Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցի -Պետություն հարաբերություններ որպես այդպիսին այժմ գոյություն չունեն

Հունիս 04,2025 14:40

Եկեղեցի – Պետություն հարաբերություններ որպես այդպիսին այժմ գոյություն չունեն։ Փոխարենը առկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անձնավորված հակակրանք Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ, որը, սակայն, արդարացիորեն ընկալվում է որպես հարձակում Հայ Առաքելական Եկեղեցու վրա։

Լրատվական դաշտը բավականին ծանրաբեռնված է այս թեմայի քննարկումներով։ Հաճախ հանդիպում ենք աբսուրդի հասնող մեկնաբանությունների, սակայն քիչ չեն նաև առողջ բանականության սահմաններում շրջանառվող կարծիքները, որոնց շարքին կարելի է դասել այն տեսակետը, համաձայն որի՝ պետությունը իրավական հիմքեր չունի Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու և այնտեղ կամայական փոփոխություններ իրականացնելու համար։ Դա այդպես է, քանի որ, ինչպես հայտնի է, ՀՀ Սահմանադրությամբ Եկեղեցին անջատված է պետությունից։

Այստեղ հարկ է ավելացնել, որ դա չի նշանակում, որ Եկեղեցին չի ենթարկվում պետական օրենքներին։ Եկեղեցին, իհարկե, ենթարկվում է պետական օրենքներին, անհրաժեշտ պատշաճությամբ վճարվում են հարկերն ու պահպանվում են մյուս պարտականությունները պետության հանդեպ, ինչպես գրված է՝ «Կայսրինը՝ կայսեր, Աստծունը՝ Աստծուն»։

Ակնհայտ է, որ ներկայիս վարչապետի և Ամենայն Հայոց կաթողիկոսի համատեղ պաշտոնավարումը կամ ծառայությունը ծայրահեղ բարդացել է, անհամաձայնությունները գնալով ավելի են շատանում ու բազմաշերտ դառնում։ Ներկա իրավիճակում Վեհափառ Հայրապետի հրաժարականի համար վարչապետը փորձում է հիմնավորել Կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտի ենթադրյալ դրժմամբ, ինչը անհնար է։ Նման խոսակցություններ չպետք է լիներ ընդհանրապես, մանավանդ, որ խոսքը ոչ թե դավանաբանական շեղումների մասին է, այլ՝ մարդկային տկարությունների։

Սրա կողքին անհամեմատ ավելի շատ են վարչապետի հրաժարականի համար հիմքերը, որոնց թվարկելն անգամ շատ տաղտկալի կլինի։ Բայց մարդը մեղանչական է, իսկ Աստված՝ բազումողորմ։ Մեր՝ հայերիս համար ցանկալի կլինի, որ երկու կողմերն էլ հաշտության եզրեր գտնեն։ Իսկ իմ առաջարկած հաշտության առաջին քայլը կարող է լինել այն, որ վարչապետն ու իր տիկինը որոշեն Հայ Առաքելական Եկեղեցով պսակվել, մանավանդ, որ թե՛ վարչապետը և թե՛ իր տիկինը բազմիցս հայտարարել են իրենց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ լինելու մասին։ Կարծում եմ Վեհափառն էլ չի զլանա նրանց պսակադրել Եկեղեցու կանոնների համաձայն։

Գենադի Մնացականյան

Իսկ եթե կան կուսակրոններ, ովքեր խախտել են այդ ուխտը և ընտանիք ունեն, կարծում եմ, ճիշտ կլինի, որ նրանք էլ օրինականացնեն իրենց ամուսնությունները «Ոչ յօրինակ այլոց» սկզբունքով, անշուշտ պահպանելով իրենց հոգևորականի կարգավիճակն այնպես ինչպես կա։ Սա, իհարկե, այն առաջարկությունը չէ, որից չեն կարող հրաժարվել։ Գուցե առաջին հայացքից նաև տարօրինակ կամ խնդրահարույց թվա առաջարկս, սակայն արժե այդ ուղղությամբ մտածել, որպեսզի ոչ թե ինքնաոչնչացման ճանապարհով գնանք, այլ ինքնամաքրման ճանապարհով, ու շարունակենք ապրել մաքուր կյանքով։

Թշնամին գնալով ավելի սանձարձակ է դառնում, անվտանգային մարտահրավերները ավելի են շատանում և այս պահին բացարձակ անտեղի կլինեն ներքին լարվածություններն ու Աստված մի արասցե՝ քաղաքացիական բախումները։ Առկա բազմաշերտ մարտահրավերների դեմ պետք է պայքարել միասնաբար՝ Եկեղեցի-Պետություն համատեղ պայքարով, հանուն Հայաստանի Հանրապետության ու հանուն քրիստոնեական ճշմարիտ հավատքի։ Թող ամեն ինչ Տիրոջ կամքով լինի։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30