ԵԱՀԿ-ում մարդու իրավունքներին, խտրականության եւ անհանդուրժողականության բացառմանը, ինչպես նաեւ ներառականությանը նվիրված «Հավելյալ մարդկային հարթակի» երրորդ ժողովի ժամանակ, ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը՝ ի տարբերություն հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որեւէ կերպ չի մեղադրել կամ դատապարտել Ադրբեջանին 2023 թվականի ցեղասպանական ագրեսիայի համար։
Սա այն դեպքում, երբ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կրկնում էին ադրբեջանական պետական քարոզչության թեզերը՝ պնդելով, թե հայերին ոչ ոք չի ստիպել լքել Արցախը, Բաքվում պահվող հայերն էլ չեն ձերբակալվել էթնիկ ատելության հողի վրա։ Հնչել են մեզ քաջածանոթ այլ թեզեր։
Օրինակ՝ Ահմադ Շահիդովը մեղադրեց հայաստանյան հասարակական կազմակերպություններին՝ ադրբեջանցիների դեմ ատելության խոսք տարածելու մեջ։ Նա ընդգծեց Բաքվի «խաղաղասիրական» նկրտումները եւ շեշտեց, որ անհրաժեշտ է բացառել «հայկական վրեժխնդրության» ձգտումները։
«Եթե պատերազմ եք ցանկանում, անդամագրվե՛ք հայկական բանակին, բայց թույլ տվեք զգուշացնել․ հաջորդ պատերազմի դեպքում Հայաստանը կարող է ամբողջությամբ կորցնել իր ինքնիշխանությունը, քանի որ ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երեւանում եւ աղոթել՝ նամազ կատարել Կապույտ մզկիթում», – հայտարարել է ադրբեջանցի «իրավապաշտպանը»։
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ նախագահողը հորդորեց Շահիդովին հարգալից արտահայտվել։
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը «բացարձակապես անընդունելի» որակեց Ահմադ Շահիդովի հայտարարությունները։
«Մենք ականատես ենք լինում հայկական ինքնիշխան տարածքի նկատմամբ ուղղված բացահայտ սպառնալիքների», – հայտարարել է Աբրահամյանը՝ կոչ անելով ստեղծել մեխանիզմ նմանատիպ բովանդակություն ունեցող ելույթներն ընդհատելու համար։
«Ադրբեջանական պատվիրակության անդամը ուժի կիրառման ուղղակի սպառնալիք է հնչեցնում ինքնիշխան պետության՝ Հայաստանի հասցեին՝ կրկնելով իրենց ավտորիտար ղեկավարի՝ բռնապետ Ալիեւի հռետորաբանությունը», – ընդգծել է Աբրահամյանը։
Ավելի վաղ, Շահդիովը հանձն էր առել բարձրաձայնել Հնդկաստանի կողմից պակիստանցիների նկատմամբ իրականացված, իր բնութագրմամբ, ապօրինությունների մասին, չնայած որ Հնդկաստան–Պակիստան կոնֆլիկտը ԵԱՀԿ սահմաններում էլ չէ։
Շահիդովը իր հայատյաց եւ ռազմատենչ ակնարկները փորձում էր քողարկել մերթընդմերթ գործադրվող քաղաքակիրթ դիմելաձեւերով։ Մի քանի անգամ դիմելով հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ նա օգտագործել է «Հարգելի՛ ընկերներ» եզրույթը։
Բարեհամբույր տոնով՝ նա կրկնել է Բաքվի քարոզչական պնդումները, թե «չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ադրբեջանի Ղարաբաղի շրջան։ Չկա Ստեփանակերտ, կա Խանքենդի։ Չկա Շուշի, կա Շուշա»։
Շահիդովը հայերին հրավիրեց ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ