Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումից հետո՝ վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 զորավարժություններ. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 03,2025 17:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումից հետո՝ վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 անհատական ու համատեղ զորավարժություններ։

Նախորդիվ անդրադարձել եմ այս տարվա հունվար և փետրվար ամիսներին Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի ունեցած անհատական ու համատեղ զորավարժությունների թեմային։ Համեմատության համար նշեմ, որ Ադրբեջանի մասնակցությամբ հունվար և փետրվար ամիսներին տեղի էին ունեցել 2 համատեղ և 5 անհատական զորավարժություն։

Ստորև ցանկանում եմ ներկայացնել մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղի ունեցած համատեղ ու անհատական զորավարժությունների և վարժանքների շարքը։

Վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ բնույթի 6 (միջազգային) ռազմական վարժանք ու զորավարժություն։

Դրանք են՝

  • «Anatolian Phoenix – 2025» զորավարժություն (մայիսի 9–23)՝ անցկացված Թուրքիայում

Ադրբեջանը մասնակցել է օդաչուներով, դեսանտային և փրկարար ստորաբաժանումներով, տեխնիկական անձնակազմով և ինքնաթիռներով։

  • Սերբիայի Զինված ուժերի հետ համատեղ վարժանք (մայիսի 20)

Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության շրջանակում։ Թեմա՝ մարտական գործողությունների վարման վարժանքներ, անօդաչու թռչող սարքերի կիրառություն։

  • «Արազ-2025» համատեղ զորավարժություն (մայիսի 20–21)՝ Իրանի և Ադրբեջանի զինվորականների մասնակցությամբ։ Նպատակ՝ փոխգործակցության զարգացում և փորձի փոխանակում։
  • Թուրք և ադրբեջանցի նավաստիների համատեղ պրակտիկ պարապմունքներ (մայիսի 2): Ընթացել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի ներգրավմամբ։ Նպատակ՝ ծովային ոլորտում փորձի փոխանակում և պատրաստվածության բարձրացում։
  • «KURTARAN-2025» զորավարժություն (ապրիլի 24–30):Միջազգային զորավարժություն՝ անցկացված Թուրքիայի Մարմարիս քաղաքում։ Ադրբեջանը մասնակցել է ռազմածովային, ցամաքային, օդային և ափապահպան ստորաբաժանումներով։
  • «Tarlan-2025» ԱԹՍ համատեղ վարժանքի պլանավորման խորհրդաժողով (ապրիլի 30): Միասնական պլանավորում Ղազախստանի զինված ուժերի հետ։ Բուն վարժանքը դեռ չի կայացել, բայց համարվում է համատեղ զորավարժության նախապատրաստական փուլ։

Անհատական (ներքին) ռազմական զորավարժությունների ու վարժանքների թիվը վերոնշյալ շրջանում հասնում է 14-ի։ Սրանք ներառում են միայն Ադրբեջանի զինված ուժերի կողմից անցկացված զորավարժություններ՝ ներառյալ մարտավարական վարժանքներ, պահեստազորայինների պատրաստվածություն և հրաձգություն։

  • Կրակային մարտավարական վարժանք՝ հրթիռային ու հրետանային զորքերի հետ (մայիսի 29)
  • Պահեստազորայինների պրակտիկ պարապմունքներ (ծովային ուժերում) (մայիսի 16)
  • Ծովային հետևակի կրակային մարտավարական վարժանք (մայիսի 5)
  • Համատեղ բանակի շտաբային վարժանք (մայիսի 1)
  • Հրետանային կրակային վարժանքներ (ցամաքային ուժեր) (ապրիլի 29)
  • Պահեստազորայինների վարժանքներ (ապրիլի 29)
  • Ուսումնական թռիչքներ՝ «Super Mushshak» ինքնաթիռներով (ապրիլի 28)
  • Պաշտպանության հատուկ ստորաբաժանումներում պահեստազորայինների դաշտային պարապմունքներ (ապրիլի 28)
  • Բանակային կրակային մարտավարական վարժանք (ապրիլի 8)
  • Հրթիռային ու հրետանային զորքերի մարտական պատրաստվածություն (ապրիլի 12)
  • Պահեստազորայինների հերթական ուսումնական հավաքի մեկնարկ (ապրիլի 9)
  • Պահեստազորայինների ուսումնական հավաք (մարտի 19-ապրիլի 15)
  • Պահեստազորայինների դաշտային պարապմունքներ (մարտի 18)
  • Պահեստազորայինների հերթական ուսումնական հավաքի մեկնարկ (մարտի 6)

Սա հրապարակային, բաց աղբյուրներով եղած պատկերն է, վստահ եմ՝ հետախուզական ու փակ աղբյուրների տիրապետող գերատեսչությունները կունենան վարժանքների մասին հավելյալ տեղեկատվություն։ Սակայն անգամ բաց ու հրապարակային աղբյուրներով ակնհայտ է՝ Ադրբեջանը խաղաղության որևէ իրական միտում չունի, անգամ ՀՀ իշխանությունների կողմից միակողմանի զիջումներով ձևավորված «խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումից հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30