։

Սակայն միայն արտաքին գործոնները չեն այս իրավիճակի պատճառը։ Հայաստանի կառավարության վարած տնտեսական և սոցիալական քաղաքականության մեջ առկա են լրջագույն բացեր՝ մասնավորապես գնաճին դիմագրավելու արդյունավետ մեխանիզմների բացակայության տեսանկյունից։ Կառավարությունն այդպես էլ ի վիճակի չի լինում կարգավորող քայլեր ձեռնարկել շուկայում, որպեսզի գնաճը սկսի նահանջել։ Դրա փոխարեն իշխանությունները մի շարք ուղղություններով յուղ են լցնում գնաճի սարսափազդու կրակի վրա՝ կտրուկ բարձրացնելով հարկերը։ Մյուս կողմից էլ՝ քայլեր չեն ձեռնարկվում գոնե քաղաքացիների եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։ Թոշակներն ու աշխատավարձերը գրեթե «անհիշելի ժամանակներից» չեն բարձրացել։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30