Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների նկատմամբ վարույթների հիմնական նախաձեռնողը Արդարադատության նախարարությունն է. զեկույց

Հունիս 03,2025 23:40
datavor

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բարձրագույն դատական խորհրդում շարունակում է խնդրահարույց մնալ Խորհրդի կողմից արարքի որակումը, մեղքի ձևի ու ընտրված պատասխանատվության միջոցի հիմնավորումը, ինչպես նաեւ դատավորի կողմից կատարված խախտման համար կարգապահական տույժի կոնկրետ տեսակի ընտրության հիմնավորվածության և համաչափության հարցը, քանզի որոշումներով ներկայացվող հիմնավորումները անբավարար են կամ դրանք առհասարակ բացակայում են. այս արձանագրում արել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության փորձագետները՝ մշտադիտարկում իրականացնելով Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի հուլիս ամսից մինչև 2024 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում քննված 12 վարույթների  ու կայացված որոշումների մասով:

«Այս առումով, մտահոգիչ շրջանակում  քննարկվում է մեկից ավելի դատավորների 48 կարգապահական պատասխանատվության հարցը, մեղքի անհատական որակման բացակայությունը։ Շարունակում է խնդրահարույց մնալ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների բողոքարկման իրավունքի ապահովման հարցը, քանի որ դեռևս չի ներդրվել կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումների բողոքարկման արդյունավետ մեխանիզմ»,- ասված է հրապարակված զեկույցում:

Դիտարկված 12 վարույթներից գերակշիռ մասը՝ 9-ը, հարուցվել է Արդարադատության նախարարի կողմից, 3-ը՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից։ Քննարկվող ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ չի հարուցվել։ Նախորդող տարիներին հարուցված վարույթների վիճակագրությունն էլ է համանման. ինչպես 2023 թվականի առաջին կիսամյակում, այնպես էլ 2022 թվականին  քննված կարգապահական վարույթների մեծամասնությունը հարուցվել է ՀՀ Արդարադատության նախարարի կողմից։

Արդարադատության նախարարի՝ որպես գործադիր իշխանության մարմնի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունը դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթներին առնչվող առավել կարևոր հարցերից մեկն է։ Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (ԳՐԵԿՈ) 2021 թվականի Հայաստանի վերաբերյալ զեկույցի մեջ անդրադարձ է կատարվել նաև այս հարցին: 2023թ․ ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը քննել է 18 վարույթ, որոնցից 15-ը հարուցված է եղել Արդարադատության նախարարի կողմից (մեկ վարույթը վերաբերել է 4 դատավորների) և 3 վարույթները հարուցված են եղել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից։

2022թ․ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը քննել է 24 կարգապահական վարույթ՝ 23 դատավորների նկատմամբ և 1-ը՝ Խորհրդի անդամի նկատմամբ։ Կարգապահական վարույթներից մեծամասնությունը՝ 18 վարույթ, հարուցված են եղել Արդարադատության նախարարի կողմից, 4-ը՝ Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից և 1-ը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր Խորհրդի հանձնախմբի կողմից։

Այս առումով ԳՐԵԿՈ-ի զեկույցում ասված է․ «…Արդարադատության նախարարի դերը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում չի դադարեցվել, և ներկայիս իրավիճակը անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ»։

Հարցին, անդրադարձել է նաև Վենետիկի հանձնաժողովը՝ արձանագրելով, որ «նախարարին տրված նման լիազորությունը վիճելի չէ, քանի որ վերջինս դերակատարում չունի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերջնական որոշման կայացման հարցում։ Արդարադատության նախարարության նման լիազորությունը հնարավոր կլինի վերացնել այն դեպքում, երբ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովը լիարժեք աշխատում է»:

«Արդարադատության նախարարին նման իրավասություն տալը պայմանավորված է եղել նաև վարույթ հարուցելու մյուս մարմինների գործունեության արդյունավետության և անկախության ապահովման խնդրով։ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կազմի մեծամասնությունը հանդիսանում են դատավորներ։ Մասնավորապես, հանձնաժողովը բաղկացած է 6 դատավոր և 2 ոչ դատավոր անդամներից։ Դատավորների նման մեծամասնության պայմաններում առկա է մտավախություն, որ Հանձնաժողովը կարող է դատավորների շահերի սպասարկում ապահովել և, ըստ այդմ, արդյունավետորեն չիրականացնել իրեն տրված իրավասությունը։ Հետևաբար, Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի գործունեությունը դեռևս չի բավարարում արդյունավետության այն պահանջներին, որոնք բխում են վերջինիս նպատակներից։

Միևնույն ժամանակ, սակայն, արդեն տևական ժամանակ Արդարադատության նախարարի կողմից հարուցվում են բազմաթիվ վարույթներ, որոնց առնչությամբ նույնպես առկա են մտահոգություններ, օրինակ, թե ինչպես է կատարվում հարուցվող վարույթների ընտրությունը և ինչ նպատակ են հետապնդվում կոնկրետ դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելով։ Հարկ է նշել նաև, որ դեռևս 2021 թվականին Արդարադատության նախարարի կողմից հայտարարվեց, որ դատական համակարգը մաքրելու, զտելու միակ գործող իրական մեխանիզմը կարգապահական պատասխանատվության գործիքակազմն է։

Հաջորդ տարիներին դատավորների նկատմամբ Արդարադատության նախարարության կողմից հարուցված կարգապահական պատասխանատվության վարույթների թիվը էականորեն աճեց, ինչը լրջագույն կասկածներ է հարուցում այս գործիքակազմի անաչառ և օբյեկտիվ կիրառման վերաբերյալ։ Խոսելով էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի մասին, պետք է նշել, որ թեև ՀՀ Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությամբ նախատեսված է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ոչ դատավոր անդամների թվի ավելացում, և դրա հիման վրա մշակվել էր օրենսդրական փոփոխության հայեցակարգ, այնուհանդերձ, օրենսդրական փոփոխություններ դեռևս չեն կատարվել, և Հանձնաժողովի կազմը վերանայված չէ, ինչը թույլ կտար ապահովել դատավոր և ոչ դատավոր անդամների բալանսավորված մասնակցություն որոշումների կայացմանը»,- ասված է զեկույցում։

 

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30