Լրահոս
Օրվա լրահոսը

Նսեմացնող պնդումներ և սպառնալիքներ, գործողության կոչեր. հայերի դեմ հռետորաբանությունը և դինամիկան ադրբեջանական սոցիալական ցանցերում․ զեկույց

Հունիս 03,2025 17:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ի հետ համագործակցությամբ զեկույց է պատրաստել, որում արվել է որակական վերլուծություն, բացահայտելու՝ 2023թ․ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ինչ պատմություններ են կառուցում Ադրբեջանի իշխանությունները հայերի վերաբերյալ և ինչպես են այդ պատմությունները ազդում  հասարակական ընկալման վրա։

Վերլուծվել են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները և մամուլի հաղորդագրությունները՝ հրապարակված պետական հարթակներում, ինչպես օրինակ նախագահական, ԱԳՆ և ՊՆ պաշտոնական կայքերում։ Հայտարարությունները հիմնականում բաժանվել են երկու խմբի՝ վերաբերմունք և բնութագրեր արտահայտող հայտարարություններ, որոնք ներառում են հայերին վերագրվող նսեմացնող պնդումներ և սպառնալիքներ, երկրորդը՝ գործողության կոչեր, որոնք ուղղված են ուժ կիրառելուն, տարածքային պահանջներ ներկայացնելուն կամ Հայաստանի դեմ դաշնակիցների աջակցությունը հայցելուն։

Զեկույցում ուսումնասիրվել է նաև այն լսարանը, որի համար նախատեսված են պաշտոնական հայտարարությունները։ Նպատակային լսարանի ուսումնասիրությունը թույլ է տալիս որոշել նման հայտարարությունների ազդեցության ծավալը և թե ինչ ազդեցություն դրանք կարող են ունենալ լայն հանրության վրա՝ ատելության խորացման և/կամ հայերի նկատմամբ որոշակի ընկալում ձևավորելու հարցում։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթների լսարանը դասակարգվել երկու խմբի՝ տեղական բնակչություն․ նրանց համար մշակված հայտարարությունները նպատակ ունեն ավելի խորացնելու հայատյաց տրամադրությունները տեղական բնակչության շրջանում։ Երկրորդը՝ միջազգային հարթակներում արված հայտարարություններն են, որոնք ուղղված են Ադրբեջանի գործողությունները արդարացնելուն և պատասխանատվությունն ու մեղքը հայկական կողմի ուսերին գցելուն։

Զեկույցում ուսումնասիրվել են նաև ադրբեջանական Telegram-ի ալիքները, որոնք հիմնականում կապված են քաղաքական և ռազմական թեմաների հետ՝ հայերի նկատմամբ ատելության խոսքը և հայերի դեմ բռնի կազմակերպված ակցիաները բացահայտելու նպատակով։ Telegram-ը Ադրբեջանում ամենատարածված առցանց հաղորդակցման հավելվածն է։ Հարթակի ոչ խիստ հսկողության տակ լինելը թույլ է տալիս տարածել ատելության խոսք, անմարդկային, նսեմացնող լեզու և բռնություն հրահրող բովանդակություն, ներառյալ լուսանկարներ և տեսանյութեր։ 2020թ․ Արցախյան պատերազմի ժամանակ Telegram-ը լայնորեն օգտագործվել է ռազմական գործողությունների ողջ ընթացքում, իսկ դրանից հետո ալիքը վերածվել է նորությունների (իրական և կեղծ), բռնության կոչ անող բովանդակության և այլնի տարածման հիմնական հարթակի։

Զեկույցի հեղինակները եկել են այն եզրակացությանը, որ հետազոտության համար ընտրված ժամանակահատվածում Telegram-ում օգտագործվել է զգալիորեն ավելի ագրեսիվ հակահայկական հռետորաբանություն՝ համեմատած Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական հայտարարություններով և ելույթներով։  Հակահայկական հռետորաբանության 51%-ը կազմում են վերաբերմունքն ու բնութագրերը, 49-%-ը՝ սպառնալիքներն ու գործողությունների կոչերը։ Վերաբերմունքն ու բնութագրերը ներառում են անմարդկային արտահայտություններ, ինչպիսիք են «առնետներ» կամ «էշ» ածականները, որոնք ուղղված են հատկապես տղամարդկանց, իսկ սեռական բռնության կոչերը ուղղված են երեխաներին և երիտասարդ կանանց։ Telegram-ում ամենատարածված գրառումները բոլոր հայերի անխտիր սպանության և ցեղասպանության կոչերն են։

Զեկույցի մեջ տեղ են գտել նաև Telegram-յան ալիքներից դուրս բերված հայերին ծաղրող լուսանկերներ՝ կից գրություններով, որտեղ օգտագործված են նման եզրույթներ․ «հայ անառակի որդի», «սատկած առնետներից մեկը»։ Լուսանկարներից մեկ, որտեղ հայ կանայք հերթ են կանգնած Հակարիի միջանցքում, մակագրված է՝ «հայ կանանց հերթ՝ ազերի խելագարների համար», լուսանկարի մեկնաբանությունների բաժնում պատկերն ավելի սարսափելի է․ «հայ էթնիկ պոռնիկները (բոլոր ճաշակների համար) լքում են Ղարաբաղը», «հայերը (հայ կանայք) ամենակեղտոտ ՁԻԱՀ-ի պոռնիկներն են։ Հազար անգամ ավելի վատ, քան Նատաշաները (ռուս կանայք)»։

«Telegram ալիքների ուսումնասիրությունը բացահայտում է ավելի ագրեսիվ և բազմազան հակահայկական հռետորաբանություն։ Մինչդեռ վերաբերմունքն ու բնութագրերը մնում են էական բաղադրիչ։ Բացահայտ սպառնալիքների, բռնության կոչերի և նույնիսկ ցեղասպանական լեզվի տարածվածությունը մտահոգիչ է։ Պաշտոնական հայտարարությունների և սոցիալական ցանցերի բովանդակության միջև կապն ակնհայտ է, քանի որ Telegram ալիքները ուժեղացնում և սրում են հակահայկական հռետորաբանությունը», -ասված է զեկույցում։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30