«Մեր այսօրվա աշխարհում, որը կարելի է ասել՝ խելագարվել է, համակողմանիությունը, միջազգային իրավունքը լուրջ փորձություն են անցնում։ Բռնությունն ու ազգայնականությունը թափ են հավաքում»,-Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ ահազանգեց պրոֆեսոր, դոկտոր Քրիստոֆ Սաֆերլինգը (Նյուրնբերգ, Գերմանիա)։
Նա նաև ներկայացրեց այն դասերը, որոնք պետք է քաղել Նյուրնբերգից։ Շեշտելով այն գաղափարը, որ ագրեսիվ պատերազմն է չարիքը, և դրա դեմ պետք է պայքարել՝ քրեականացնելով ագրեսիան՝ պրոֆեսորն ասաց․ «Նյուրնբերգի ժառանգությունից ելնելով՝ չպետք է մոռանանք՝ այն փաստերը, որոնցով մեղադրում են հանցագործներին, հետագայում իրենց նշանակությունն են ունենալու։ Չկա անպատժելիություն միջազգային հանցագործությունների համար։ Պետք է մեղադրանք ներկայացնենք՝ նաև հարակից բարոյական նկրտումներից ելնելով։ Նաև չմոռանանք, որ ամենածանր հանցագործության մեջ մեղադրվողն էլ ունի արդար դատաքննության իրավունք»։
Պրոֆեսոր Ջենիֆեր Թրահանն (Ագրեսիայի հանցագործության բովանդակությունը Նյու Յորք, ԱՄՆ) ընդգծեց՝ կիբեր հանցագործությունները ևս համարվում են միջազգային հանցագործություն․ «Ցեղասպանությունները, մարդկության դեմ հանցագործությունները նաև կարող են արտահայտվել կիբեր աշխարհում։ Միջազգային իրավական ակտեր կան, որոնք անդրադառնում են այն դեպքերին, երբ քաղաքական, ռազմական հանցագործությունը առաջնորդին է վերաբերում։ Ակտիվ ագրեսիան նույնպես նշվում է՝ որպես ծանր հանցագործություն, ինչը ենթադրում է Խարտիայի կոպիտ խախտում։ Խարտիան բնութագրում է ագրեսիան՝ որպես պետության կողմից վարքագիծ, զինված ուժի գործադրում պետության, պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»։
Խոսելով Միջազգային քրեական դատարանի իրավասության մասին՝ դոկտոր Քերի Մաքդուգալը (Մելբուռն, Ավստրալիա) նշեց․ «Հայաստանում վկա ենք եղել ճչացող խախտումների, և կան կասկածներ, որ դրանք կշարունակվեն, եթե բավարար քայլեր չգործադրվեն։ Առանցքային նշանակություն ունի ագրեսիայի հանցագործության նկատմամբ ընդլայնված իրավազորության ապահովումը միջազգային քրեական դատարանի համար՝ դիտարկելով այն որպես առանցքային ուղղություն միջազգային իրավական կարգի պահպանման տեսանկյունից։ Սա ելնում է նաև միջազգային անվտանգային նկատառումներից»։
Դոկտոր Քերի Մաքդուգալը նաև նշեց, որ այժմ Հռոմի կանոնադրությունը դրույթ ունի, որի համաձայն՝ պետություններին հետադարձ կերպով պատասխանատվության ենթարկելու իրավազորություն չկա՝ ագրեսիայի հանցագործության դեմ, որը գործադրվել է ոչ անդամ պետության կողմից և ոչ անդամ պետության նկատմամբ, նույնիսկ, եթե մյուս պետությունը ՄՔԴ անդամ է, եթե վավերացրել է Հռոմի ստատուտը․ «ՄՔԴ-ի իրավազորությունը ագրեսիայի դեմ այդքան ընդլայնված չէ, քան այլ միջազգային հանցագործությունների դեպքում, քանի որ ՄՔԴ-ն չի անդրադառնում այն հանցագործությանը, որը կատարվել է ոչ անդամ պետությունների կողմից։ Դատարանը ոչ անդամ պետությունների դրույթը պահպանում է և սովորական իրավազորության դրույթն է կիրառում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ