Ստեփանակերտում իրականացվում է շինությունների քանդում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը՝ նշելով, որ 30 տարուց ավելի հայերի կողմից իրականացվել են զգալի քանակությամբ «կամայական շինարարական աշխատանքներ»:
Նա պնդել է, որ այդ շինարարությունը զգալի վնաս է հասցրել քաղաքների և շրջանների ճարտարապետական ոճին. «Այս շինությունների մեծ մասը, որոնք չեն համապատասխանում ադրբեջանական ճարտարապետական ոճին, կառուցվել են ծայրահեղ անորակ՝ խախտելով շինարարական կանոնները և նորմերը: Այդ պատճառով այս շինությունները քանդվում են»:
Է. Յուսուբովը հայտնել է, որ ներկայումս Ստեփանակերտ քաղաքում ստեղծվում է Ղարաբաղյան համալսարանի մեծ կամպուս:
«Դրա հետ կապված՝ համալսարանի շուրջ նույնպես իրականացվում են լայնամասշտաբ քանդման աշխատանքներ: Միաժամանակ պահպանվում են շինարարական նորմերին համապատասխանող շինությունները», – ավելացրել է նա: