«Հայաստանը, անդամակցելով Միջազգային քրեական դատարանին, չի ճանաչել ՄՔԴ իրավազորությունը նաեւ ագրեսիայի նկատմամբ։ Եվ այսօրվա համաժողովի քննարկումները վերաբերում են նրան, թե որքանով է Հայաստանի համար շահավետ, որպեսզի անդամակցի ագրեսիայի հանցագործության հանցակազմի ճանաչմանը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը։
Նա մասնակցում է Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով համաժողովին։
Գուրգեն Պետրոսյանի խոսքով՝ այս հանցագործությունը բավականին բազմաբովանդակ է, բայց ՄՔԴ իրավազորությունը սահմանում է պատիժ միայն անդամ պետությունների համար։ «Եվ խոսքն այն մասին է, որ այն տարածվի նաեւ ոչ անդամ պետությունների վրա։ Ենթադրենք՝ Ադրբեջանը չի հանդիսանում ՄՔԴ անդամ եւ հարձակում է գործում ՀՀ սուվերեն տարածքի վրա, որը ինքը ներկա դրությամբ կատարում է։ Տվյալ ռեֆորմները, որոնք տեղի են ունենում ՄՔԴ շրջանակներում, թույլ կտան Հայաստանին՝ որպես անդամ պետություն, պաշտպանվել ագրեսիայի հանցագործությունից։ Դա նշանակում է, որ ՄՔԴ-ն կունենա հնարավորություն՝ պատժելու ուղիղ Ալիեւին ագրեսիոն հանցագործության համար»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, որ թե ի՞նչ հետեւանք կլինի, եթե Ադրբեջանի դեմ միջազգային հայցերը հետ վերցվեն, ինչի մասին ՀՀ իշխանությունն արդեն հայտարարել է, Գուրգեն Պետրոսյանն ասաց․ «Շատ ծանր հետեւանքներ կարող են լինել, որովհետեւ ինչի մասին մենք խոսում ենք, կոնկրետ անձանց պատասխանատվության մասին է խոսքը։ Այլ հարց է պետական պատասխանատվությունը, որի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանում դատավարություն է գնում եւ վերաբերում է ռասայական խտրականությանը։ Ռասայական խտրականությունը չի վերաբերում միայն Արցախի ժողովրդին, վերաբերում է բոլոր հայերին։ Եվ հետ կանչելով այդ հայցերը՝ դու վերջնականապես փակում ես այն թեման, որը կոնֆլիկտի հիմնական պատճառն է եղել։ Դրանով դու ասում ես՝ ես ոչ մի պարտք ու պահանջ չունեմ, որ տեղի է ունեցել միջազգային իրավունքի խախտում, եւ դրանով բոլոր դռները փակում ես, որովհետեւ երբ այդ բանը տեղի ունենա, այլեւս չենք կարողանա Արդարադատության միջազգային դատարան որեւէ հայց ներկայացնել այս հարցի շրջանակներում։ Խնդիրը շատ բազմաշերտ է եւ կունենա շատ լուրջ հետեւանքներ։
Մեզ հարկավոր է, որպեսզի այդ դատավճիռը լինի, եւ արձանագրվի, որ Ադրբեջանը կատարել է միջազգային իրավունքի խախտում։ Այդ դատավճիռը հետապնդելու է այդ պետությանն իր ամբողջ գոյության ընթացքում։ Եվ ցանկացած քաղաքական, դիվանագիտական բանակցությունների ընթացքում Ադրբեջանի դիմաց դնելու են, որ ինքը կատարել է այս խախտումները։ և, ըստ այդմ, ինքը պետք է համապատասխան կոմպենսացիաներ կատարի։ Դա ներկա դրությամբ կարող է ուղղակի ազդեցություն չունենալ, բայց հարկավոր է, որպեսզի այդ արձանագրությունը լինի։ Մենք ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք, եւ 1915 թվականին դեռեւս չկային այն տրիբունալները, որտեղ կարձանագրվեր, որ տեղի է ունեցել միջազգային իրավունքի խախտում։ Ներկա դրությամբ ունենք այդ ինստիտուտները եւ պարտավոր ենք այդ ինստիտուտներն օգտագործել ի շահ տուժողի»։
Գուրգեն Պետրոսյանը նշեց, որ ադրբեջանական կողմը փորձում է իմիտացիա ստեղծել, թե իրենք էլ են տուժել միջազգային իրավունքի խախտումից, բայց իրենց հայցերն անհամեմատելի են այն հայցերի հետ, որոնք հայկական կողմն է ներկայացրել Ադրբեջանի դեմ։ «Իմ պատկերացմամբ ու դիտարկմամբ՝ մենք բավականին լավ դիրքերում ենք գտնվում դատավարությունների մեջ, եւ ուղղակի աբսուրդ կլինի, եթե մենք հրաժարվենք այն հաջողություններից, որոնք կարող են արձանագրվել։ Դա մեզ հարկավոր է՝ մեր պետական շահերն առաջ տանելու համար»,- հավելեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցի պաշտոնյաներին անհատական պատասխանատվության ենթարկելու ի՞նչ հնարավորություններ կան՝ մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանի քննչական մարմինների եւ դատախազության գործառույթն է այս հարցում կարեւոր, որպեսզի հետամուտ լինեն այն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են այլ երկրներում եւ կատարել են պատերազմական հանցագործություններ։ Այլ պետության դատախազություններ կարող են դիմումներ ներկայացվել, որպեսզի պատերազմական հանցագործություններ կատարած այդ անձինք ձերբակալվեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ