Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը». Region Monitor

Հունիս 03,2025 19:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրերս Թուրքիա-Ադրբեջան մեդիաներկայացուցիչների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը բացահայտ նեղսրտել է թուրքական որոշ ԶԼՄ-ներում պարբերաբար հրապարակվող այն նյութերից, որոնցում խոսվում է Ադրբեջան-Իսրայել համագործակցության, Գազայում տեղի ունեցող ցեղասպանության մեջ ադրբեջանական «ներդրման» մասին։ «Դա մեր սրտին է դիպչում»,-ասել է նա։

Հաջիևը խոսել է ԼՂ խնդրի հետ կապված Իսրայելի կողմից ստացված ռազմական, դիվանագիտական աջակցության մասին, այնուհետև արձագանքել է այն մեղադրանքներին, որ Ադրբեջանը նավթ է վաճառում Իսրայելին՝ ասելով, որ այդ մեղադրանքներ հնչեցնողներն անգամ տեղյակ չեն՝ ինչպես է աշխատում նավթի շուկան։ Միաժամանակ նա արդարացել է, թե այն, ինչ կատարվում է այժմ Պաղեստինում, կախված չէ Ադրբեջանի կամքից։

Հաջիևի մասնակցությամբ այս մեդիա-հանդիպման անցկացման օրերին և դրանից առաջ Գազայում տեղի ունեցող իրադարձություններից մտահոգ քաղաքացիները շարունակել են բողոքի ակցիաներ իրականացնել Թուրքիայում։

Թուրքական որոշ ԶԼՄ-ներից և սոցցանցային հրապարակումներից հայտնի է դարձել, որ մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։ Բողոքի մասնակիցները մեղադրել են SOCAR-ին, ապա նաև՝ Թուրքիայի կառավարությանն Իսրայելին նավթ մատակարարելու համար։

«Ցեղասպաններին սնող, Պաղեստինի հողերը թալանելու հաշիվներ անող SOCAR-ը մեղավոր է։ Կոլաբորացիոնիստ է։ Բռնարարի կողքին է։ Չենք լռելու, չենք մոռանալու»,-հայտարարվել է ակցիան համակարգող սոցցանցային հարթակներից մեկում։

Օրեր առաջ՝ մայիսի 24-ին, բողոքի գործողություն է տեղի ունեցել Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև։ Ակցիան իրականացնելու կոչով է հանդես եկել 1999 թ․-ից գործող քաղաքական-հասարակական իսլամական շարժումներից «Ազատ մտքի և կրթության իրավունքների ասոցիացիան» (Özgür-Der)։ Ակցիայի մասնակիցները բռնել են պաստառներ՝ «Դավաճան Ալիևի հետ չի կարող եղբայրություն լինել», «Գրողի ծոցը թող գնա սիոնիստական ռեժիմի հետ բարեկամությունը» և այլ գրություններով։

«Գազայում մեր 50 հազարից ավելի եղբայրներն են սպանվել։ Կոլաբորացիոնիստ Ալիևը որևէ բառ չի ասել այս վայրագության մասին, իսկ ողջ աշխարհը տեսել է լուսանկարները, որոնցում ադրբեջանցի պաշտոնյաները և մարդասպան ռեժիմը բաժակ են խփում։ Սա ամոթ է։ Տալու եք դրա պատասխանը»,-հայտարարել է ակցիայի մասնակիցներից Յասիր Բայրամը։

Özgür-Der-ի նախագահ Ռդվան Քայան էլ նշել է, որ «20 ամիս է ամբողջ աշխարհը խոսում է սիոնիստական ռեժիմին շրջափակելու մասին, Իսրայելի հետ հարաբերություններին վերջ տալու մասին, իսկ Ալիևի դիկտատուրան նավթ է ուղարկում Իսրայելին»։ Նա ասել է, որ «Ադրբեջանի վարչակարգը և Ալիևի դիկտատուրան երբեք չի կարող լինել մուսուլմանական ումմայի մի մասը, և չի կարող լինել մուսուլմանների եղբայր»։

Քայան, ինչպես նախորդ նշված ակցիայի մասնակիցները, խոսել են Իսրայելին նավթի մատակարարման գործում նաև Թուրքիայի մասնակցության մասին։ «Թուրքիան նախորդ տարի մի պայմանագիր էր կնքել, որ Իսրայելին SOCAR-ի միջոցով նավթ չուղարկվի, սակայն մենք գիտենք, որ մատակարարումը դեռևս ինչ-որ կերպ արվում է օկուպանտ ռեժիմին»,-ասել է նա՝ բողոքելով նաև իրենց իշխանություններից։

Սոցցանցերի թուրքական տիրույթում այս օրերին այս համատեքստում հաճախ է նկատվում «Ադրբեջանը վաճառում է, Թուրքիան՝ տեղափոխում, Իսրայելը՝ այրում» գրառումը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30