Լրահոս
Օրվա լրահոսը

Բիլազուկս հանեք, կյանքիդ մեռնեմ, ինձ շատ կխեղդե. դատարանում տարեց կինը հուզվեց

Հունիս 03,2025 13:34

Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկեց «տատիկների» հայտնի գործով նախնական դատալսումը: Մեղադրյալներից Անահիտ Խալաթյանը նիստը նախագահողին հայտնեց, որ չամուսնացած է, ուժեղ սթրեսի մեջ, ունի առողջական լուրջ խնդիրներ՝ ուռուցք գլխում, ուղեւորափոխադրումներով զբաղվող ընկերությունում էլ տնօրեն է:



Նիստը նախագահող դատավոր Սարգիս Դադոյանի հարցերին պատասխանելիս՝ հուզվեց գործով մյուս մեղադրյալը՝ 75-ամյա Կիմա Հայրապետյանը.

«Միայնակ եմ, տունս քանդվել է, օդի մեջ եմ մնացել: Ամուսնացած չեմ, անժառանգ եմ: Ոչ մի բանով չեմ զբաղվում, թոշակառու եմ: Գազ չունեմ, լույս չունեմ: Ահավոր վիճակ է վիճակս: Դեղերով եմ ապրում, բարձր ճնշում ունեմ, գլուխս է խնդիր, ուղիղ գնալու փոխարեն ձախով եմ գնում»:

Դատարանը քննարկեց նաեւ տարեց կանանց խափանման միջոցի հարցը:

Հանրային մեղադրողը պնդեց, որ տատիկների նկատմամբ պետք է շարունակվի վարչական հսկողությունը, որովհետեւ հսկողության հիմքերը չեն վերացել: Իսկ հիմքերը մնում են նույնը՝ գործով անցնող անձանց հետ շփումը բացառելն է:

Կիրառված վարչական հսկողություն խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրին պաշտպանները՝ Արսեն Բաբայանն ու Ռուբեն Մելիքյանը:

Խալաթյանի պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդեց վերացնել խափանման միջոցը՝ չհամաձայնելով մեղադրողի հետ, թե հսկողության հիմքերը պահպանվել են. «Առավել եւս, որ նախաքննությունն ավարտվել է, կան ցուցմունքներ: Վարչական վերահսկողություն խափանման միջոցն էլ կիսատնային կալանքի է վերածվել: Երեկոյան 20: 00-08:00-ն պաշտպանյալս պետք է լինի տանը՝ համապատասխան հսկող սարքերով:

Այս դեպքում բացակայելու արգելք խափանման միջոցը լրիվ բավարար է: Վարչական վերահսկողություն խափանման միջոցի անհրաժեշտությունը չկա՝ հաշվի առնելով, որ պաշտպանյալիս առողջականի հետ կապված խնդիրներ կան: Դատարանին ներկայացնում ենք քաղվածքներ, որտեղ բժիշկը նշում է՝ ճառագայթային սարքերը վստահորդիս հակացուցված են, ինչը վերաբերում է նաեւ հսկող սարքերին»:

Բաբայանը նաեւ միջնորդեց մինչեւ 300.000 դրամ գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխություն:

Կիմա Հայրապետյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալն ուղղակի հեռախոս չունի, չի կարողանում օգտվել էլեկտրոնային հսկման սարքից, որը ենթադրում է հեռախոսի առկայություն. «Այս պարագայում տեխնիկապես շատ դժվար է իրականացնել օրենքով սահմանված պարտականությունները: Գործ ունենք 75 տարեկան անձի հետ, որը հեռախոսից օգտվելու ձեւերը լավ չի պատկերացնում»:

Մելիքյանը միջնորդեց, որ դատարանը վարչական հսկողության կիրառումը հնարավոր համարի առանց էլեկտրոնային սարքի կիրառման՝ շեշտելով, որ այս ընթացքում չունենք պրոբացիայի ծառայությունից որեւէ փաստաթուղթ, որ էլեկտրոնային սարքի առկայության դեպքում պահանջ է խախտվել:

Փաստաբանն ընդգծեց, որ Կիմա Հայրապետյանը շատ վատ սոցիալական պայմաններում է բնակվում, եւ գործով անցնող այլ անձանց վրա ազդեցության տեսանկյունից դժվար է պատկերացնել՝ ինչ ազդեցություն կարող է ունենալ:

Մելիքյանի խոսքից հետո տիկին Կիման կրկին հուզվեց, երբ խնդրանքով դիմեց դատավորին, որ էլեկտրոնային սարքը հանեն «Բիլազուկս հանեք, կյանքիդ մեռնեմ, ինձ շատ կխեղդե»:

Մեղադրող դատախազն էլ կարծիք հայտնեց, որ առանց էլեկտրոնային սարքի՝ պրոբացիայի ծառայության համար անհնար կլինի իրականացնել վարչական վերահսկողություն:

Դատարանը՝ լսելով կողմերին, որոշեց անփոփոխ թողնել տարեց կանանց խափանման միջոցը, սակայն որոշ սահմանափակումներում փոփոխություն արեց: Տիկին Խալաթյանի մասով որոշեց՝ նա շաբաթը մեկ անգամ պետք է գրանցվի պրոբացիայի ծառայության տարածքային բաժնում ու չշփվի այս գործով վկաների ու մյուս մեղադրյալի հետ: Իսկ վարչական հսկողությունն առանց էլեկտրոնային սարքի կրման դատարանը համարեց հնարավոր՝ որոշելով վերացնել սարքի կիրառումը:

Տիկին Կիմայի մասով դատարանը որոշեց նույնպես անփոփոխ թողնել խափանման միջոցը, սակայն կրկին սահմանափակումներում փոփոխություն կատարեց: Դատարանը սահմանեց, որ վերջինս շաբաթը մեկ պետք է գրանցվի պրոբացիայի տարածքային բաժնում ու չշփվի այս գործով մեղադրյալի ու վկաների հետ:

Հիշեցնենք, որ 71 ամյա Անահիտ Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել, որ վերջինս հանդիսանալով Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու, ընտրողների հավաքագրումն ապահովելու դիմաց, որպես ընտրակաշառք, 75ամյա Կիմա Հայրապետյանին խոստացել է ընտրություններից հետո նրա բնակարանի ջրագծի կառուցման համար տալ անհրաժեշտ 15.000 դրամ գումար, իսկ վերջինս ընդունել է ընտրակաշառք ստանալու խոստումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30