Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչի հետ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվության կարեւորությունը: Նշվել է, որ առաջիկայում Օսակայում «Էքսպո 2025-ի» շրջանակում Հայաստանի տաղավարում տեղի կունենա ազգային օրվան նվիրված միջոցառում: Հակոբ Արշակյանը է հույս է հայտնել, որ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահը կմասնակցի այդ միջոցառմանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ նախատեսվում է Հայաստանի պատվիրակության այց Ճապոնիա, որի ընթացքում բարեկամական խմբերի ղեկավարները հանդիպման հնարավորություն կունենան: Տեղի է ունեցել նաեւ քննարկում Ճապոնիայի խորհրդարանականների՝ Հայաստան այցի հնարավորության վերաբերյալ:
Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչը կարեւորել է Հայաստանի հետ համագործակցության ընթացիկ մակարդակը, ընդգծել Թումո կենտրոնի բացման նշանակությունը: Նա խաղաղության օրակարգի հարցում աջակցության պատրաստակամություն է հայտնել:
Կարդացեք նաև
Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական միջխորհրդարանական համագործակցության օրակարգային հարցերը՝ մասնավորապես կարեւորելով քաղաքական երկխոսության խորացումն ու միջազգային հարթակներում փոխաջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման հեռանկարներին:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: Նա ընդգծել է, որ Հայաստանը լիարժեքորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին, եւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացած բանակցությունները, ըստ էության, ավարտվել են: Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս վերահաստատել է պայմանագիրը ստորագրելու պատրաստակամությունը, սակայն Ադրբեջանի կողմից շարունակաբար ներկայացվող արհեստական նոր նախապայմանները լուրջ խոչընդոտներ են ստեղծում գործընթացի առաջմղման համար:
ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական երկխոսություն է վարում նաեւ Թուրքիայի հետ՝ առաջադրելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը միտված է տարածաշրջանային համագործակցության խորացմանը, Ասիա-Եվրոպա կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ ժողովուրդների բարեկեցության ու կայուն զարգացման ապահովմանը:
Հակոբ Արշակյանը գերիների եւ պահվող անձանց հարցը ներկայացրել է բացառապես մարդասիրական խնդիր՝ ընդգծելով, որ բոլոր գերիները եւ ապօրինի պահվող անձինք պետք է անհապաղ վերադարձվեն իրենց հայրենիք՝ համաձայն միջազգային իրավունքի եւ մարդասիրական նորմերի:
Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո Հայաստանը հետեւողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:
Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբան վերահաստատել է Ճապոնիայի աջակցությունը խաղաղության հաստատման գործընթացին՝ ընդգծելով միջազգային իրավունքի գերակայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության կարեւորությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ