Օտարներին պարտվում են, ինչպես նաեւ՝ ապիկար իշխանություն են ունենում այն հասարակությունները, որտեղ ծաղկում է մեղքը
Աստվածաշնչում մի քանի տեղ ասվում է մեղքերի, անօրենության «չափի» կամ «լրումի» մասին: Թարգմանությունները կարող են տարբեր լինել, բայց միտքը, կարծում եմ, պարզ է՝ Աստված պատժում է այն քաղաքները, այն ազգերին, որոնք այդ չափն անցել են: Օրինակ. «Չորրորդ սերունդը պիտի վերադառնա այստեղ, որովհետեւ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել» (Ծննդոց, 15:16): Աստված ասում է Աբրահամին, որ իր ժողովուրդը բազմաթիվ մեղքեր է գործել, հեռացել է ճիշտ ճանապարհից, ներքին կռիվներ եւ պառակտություններ է ունեցել, եւ այդ պատճառով է հայտնվել Եգիպտոսում: Բայց այդ մեղքերն այնչափ չեն, որ երբեք տարբերակ չլինի վերադառնալ հայրենիք, եւ չորրորդ սերունդը հնարավորություն կունենա վերադառնալու Քանանի երկիր:
Նման դարձվածք կա նաեւ Ավետարանում: Քրիստոսն իր ընդդիմախոսների հետ շփվելիս՝ երբեմն դիմում էր սարկազմի: Այդպես էլ այս դեպքում. դիմելով կեղծավոր դպիրներին, Նա ասում է՝ «Եվ դուք Ձեր հայրերի չափը լցրեք»: Այսինքն՝ փարիսեցիների եւ օրենքի ուսուցիչների նախորդ սերունդների մեղքերը շատ են, բայց «լիակատար չեն», եւ պատկերը լրացնելու համար ներկայիս սերունդն է նույն սխալներն անում: (Ի դեպ, «մեղքը», «грех»-ը ոչ այլ ինչ է, քան սխալ, վրիպում):
Աստվածաշնչում կա նաեւ հակառակ տրամաբանությունը: Եթե բավականաչափ քանակով կան առաքինի, պարկեշտ մարդիկ, ապա այդ երկիրը, այդ ժողովուրդը, այդ քաղաքը կարող է եւ չկործանվել. «Եթէ Սոդոմում հիսուն արդար գտնեմ քաղաքի մեջ, նրանց համար բոլորին կխնայեմ» (Ծննդոց 18:26):
Կարդացեք նաև
Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է մեղքերի եւ առաքինությունների չափը, որը մեզ տանելու է այս կամ այն ուղղությամբ: Դա զուտ մարդկային հարց է: Բայց, ավաղ կամ բարեբախտաբար, մենք այդ հարցի պատասխանը չունենք: Ինչպես եւ չգիտենք, թե երբ են գալու «վերջին ժամանակները»:
Ինչո՞ւ չգիտենք՝ դրան աստվածաբանները տարբեր ձեւով են պատասխանում: Ինձ առավել սրտամոտ է կամքի ազատության վարկածը: Եթե մենք հաստատ իմանանք, որ 10 անգամ տատիկին փողոց անցկացնելու եւ մի անգամ ընկերոջը խաբելու արդյունքում մենք փրկված ենք, ապա ամեն քայլափոխի կզբաղվենք այդ հաշվարկներով՝ մեր կամքն այդպիսով ամեն մի կոնկրետ արարքի դեպքում ազատ չի լինի: Նույնը, իհարկե, ժամանակի դեպքում է՝ նստել-սպասել աշխարհի վերջին, որը կգա 100 տարի հետո կամ հաջորդ ուրբաթ օրը, ինձ թվում է, շատ նման է աղանդավորությանը:
Բայց, թեեւ մենք ծանոթ չենք չափերին, մենք գիտենք, թե որ ուղղությունն է ճիշտը, իսկ որն է սխալ՝ վրիպելու, մեղքի ճանապարհը: Եթե այդ հարցը փոխադրենք սոցիալական հարթություն, ապա մենք շատ լավ հասկանում ենք՝ արդյոք այն քայլը, որը մենք անում ենք, նպաստում է մարդկանց տարանջատմա՞նը, թշնամանքի՞ն, թե՞ հակառակը՝ նրանց համերաշխությանը՝ այն իմաստով, որը մեզ հուշում է քրիստոնեությունը: Ընդ որում, դրա մասին պետք է մտածի ոչ միայն պետական պաշտոնյան կամ, ասենք, լրագրողը, այլ ցանկացած զբաղմունքի մարդ, ցանկացած պարագայում, ցանկացած ժամանակ:
Ասեմ ավելին, եւ դա, իհարկե, շատերին դուր չի գա: Պարկեշտ մարդկանց որոշակի կրիտիկական զանգված ոչ միայն փրկում է կործանումից, այլեւ նպաստում է որոշակի որակի (ոչ կործանարար) իշխանության ձեւավորմանը: Պարզ օրինակ բերեմ՝ Փաշինյան կամ Դոգ սիրում են լսել որոշակի ախտեր ունեցող մարդիկ՝ հայհոյանքից հաճույք ստանալը հոգեւոր պաթոլոգիայի նշան է: Հիմա պատկերացրեք, որ այդ հայհոյասեր մարդիկ մեր երկրում հայտնվեն լուսանցքում, իսկ «թրենդային» լինի կիրթ եւ զուսպ լինելը: Վստահ եմ, որ այդ դեպքում Փաշինյանի իշխանությունը երկար չի տեւի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.06.2025