«Արցախից բռնի արտաքսված արդեն իսկ 78 անձ ունենք, ովքեր ՆԳՆ նախարարության համակարգ են անցել աշխատանքի»,-խորհրդարանում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով Գեղամ Նազարյանի հարցին։
Նա նաեւ մանրամասնեց՝ արցախցիներից 15-ը եղել են քաղաքացիական ծառայողներ, իսկ 63-ը ոստիկանության համակարգի աշխատակիցներ են։
Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ համակարգում աշխատանքի անցնելու նոր կանոնակարգեր կսահմանվեն․ կառավարությունը հավանության է արժանացրել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ համահեղինակությամբ ներկայացված նախագծին։ Ըստ այդմ, ոստիկանության համակարգում աշխատանքի անցնելու համար սահմանված վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի։ Արփինե Սարգսյանը պարզաբանում է՝ այդ շեմը հավանաբար մտցվել է, որպեսզի 20 տարի անց ծառայողը կարողանա համապատասխան զինվորական թոշակի անցնել, քանի որ 55 տարեկանը ծառայությունից ազատվելու վերին տարիքային շեմն է։ Բայց այժմ իրենք այլ կերպ են մտածում․ կարծում են, որ ձեւական է այդ մոտեցումը եւ արհեստական։ Օրինակ, Արփինե Սարգսյանը չի հասկանում, թե ինչո՞ւ 36 կամ 37 տարեկան քաղաքացիները չպիտի մտնեն համակարգ՝ աշխատանքի եւ ո՞վ է ասել, որ պարտադիր 20 տարի պետք է ծառայեն համակարգում։ ՆԳ նախարարը հուսով է, որ այս սահմանափակումների վերացումը այլ ուժային կառույցներում էլ կիրականացվի։
Ի դեպ, Արմեն Խաչատրյանն իր խոսքում նկատեց, որ ոստիկանության տարբեր բաժիններում համալրվածությունը շատ վատ վիճակում է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հետաքրքրվել էր Արցախի մեր հայրենակիցների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգով․ կառավարությունում ի սկզբանե ասել էին, որ արագացված կարգով է լինելու գործընթացը, բայց պատգամավորը ահազանգեր ունի, որ գործում է ստանդարտ ընթացակարգը՝ վեցամսյա ժամկետում։
«Չկա նման բան․ այն խոստումը, որ տվել ենք մեր հայրենակիցներին, որ ավելի սեղմ ժամկետում է գործընթացը լինելու, քան սահմանված ընթացակարգերն են, պահպանվում է»,- ասաց Արփինե Սարգսյանը՝ չբացառելով, որ հնարավոր է առանձին դեպքեր լինեն՝ ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված։ Նա նաեւ հավելեց, որ դիմումների ծավալները հաշվի առնելով, շրջիկ ծառայություններ կան, որոնք բացառապես ԼՂՀ քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներն են ընդունում։
Մանրամասները՝ տեսանյութում
Իր բացման խոսքում Արփինե Սարգսյանը նաեւ ասել էր, որ 2024 թվականի ընթացքում գրանցված հանցագործությունների թիվը 1,1 տոկոսով կրճատվել է, առգրավվել է 426 կգ ապօրինի շրջանառվող թմրամիջոց, ինչը 200 կգ-ով ավելի է նախորդ տարի առգրավվածից, 2025-ի առաջին կիսամյակում առգրավվել է 173 կգ թմրամիջոց։ 2024-ին առգրավվել կամ կամավոր հանձնվել է 1579 միավոր հրազեն․ 10 տոկոսով ավել, քան նախորդ տարի։ 2024-ին՝ 2023-ի համեմատ, 299-ով էլ նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
Մանրամասները՝ տեսանյութում
Քննարկումն ամբողջական՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ