Լրահոս
Օրվա լրահոսը

Արհավիրքը կատարվել է ոչ թե, երբ Վահանյանը թողել է զորամասն ու փախել, այլ, երբ բարձրացրել է դիրք՝ առանց դիրքավորվելու, առանց ինժեներատեխնիկական աշխատանքներ անելու. տուժող կողմի ներկայացուցիչ

Հունիս 03,2025 22:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմի ընթացքում մարտերն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։ 

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մեղադրական ճառով պահանջել է Վահանյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման:

Տուժող կողմն այսօր հանդես եկավ ճառով՝ պնդելով, որ Իշխան Վահանյանի մեղադրանքը հիմնավորվում է դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով:

Համաձայն ներքին ծանրության կանոնակարգի՝ հրամանատար Վահանյանը պարտավոր էր կազմակերպել,ազդել մարտի վրա, խնդիրներ առաջադրեր ստորաբաժանումներին, կազմակերպեր շրջանաձեւ պաշտպանություն ու շարունակեր պահպանել դիրքերը: Ըստ տուժող կողմի՝ Վահանյանը դիրքերը պաշտպանելու հարցում ցուցաբերել է հանցավոր անգործություն, որն էլ հանգեցրել է ծանր հետեւանքների.

«Տեղյակ է եղել 5-րդ գումարտակի բարոյահոգեբանական վիճակի մասին, մինչեւ այդ զբաղեցնելով նշված գումարտակի շտաբի պետի պաշտոնը՝ քաջատեղյակ է եղել անձնակազմի, սպայական կազմի ոչ լրիվ եւ փորձառու սպաներով համալրված չլինելու ու շարքային կազմի անփորձ լինելու մասին եւ անձնակազմի կողմից ռազմամթերքով ու անհարժեշտ ինժեներատեխնիկական աշխատանքներ կատարելու համար համապատասխան միջոցներ չլինելու պայմաններում գումարտակը տեղափոխել է Խուռհատ սարի դիրքեր… լինելով փորձառու սպա՝ լքել է մարտի դաշտը, թողնելով գումարտակը առանց կենտրոնական հրամանատարության, խզելով գումարտակի եւ ստորաբաժանման հետ կապը՝ իր հետ տանելով կապի միջոցը: Այդ քայլով փլուզել է ոչ միայն գումարտակի պաշտպանությունը, այլեւ բացասական ծանր հետեւանքներ ունեցել հինգերորդ գումարտակի վրա»:

Տուժող կողմի ներկայացուցիչը նկատեց, որ այս ամենի մեջ ավելի կարեւոր հանգամանք կա. «Լինելով փորձառու զինվորական, ինստիտուտ սովորած, 13 օր պատերազմ անցած սպան չէր կարող չհասկանալ, որ պատերազմ է: Պարտավոր էր կատարել իր պարտավորությունները: Չէր բացառվում, որ դիրքերի նորմալ կահավորման, նորմալ դիրքավորման, բարոյահոգեբանական վիճակի բարձրացման դեպքում չլիներ ոչ միայն այս ծանր կորուստը, այլեւ տվյալ ճակատով բոլոր գործողությունների վրա այդպիսի ազդեցություն չունենար… հատկապես այն պարագայում, երբ թշնամին հարձակվել է հրաձգային զինատեսակներով: Բոլորն են այդ մասին ցուցմունք տվել: Իսկ պատերազմի կանոններով՝ պաշտպանվողը միշտ առավելություն ունի հարձակվողի նկատմամբ, երբ նույն զինտեխնիկայով են, աբսուրդային է ուղղակի, քննարկման ենթակա հարց չէ; Հայտնի է դառնում, որ Իշխան Վահանյանը մինիմալ պայմանները, որ պետք է իրականացներ դիրքերը պաշտպանելու ուղղությամբ, չի արել: Արհավիրքը կատարվել է ոչ թե այն ժամանակ, երբ Վահանյանը սկսել է փախչել, թողել է զորամասը, այլ այն ժամանակ, երբ բարձրացրել է դիրք՝ առանց դիրքավորվելու, առանց ինժեներատեխնիկական աշխատանքներ անելու»:

Ըստ տուժող կողմի մեղադրանքը չի սկսվում միայն զինվորների մահով ու գերությամբ, պարզապես այդ հանգամանքները ավելի խստացնում են Վահանյանի արարքը:
Դատական նիստը հետաձգվեց, որ պաշտպանական կողմը պատրաստի իր պաշտպանական ճառը: Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 1-ին, 16:00-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Ըստ քրեական գործի՝ զոհվել է առնվազն 16 զինծառայող, վիրավորվել՝ 6-ը, գերեվարվել՝ 7-ը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30