Շվեյցարիայի Բեռն քաղաքում մայիսի 27-28 անցկացված «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովի հայտարարությունը
Նախաբան․ Պատասխանատվության և արձագանքի շրջանակ
Կարդացեք նաև
Եսայի 58:12 — « Քո ազգակիցները պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող»:
Գաղատացիներ 6:2 — « Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։»
Հայկական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանն ուղղված այս միջազգային համաժողովը հրավիրվել է ի պատասխան 2023 թվականին տեղի ունեցած հայ ժողովրդի բռնի տեղահանման և նրանց սուրբ ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ կրոնական համայնքների, գիտական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հնչեցրած հրատապ կոչերին։
Մարդկային արժանապատվության, կրոնի ազատության և մշակութային իրավունքների սկզբունքների վրա հիմնված համաժողովը ձևավորվում է միջազգային գործող իրավական հենքերի վրա՝ այդ թվում՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան Զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ և ՅՈւՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիաները։ Համաժողովն արձագանք է Հայ Առաքելական Եկեղեցու կոչին և կազմակերպվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից, որոնք ճանաչում են մշակութային ժառանգության, ինքնության և արդարության անքակտելի կապը։
Բեռնում կայացած այս հանդիպումն արտահայտում է ճշմարտության վկայության, հիշողության պահպանման և միջազգային համակարգված գործողությունների միջոցով մարդկության ընդհանուր ժառանգությունը պաշտպանելու հավաքական հանձնառությունը։
1.Ողբերգական կորստի ճանաչում և վկայություն տալու պարտականություն
Խորը ցավով ենք արձանագրում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից և շրջափակումից հետո Արցախի/ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանումը: Մենք վկայում ենք տրածաշրջանում հայ քրիստոնեական բազմադարյա ներկայության ջնջման, եկեղեցիների, գերեզմանոցների, հուշարձանների և այլ սրբավայրերի ու մշակութային վայրերի զանգվածային ոչնչացման մասին, ինչպես փաստագրել են անկախ կազմակերպություններ՝ Caucasus Heritage Watch, Save Armenian Monuments, Monument Watch և այլ մշակութային կառույցներ։
2.Բարոյական և Իրավական Պարտավորությունների Վերահաստատում
Միջազգային իրավունքի փորձագետների և մասնագետների դիտարկումները հաշվի առնելով՝ մենք վերահաստատում ենք, որ մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ցեղասպան մտադրության նշան:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ապահովել հաշվետվողականություն և պաշտպանել մշակութային ու կրոնական ժառանգությունը՝ իրենց մանդատների համաձայն։
Մենք նաև հաստատում ենք բռնի տեղահանված ժողովուրդների՝ իրենց նախնյաց երկիր անվտանգ, արժանապատիվ և խտրականությունից զերծ պայմաններում վերադառնալու իրավունքը։
3.Հոգևոր և Միջկրոնական Պարտավորության Ընդգծում
Որպես եկեղեցիներ և կրոնական համայնքներ՝ մենք հավատում ենք, որ ժառանգության պաշտպանությունը միայն հուշարձանների պաշտպանություն չէ. այն հավատի, ինքնության և հիշողության կենդանի արտահայտություն է: Այս համաժողովում քրիստոնեական, հրեական, մահմեդական և եզդիական ավանդույթների կրոնական առաջնորդները միաձայնել են` շեշտելու, որ կրոնական ժառանգության պահպանությունը մեր ընդհանուր մարդկության արտահայտությունն է և հաշտեցման ուղի։
Մենք կարևորում ենք միջկրոնական համագործակցության դերը՝ տեղահանությունից, պատերազմից և մշակութային զտումից տուժած բոլոր մարդկանց ամոքելու, վստահության վերականգնման և արժանապատվության խթանման գործում:
4.Համակարգված Միջազգային Գործողությունների Կոչ
Մենք հորդորում ենք՝
- ՅՈՒՆԵՍԿՕ–ին՝ անհապաղ նախաձեռնել անկախ մոնիթորինգի առաքելություն՝ գնահատելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական վայրերի պահպանության վիճակը։
- Կառավարություններին և միջազգային կառույցներին, մասնավորապես Շվեյցարիային, որտեղ անցկացվում է այս հանդիպումը, ձեռնարկել դիվանագիտական և իրավական քայլեր ԵԱՀԿ-ի և այլ կոնվենցիաների հիման վրա՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը, աջակցելու բնակչության վերադարձին իրենց երկիր և ակտիվ քայլեր կատարել նպաստելու Բաքվում գտնվող հայ պատանդների ազատմանը։
- Համաշխարհային եկեղեցիներին և էկումենիկ կազմակերպություններին` շարունակել քարոզչական, իրազեկման և համերաշխության գործողությունները` համագործակցելով Հայ Առաքելական Եկեղեցու հետ։
- Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին` առաջնորդելու էկումենիկ ուխտագնացության կազմակերպումը դեպի Արցախի/ԼՂ-ի հայկական սրբավայրեր։
- Ակադեմիական և մշակութային հաստատություններին՝ զարգացնել հայկական ժառանգությանը վերաբերող փաստաթղթերի, արխիվացման և կրթական ծրագրերի նախաձեռնությունները և կանխել հայկական մշակութային արժեքները որպես ալբանական կամ նախաադրբեջանական ներկայացնելու միջոցով պատմական փաստերի աղավաղումը:
- Լրատվամիջոցներին` աչք չփակել Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կրած անարդարության վրա և զբաղվել ճգնաժամի նախապատմության խորը լուսամանմամբ:
5.Անցյալից Սովորելով՝ Գործել Ապագայի Համար
Դասեր քաղելով այս համաժողովին բարձրաձայնած մշակութային ոչնչացման և իրավունքների ոտնահարման այլ դեպքերից, այդ թվում` Կիպրոսի, Հունաստանի և Իրաքի օրինակներից, մենք հաստատում ենք հիշողության պահպանման և ինքնության պաշտպանության կարևորությունը՝ քաղաքական համակարգի փոփոխությունների և օկուպացիայի պայմաններում։
Երբ ժառանգությունը պաշտպանված է՝ այն կարող է դառնալ հաշտեցման աղբյուր։ Երբ այն ոչնչացվում է՝ խորանում է տրավման և անարդարությունը։
Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր կիսվեցին տեղահանման, քաջության և տոկունության մասին վկայություններով, մասնավորապես Արցախի/ԼՂ-ի հայ համայնքների փրկվածներին և ներկայացուցիչներին։
6.Մեր Ընդհանուր Պարտավորությունները
Մենք պարտավորվում ենք՝
- Շարունակական ջանքեր գործադրել հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության համար,
- Կառուցել միջկրոնական և միջմշակութային դաշինքներ խաղաղության և արդարության համար,
- Աջակցել անցումային արդարադատության մեխանիզմներին՝ ներառյալ ճշմարտության բարձրաձայնումը և հատուցումը,
- Մոբիլիզացնելով մեր հաստատությունները, եկեղեցիները և ցանցերը` պաշտպանելու բոլոր կրոնական և մշակութային ավանդույթների սրբությունը:
Թող այս հայտարարությունը ծառայի որպես մեր ընդհանուր պատասխանատվության վկայություն և որպես համերաշխության, խղճի և հանձնառության կենդանի փաստաթուղթ։ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ ամբողջ մարդկությանը, և այն պաշտպանելը մեր հավաքական պատասխանատվությունն է:
Մենք այս հայտարարությունը հղում ենք բարի կամքի բոլոր դերակատարներին և խոստանում տարածել դրա ուղերձը քաղաքականության, աղոթքի և մարգարեական գործողության միջոցով։
Լուսանկարները՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կայքից, հեղ. Իվարս Կուպցիս