«Երեւանի քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է Երեւան քաղաքում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրման մասին, մշակվել էր միասնական երթուղի, որը պետք է կապի մի քանի վարչական շրջան: Հասարակական տրանսպորտը տվյալ վարչական շրջաններով պետք է երթեւեկի առանձնացված երթեւեկելի գոտով՝ ստանալով առավելություն երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ: Արդյունքում՝ հասարակական տրանսպորտը պետք է դառնա ավելի հարմարավետ եւ արագ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Նրա խոսքով. «Մշակված նախագծի շրջանակներում աշխատել ենք նաեւ ֆրանսիացի մեր գործընկերների հետ, առաջարկվել է երթեւեկության կազմակերպման փոփոխությունների ծրագիր, որը պետք է հանդիսանա շարունակությունն արդեն իսկ ներդրված ավտոբուսային գծերի մասով: Դա նաեւ քննարկվել է ճանապարհային ոստիկանության ու պարեկային ծառայության հետ, եւ առաջիկա ամիսներին պետք է սկսվեն աշխատանքները»:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը մանրամասնեց. «Ավտոբուսային գիծը, որը ներդրված է մինչեւ Մաշտոցի պողոտա, պետք է ունենա շարունակություն մինչեւ Իսակովի պողոտա: Տրամաբանությունը հետեւյալն է, որ Մաշտոցի պողոտայից ավտոբուսի գիծը շարունակվելու է դեպի Խորենացի փողոց, այնուհետեւ շարունակվելու է Իտալիայի եւ Բեյրութի փողոցներով, Արգիշտիով՝ դեպի Հաղթանակի կամուրջ: Այս գծի ներդրման մասով իրականացվել են ճանապարհային երթեւեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ նշված փողոցներում:
Եվ դրան հաջորդող շարունակություն՝ երթեւեկության փոփոխություն լինելու է Սարյան փողոցում, ակնկալվում է Սարյան փողոցում կազմակերպել միակողմ երթեւեկություն՝ ուղղությունը Լեոյից դեպի Բաղրամյան պողոտա, ինչպես նաեւ Թումանյան փողոցից Մոսկովյան փողոցի ընկած հատվածը՝ մինչեւ Բաղրամյան պողոտա, ներդրվելու է որպես միակողմանի երթեւեկություն»:
Կարդացեք նաև
Վազգեն Հարությունյանը պարզաբանեց, թե ինչ ակնկալիքներ ունեն այս փոփոխություններից. «Նախ, ինչպես նշեցի, հասարակական տրանսպորտը պետք է ունենա առավելություն երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ, եւ ավտոբուսային գծի ներդնելը հենց սրանով է պայմանավորված, միաժամանակ ներդրման հետ կապված փոփոխություններ կիրականացվեն Խորենացի փողոցում, կկիրառվի կայանման արգելք այնտեղ, որտեղ լինելու է ավտոբուսային գիծը, երթեւեկության կազմակերպման փոփոխություններ կիրականացվեն նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Մաշտոցի պողոտայի խաչմերուկում կավելացվի ձախ երթեւեկելի մեկ հավելյալ գոտի, որպեսզի հոսքերի անընդհատությունը կարողանան ապահովել այդ ուղղություն:Արդեն իսկ կիրառվել են փոփոխություններ Ամիրյան եւ Զաքիյան փողոցներում»:
Տրանսպորտի վարչության պետը հավելեց, որ Սարյան փողոցի միակողմ դարձնելը պայմանավորված է նրանով, որ այդ փողոցում կա խնդիր՝ երթեւեկության անընդհատության հետ կապված, բացի դրանից Սարյան փողոցը շատ ակտիվ զբոսաշրջային հատված է, ու այնտեղ բավականին մեծ խցանումներ են լինում:
Բոլոր փոփոխությունների մասին մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ