Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հաշվետվության՝ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 376,1 մլրդ դրամ

Հունիս 04,2025 15:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024թ. համաշխարհային տնտեսությունում եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճը շարունակել է մնալ դրական տիրույթում: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների՝ հունիսի 4-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ամրապնդումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: 2024 թ. հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվել է արտաբյուջետային կանոնների առավել մեղմ սահմանափակման պայմաններում, քանի որ Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը ցածր է գտնվել 50 տոկոս շեմից: 2024 թ. հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23,6 տոկոս՝ որոշակի նվազում ունենալով նախորդ տարվա նկատմամբ:

Ըստ հաշվետվության՝ 2024 թ. գրանցվել է 5,9 տոկոս տնտեսական աճ: Հաշվետու տարում ապրանքների արտահանումը ՀՀ-ում աճել է 53,1 տոկոսով, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումը՝ 18,6 տոկոսով: ՀՀ այցելել է 2 մլն 208 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա համեմատ այս թիվը նվազել է շուրջ 4,7 տոկոսով կամ 108 հազար մարդով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ այցելած ՌԴ զբոսաշրջիկների թվի նվազմամբ:

2024 թ. գործազրկության մակարդակը նախորդ տարվա նկատմամբ աճել է 1,5 տոկոսային կետով՝ կազմելով 13,9 տոկոս: Միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 6,4 տոկոսով` կազմելով 287 հազար 172 դրամ:

2024 թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ դրամ՝ ապահովելով 95,8 տոկոս կատարողական, իսկ ծախսերը` 2 տրիլիոն 955 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմել է 376 մլրդ դրամ: 2024թ. պետական բյուջեի պակասուրդը կազմել է 376,1 մլրդ դրամ: Պակասուրդի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 3,7 տոկոս՝ կանխատեսված 4,6 տոկոսի դիմաց:

2024 թ. ֆինանսների նախարարության ծախսը, ըստ նախարար Վահե Հովհաննիսյանի, կազմել է 319,7 մլրդ դրամ՝ ապահովելով 90,1 տոկոս կատարողական: Իրականացվել է 4 ծրագիր, 16 միջոցառում: Հաշվետու տարում կառույցն իրականացրել է 3 մլրդ 58 մլն դրամի գնումներ:

Ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ քննարկմանը ներկայացված տարեկան հաշվետվության ցուցանիշների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել կառույցի ձեռնարկած համակարգային քայլերին՝ կանխատեսումներն առավել ճշգրիտ ներկայացնելու համար:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30