Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենացավալին, որ արձանագրեցինք սահմանամերձ Խոզնավար, Վաղատուր, Խնածախ և Քարաշեն գյուղերի բնակիչների հետ զրույցներում, հեռանկարի բացակայությունն է. Գառնիկ Դանիելյան

Հունիս 03,2025 14:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Գործընկերներ Գեղամ Մանուկյանի և Վահե Սարգսյանի հետ այցելեցինք Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար, Վաղատուր, Խնածախ և Քարաշեն գյուղեր։

Բերձորի հանձնումից հետո այս գյուղերը հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Երեք կողմերից շրջափակման մեջ հայտնված գյուղերը պարբերաբար ենթարկվում են հրետակոծության։

2020-ի պատերազմից հետո Խոզնավարի, Վաղատուրի և Խնածախի արոտավայրերի, խոտհարքների զգալի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողությանը։ Կրճատվել են անասնապահությունն ու մեղվապահությունը․ գյուղացիները զրկվել են ապրուստի հիմնական միջոցից։ Անասնապահությամբ զբաղվող գյուղացիները մտահոգություն հայտնեցին, որ կաթի գնի շարունակական նվազման պայմաններում մթերվող կաթից 5 տոկոս հարկելու որոշման ընդունման մասին խոսակցություններ են շրջանառվում։ Եթե այս խոսակցությունները իրականություն դառնան, ըստ գյուղացիների՝ իրենցից շատերը կդադարեն զբաղվել անասնապահությամբ։

Գյուղերի, և ընդհանրապես, Գորիսի միջհամայնքային ճանապարհների վիճակն անմխիթար է․ միայն վերջերս են ձեռնարկվել ճանապարհաշինական աշխատանքներ։

Ահագնալի տեմպերի է հասել արտագաղթը, երիտասարդությունն այլևս իր ապագան չի տեսնում նշված բնակավայրերում։ Այս ցավալի իրողությունը պայմանավորված է գյուղերում աշխատանքի բացակայությամբ և անվտանգության խնդիրներով։

Ծայրահեղ ծանր պայմաններում գոյատևող սահմանամերձ գյուղերի խանութների և մանր առևտրով զբաղվող գյուղացիների համար ստեղծվել են անբարենպաստ պայմաններ։ Հարկային բեռի ավելացման հետևանքով վերջիններս կանգնել են փակման վտանգի առաջ։

Չնայած սոցիալական անբարենպաստ պայմաններին՝ տեղադրել են ջրաչափեր և գյուղացիներին արգելել օգտվել սարերից հոսող բնական աղբյուրների ջրերից, ինչը, նախկինում, որևէ կերպ չէր խոչընդոտվում։ Տեղեկացա նաև, որ անտառից լոբու թուփի համար փայտե ձող (լոբու սարի) հավաքելու համար գյուղացիները տուգանվում են էկոպարեկների կողմից։

Եվ ամենացավալին, որ արձանագրեցինք բնակիչների հետ զրույցներում, հեռանկարի բացակայությունն է։ Մինչդեռ, թշնամու նշանառության տակ հայտնված գյուղն ու սահմանապահ գյուղացին իրենց թիկունքում պետք է զգային պետության և իշխանությունների ամենօրյա ուշադրությունն ու հոգածությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30