Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից չեն բացում, բացում են կրկին, կամ Փաշինյանի՝ ԵՊՀ այցելության տեղեկատվական առիթը

Հունիս 03,2025 22:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրերս Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելեց ԵՊՀ: Եվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս ասացին, որ Փաշինյանը մայր բուհ է ժամանանում լաբորատորիայի բացման առիթով, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը բառացիորեն ասաց. «Այսօր բացում ենք օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիա՝ դրա հետ կապված ունենք վարչապետի այց Երեւանի պետական համալսարան»:

Aravot.am-ը Մայր բուհից հետաքրքրվեց՝ մի՞թե գերարագ օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիան 2000 թվականին չի բացվել, որի մասին վաղուց տեղեկատվություն կա զետեղված ԵՊՀ կայքում:

ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը հետեւյալը փոխանցեց. «ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնի ստեղծման աշխատանքները կատարվել են ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակներում։ Կենտրոնի կազմում ներառված են ինչպես նախկինում գործող, այնպես էլ նորաստեղծ լաբորատորիաներ։ Մասնավորապես՝ պրոֆեսոր Լեւոն Մուրադյանի անվան գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիա, Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիա,օպտիկական միկրոհամակարգերի լաբորատորիա, առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիա, օպտոէլեկտրոնիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիա։
ԵՊՀ գերարագ օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիայի անվանումը ոչ մասնագետների մոտ գուցե շփոթմունք է առաջացրել, բայց հարկ է նկատել, որ գերարագ օպտիկան առանձին ուղղություն է եւ նույնական չէ կենտրոնի անվանմանը։ Վերջինս ընդգրկում է ներառված լաբորատորիաների հետազոտական ուղղությունները »:

Նա նշել է, որ գերարագ օպտիկան առանձին ուղղություն է եւ նույնական չէ կենտրոնի անվանմանը, բայց մեր հարցը չէր վերաբերվում գիտական առանձին ուղղությանը, մենք հետաքրքրվել էինք լաբորատորիայով, որի բացման մասին ռեկտորն էր նշել, եւ նկատել էինք, որ այդ անունով լաբորատորիան իսկապես ըստ ԵՊՀ կայքի՝ ստեղծվել է 2000 թվականին պրոֆեսոր Արա Ապկարյանի (ԱՄՆ) աջակցությամբ հիմնադրված Գերարագ օպտիկայի լաբորատորիայի բազայի հիման վրա:

Ի դեպ, տարիներ առաջ էլ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Վանաձորում Գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը, որի հիմնարկեքը արդեն իսկ տեղի էր ունեցել 2017-ին՝ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ: 2022-ի հունիսի 10-ին էլ ֆեյսբուքի իր էջում Փաշինյանը շնորհավորել էր բոլորիս հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկի կապակցությամբ, բայց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի ու Air Arabia-ի համաֆինանսավորմամբ ստեղված այդ ընկերությունը ընդամենը 1,5 տարի է թռիչքներ իրականացրել, այժմ գույքը արգելանքի տակ է, հարուցվել են մի շարք վարույթներ՝ դրամական պահանջներով։ Իսկ ԱՆԻՖ-ի պատմությունն այլ՝ ավելի հնչեղ «օպերայից» է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30