Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցրեցին՝ ո՞ւմ ես ընտրել, ասի՝ Մարտուն Գրիգորյանին, ասին՝ դե գնա, թող նա էլ տա նպաստդ»․ Գյումրիի 72-ամյա բնակչուհի

Հունիս 03,2025 19:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրիի 72-ամյա բնակչուհի Արմենուհի Համբարյանը, օրերս այցելելով պոլիկլինիկա, պարզել է, որ իրեն այլևս չեն կարող անվճար հատկացնել դեղորայքը, քանի որ իր բառերով ասած՝ կտրել են իր աղքատության նպաստը։ Նա բողոք էր ներկայացրել Aravot.am-ին՝ վրդովվելով, որ միասնական սոցիալական ծառայությունում իրեն նորմալ չեն պատասխանել, թե ինչու են զրկել նպաստից, այստեղ կոպտել են ու հետաքրքրվել, թե ում է իր ձայնը տվել ՏԻՄ ընտրություններում։

«Մի ամիս է, չեմ ստացել 20 հազար դրամ նպաստը, երկուսով պակասեցրել են միավորներս, իսկ սա նշանակում է անվճար դեղորայքից չեմ կարող օգտվել, նաև արտոնություն չի լինելու գազի լույսի, ջրի վարձավճարներում։ Միայնակ եմ ապրում, ինձ որոշակիորեն զեղչվում էր։ Հարազատներ չունեմ Գյումրիում, որդիս իր ընտանիքի հետ դրսում է, իսկ թոռնիկս, որը ծանրամարտի Հայաստանի չեմպիոն էր, տարիներ առաջ դարձավ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի զոհերից մեկը։

Ոչ մի անգամ չեն եկել ստուգման, չեն զանգել ու չեն նախազգուշացրել, որ նպաստս կտրելու են։ Գնացի պարզաբանման, պետը շատ վատ ընդունեց, հարցրեց՝ ո՞ւմ ես ընտրել, ասի՝ Մարտուն Գրիգորյանին, ասեց՝ դե գնա, դիմում գրի, քեզ սոցծառայությունը չի կարող նպաստ տալ, թող Մարտուն Գրիգորյանը տա։ Դա ի՞նչ արտահայտություն է, ես ում ուզեմ, կընտրեմ։

Ինձ վատ են ընդունել, նստած տեղերից չեն շարժվում, ժամերով սպասում ես, որ քեզ պատասխանեն։

Իմ թոշակը 44 հազար 800 դրամ է, դրանով ո՞նց պիտի ապրեմ, ո՛չ դեղորայքի է բավարարում, ո՛ չ կոմունալ ծախսերի, իսկ ես բազմաթիվ հիվանդություններ ունեմ․ սիրտս է վատ, ճնշումս բարձր է, ուղեղի թաղանթի բորբոքում ունեմ, ոտքերս են ուռում, չեմ կարող քայլել, բժշկի հսկողության տակ եմ։

Որդիս էլ ՌԴ-ում է, ինքն էլ է հիվանդ, ի՞նչ պահանջ ներկայացնես։ Բայց ինձ ասում են՝ Սոչին ամենաթանկ քաղաքն է, տղադ որ Սոչիում է ապրում, բարի լինի, քեզ նայի, բայց ես տարիներ շարունակ աշխատել եմ իմ հայրենիքի համար, ինչո՞ւ են ինձ ուղղորդում, ես իմ հասանելիքն եմ ուզում։ Շատ վիրավորված եմ իրենց վերաբերմունքից, այդպես չի կարելի»,- նեղվեց Արմենուհի Համբարյանը։

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնից, այստեղից մեզ ուղղորդեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն կտրականապես հերքեցին Արմենուհի Համբարյանի այն պնդումները, թե իրենք հետաքրքրվել են՝ ում է ընտրել ու խորհուրդ են տվել նպաստը Մարտուն Գրիգորյանից ուզել։ Ասացին՝ նման խոսակցություն չի եղել, չէր էլ կարող լինել, քանի որ իրենք իրենց մասնագիտական պարտականություններն են կատարում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն մամլո խոսնակ Զարուհի Մանուչարյանն էլ պարզաբանեց հետևյալը․ «Քաղաքացու ընտանիքը Գյումրու Տարածքային կենտրոնի շահառու ընտանիքներից է։ Ընտանիքի փաստագրման ամիսը եղել է 2025 թվականի ապրիլը, անապահովության գնահատման գործընթացը՝ ըստ սահմանված կարգի իրականացվել է ՝ կիրառելով նաև ընտանիքի այդ պահի դրությամբ առկա ստացվող ամսական եկամուտները, այդ թվում կենսաթոշակը, արդյունքում անապահովության միավորը ցածր է եղել սահմանված շեմից։

Հարկ է նկատի ունենալ, որ միավորը ծրագրում ձևավորվում է ինքնաշխատ եղանակով, այսինքն՝ որևէ կերպ աշխատակիցները չեն կարող ազդեցություն ունենալ գործընթացի վրա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30