Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական դավաճանություն եւ լրտեսություն»․ ի՞նչ նյութեր են Ազգային արխիվից տրամադրվել Ադրբեջանին

Հունիս 03,2025 15:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քննչական կոմիտեն մանրամասներ չի հայտնում, թե Հայաստանի Ազգային արխիվից ի՞նչ նյութեր են տրամադրվել Ադրբեջանին, միայն տեղեկացնում են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության եւ լրտեսության հոդվածներով։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր եղել, որ ԱԱԾ-ն Ազգային արխիվի ղեկավար խումբ է ձերբակալել՝ թշնամուն նյութեր տրամադրելու համար: Քննչական կոմիտեից, սակայն, «Առավոտի» հարցմանն ի պատասխան ասացին, որ Ազգային արխիվի որեւէ աշխատակից այս վարույթի շրջանակներում չի ձերբակալվել եւ չի կալանավորվել։

«Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաեւ օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար այլ տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ, համապատասխանաբար, ՀՀ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը) եւ Քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսությունը)»,- «Առավոտին» տեղեկացրին Քննչական կոմիտեից։

Ազգային Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը (լուսանկարում) մեզ հետ զրույցում ասաց, որ այս գործով մեղադրյալն իր նախկին տեղակալն է։ Սակայն հրաժարվեց գործի մասին այլ տեղեկություններ հայտնել՝ ասելով, որ չի տիրապետում մանրամասներին։ «Մեղադրյալի փաստաբանն ինձ խնդրել է, որ այլեւս հարցազրույց չտամ։ Իրենք բոլորը իմ գործընկերներն են, 20, 30, 40 տարի աշխատել ենք միասին, եւ փաստաբանն ինձ խնդրել է, ես էլ խոստացել եմ ոչ մի խոսք չասել»,- նշեց Վիրաբյանը։

Ամատունի Վիրաբյանը հավելեց, որ վերոնշյալ գործով ենթադրյալ արարքն իր պաշտոնավարման օրոք տեղի չի ունեցել․ «Ես վերջին հինգ տարիներին չկամ, սա նոր բան է, որից ես գաղափար չունեմ»։

Հարցին, թե իր պաշտոնավարման օրոք Ազգային արխիվից որեւէ տեղեկություն փոխանցվե՞լ է Ադրբեջան, Ամատունի Վիրաբյանը պատասխանեց․ «Իմ պաշտոնավարման օրոք, ԱՊՀ շրջանակներում գործող օրենքի համաձայն, ԱՊՀ երկրներում ապրող ադրբեջանցիների վերաբերյալ տեղեկություններ պաշտոնապես ուղարկել ենք, որն այս դեպքի հետ ոչ մի կապ չունի։ Բայց մենք Ադրբեջան տեղեկություն չենք ուղարկել, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ այլ երկրներ ենք ուղարկել, Ադրբեջանի հետ մենք ոչ մի կապ չենք ունեցել»։

Այս գործով մեղադրյալի փաստաբան Տիգրան Գրիգորյանը հարցերի չի պատասխանում։ Գրիգորյանի գրասենյակից հայտնեցին, որ նախաքննական գաղտնիք կա, փաստաբանը չի ցանկանում որեւէ լրատվամիջոցի հարցազրույց տալ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30