ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Մենք՝ Ֆրանսիայի Հայոց Թեմի հոգեւորականներս, խորը մտահոգութեամբ հետեւում ենք վերջին օրերին Հայաստանի Հանրապետութիւնում ընթացող զարգացումներին։ Անտեսելով Եկեղեցու պետութիւնից անջատ լինելու միջազգային սկզբունքը՝ Հայաստանի իշխանութիւնները կոպտօրէն խախտում են Հայ Եկեղեցու՝ իր ներքին կեանքը կազմակերպելու Սահմանադրական եւ միջազգային մակարդակով ճանաչուած իրաւունքը։
Ցանկանալով մոլորեցնել հանրութիւնը՝ փորձ է կատարւում ծայրայեղ եկեղեցամարտ այս ընթացքը, որ իր բառապաշարով եւ բովանդակութեամբ բացարձակապէս անընդունելի եւ գռեհիկ է, ներկայացնել իբր բարեպաշտական նախաձեռնութիւն՝ «հանուն Եկեղեցու» կոչերի քողով։
Հայ Եկեղեցին, իր աշխարհասփիւռ թեմերով եւ միլիոնաւոր հաւատացեալներով, չի կարող դիտարկուել ՀՀ վարչապետի եւ նրա մերձաւոր շրջանակի՝ աստուածաբանական, եկեղեցաբանական եւ կանոնական ակնյայտօրէն սահմանափակ գիտելիքների եւ թերի կրթութեան շրջանակում։ Ոչ մի պետական պաշտօն չի կարող արտօնել որեւէ անձի՝ բացայայտ կերպով վիրաւորել բիւր հազարաւոր մարդկանց հոգեւոր-կրօնական զգացումները, տարածել կեղծիք եւ բամբասանք, կամ օգտագործել Սահմանադրութեամբ իրեն վերապահուած պաշտօնական լիազօրութիւնները՝ Հայոց ամենահին եւ ամենանուիրական կառոյցի դէմ տեղեկատուական անազնիւ արշաւ սկսելու համար։
Կարդացեք նաև
Մենք՝ Ֆրանսիայի Հայոց Թեմի հոգեւորականներս, խստօրէն դատապարտում ենք Նիկոլ Փաշինեանի եւ նրա կողմից ուղղորդուող անձանց գործողութիւնները։ Մեր կոչն ենք ուղղում Ֆրանսիայի Հայոց Թեմի բոլոր հաւատացեալներին՝ բարձրացնելու իրենց բողոքի ձայնը՝ ընդդէմ ՀՀ իշխանութիւնների կողմից իրականացուող այս ապօրինութեան։
Հորդորում ենք ՀՀ պատկան մարմիններին պատշաճ կերպով արձագանգել եւ համապատասխան իրաւական միջոցներով կանխել Հայ Եկեղեցու դէմ իրականացուող այս ոտնձգութիւնը եւ պատասխանատուութեան կանչել սահմանադրական, քրէական եւ քաղաքացիական օրէնքները խախտող բոլոր անձանց՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտօնից։
Աղօթում ենք, որ Տէրը ամուր պահի թէ՛ Հայաստանում եւ թէ՛ ամբողջ աշխարհում բնակուող մեր միլիոնաւոր քոյրերի եւ եղբայրների հաւատքը՝ չտրուելու սադրանքներին եւ բամբասանքներին, եւ շարունակելու իրենց բարեպաշտ ընթացքը ի փառս Աստուծոյ եւ ի պայծառութիւն մեր Սուրբ Եկեղեցու՝ ըստ Տիրոջ խօսքի․
«Եւ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»։
(Մատթէոս 28.20)