Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորը շփոթել է կաթոլիկ և ուղղափառ հոգևորականներին, լուսանկարվել սխալ մարդու հետ. «Ազատություն»

Հունիս 03,2025 20:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Հայաստանի վարչապետի կողմից Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու, դրա ղեկավար կազմի նկատմամբ հարձակումների ֆոնին «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) պատգամավոր Հայկ Ցիրունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել օտարերկրացի մի հոգևորականի հետ, վերջինիս ներկայացրել որպես Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Երանելիություն Դանիել։

Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործերում վճռորոշ ձայն պահանջող ՔՊ-ի ներկայացուցիչը, սակայն, պարզվում է՝ ոչ միայն հոգևորականներին է շփոթել, այլև եկեղեցիները՝ բարձրաստիճան կաթոլիկ հոգևորականին ներկայացնելով որպես ուղղափառ։

Ամենապարզ որոնումները ցույց են տալիս, որ Հայկ Ցիրունյանի հետ լուսանկարում պատկերված անձը ոչ թե Դանիել Պատրիարքն է, այլ Բուխարեստի կաթոլիկ արքեպիսկոպոսության արքեպիսկոպոս Աուրել Պերքան։ Վերջինս, սակայն, ոչ թե ուղղափառ, այլ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ է ու եկեղեցական այդ դիրքում նշանակվել է Հռոմի պապի կողմից 2019-ին։

Որ ՔՊ-ական պատգամավորի հետ լուսանկարված եկեղեցականը ոչ թե ուղղափառ, այլ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ է, կարելի է հասկանալ նաև հանդերձանքից և արքեպիսկոպոս Աուրել Պերքայի ցուկետտոյից։ Ռումինիայում բնակչության 73-74 տոկոսը ուղղափառ եկեղեցու հետևորդ է, կաթոլիկները այնտեղ փոքրամասնություն են (5-6 տոկոս), և ստացվում է, որ իշխանական պատգամավորը լուսանկարվել է Ռումինիայում կրոնական փոքրամասնության բարձրաստիճան հոգևորականի հետ։

Արքեպիսկոպոս Աուրել Պերքան, ի դեպ, 2023-ին մասնակցել էր Ռումինիայի Հայոց թեմում կազմակերպված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության թեմայով մի քննարկման, իր ցավն ու կարեկցանքը հայտնել արցախցիներին։

Դանիել Պատրիարքը, որի անունը հիշատակում է Ցիրունյանը, բայց որը բացակա է այդ լուսանկարում, ռումինական ուղղափառ եկեղեցու պատրիարք է ընտրվել 2007-ին։ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հայկ Ցիրունյանն ու Հրաչյա Հակոբյանն այս օրերին Բուխարեստում մասնակցում են ուղղափառության միջխորհրդարանական գլխավոր վեհաժողովի 32-րդ հերթական նիստի աշխատանքներին։ ՔՊ-ականների գործուղումը կշարունակվի ևս 3 օր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30