Չի կարող խաղաղություն լինել, եթե Բաքվում շինծու գործերով դատապարտվող հայեր կան։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգը։
Յոնաթան Շպանգենբերգն ակտիվորեն զբաղվում է հայ գերիների պաշտպանության ու նրանց ազատ արձակման հարցերով։ Ասում է, որ այս ուղղությամբ աշխատանք է իրականացնում նաեւ Գերմանիայի քաղաքական դաշտի հետ։ «Բայց շատ կարեւոր է, որ այս հարցը համահայկական հարց լինի, որովհետեւ իրենք հայեր են եւ չպետք է լինեն Բաքվում։ Աշխատանք ենք տանում նաեւ, որպեսզի միջազգային մամուլն անդրադառնա այս հարցին։ Այսինքն՝ այս երկու ուղղությամբ ենք աշխատում, վերջին օրերին Օսլոյում անցկացված Ազատության ֆորումին մասնակցեցինք եւ բարձրացրեցինք այս հարցը»,- ասաց նա։
Յոնաթան Շպանգենբերգի խոսքով՝ Օսլոյի Ազատության համաժողովի հիմնական թեման էր բռնապետական պետությունների դեմ պայքարը։ Եվ այս համատեքստում իրենք կարեւորել են, որպեսզի արցախցիների եւ ընդհանրապես հայերի իրավունքների հարցը բարձրաձայնվի նմանօրինակ համաժողովներում։ «Ցեղասպան Ալիեւի ուզածն այն է, որ սա մոռացվի, եթե մոռացվի, իրենք արդեն առաջ կգնան»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Յոնաթան Շպանգենբերգի խոսքով՝ Բաքվի բանտերում գտնվող հայերը պատանդներ են, քանի որ ձերբակալվել են Արցախի բռնի հայաթափման հետեւանքով։ «Իրենք ուզեցին բռնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ այդ պատգամը հասցնելու արցախահայերին, որ վերադառնալ չկա։ Նաեւ հայ հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունի սա։ Ես ուզում եմ ասել, որ համայն հայության մասնակցությունը պետք է լինի՝ այս հարցն առաջնային օրակարգ դնելու համար։ Եվ ես համոզված եմ, որ միասնական ճիգերով միջազգային հանրության կողմից ճնշումը կմեծացվի։ Ես գիտեմ, որ շատ լուրջ աշխատանքներ են տարվում քաղաքական դաշտում, օրինակ, Գերմանիայի քաղաքական դաշտի հետ լուրջ աշխատանք է տարվում»,- նշեց նա։
Շպանգենբերգն ասաց, որ ՀՀ-ն՝ որպես պետություն, բավարար աշխատանք չի տանում հայ գերիների ազատ արձակման համար։ Եթե հայ գերիների հարցը բարձրաձայնվի հայկական կողմից, միջազգային հանրությունն ավելի շատ կանդրադառնա դրան։
Հարցին, թե հնարավո՞ր է խաղաղության հասնել այն պայմաներում, երբ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվում են հայ գերիները, իսկ Արցախը օկուպացված է, Շպանգենբերգը պատասխանեց․ «Իմ անձնական մոտեցումն այն է, որ չի կարող խաղաղություն լինել, եթե Բաքվում շինծու գործերով դատապարտվող հայեր կան։ Այս հարցը պետք է բարձրացվի խաղաղության բոլոր խոսակցությունների մեջ։ Սա ամենանվազագույն հարցն է, որը պետք է բարձրացվի, չի կարելի անտեսել այս հարցը։ Որեւէ խաղաղության պայմանագիր ստորագրելուց առաջ Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերը պետք է ազատ արձակվեն։ Ի՞նչ խաղաղության մասին են խոսում։ Արցախի նկատմամբ այս ամբողջ ակտը ցեղասպանական ակտ է։ Եթե խաղաղության մասին են խոսում, պետք է արցախահայության վերադարձի իրավունքի հարցը օրակարգ բերենք։ Իրենք բռնի ուժով, միջազգային իրավունքի մեծ խախտումներով, ցեղասպանական ակտով տեղահանված են։ Եվ մենք չենք կարող սա մոռացության տալ, այս հարցերը շատ հստակ պետք է բարձրացվեն, որ հասնենք իսկական խաղաղության»։
Անդրադառնալով արցախցիների վերադարձի հարցին՝ մեր զրուցակիցն ասաց, որ վերադարձի իրավունքը կա, արցախցիներն այն պետք է իրացնեն։ Բայց առանց միջազգային անվտանգային երաշխիքները որեւէ մեկը չպետք է վերադառնա։ «Եվ նորից գալիս ենք պատանդների հարցին․ Ալիեւն ասում է՝ եթե դուք վերադառնաք, սա է ձեր ճակատագիրը։ Եթե պատանդներին ազատ արձակեն, դա նշան կլինի, որ արցախցիների վերադարձի հարցով քայլ են արել։ Ուզում եմ նշել, որ այս ամբողջ գործընթացի մեջ միշտ պետք է ներգրավել նաեւ ոճրագործության բնույթը՝ Իլհամ Ալիեւի ոճրագործությունները։ Եվ այս շարժումն էլ պետք է վերջիվերջո նպաստի այս մարդասպանին ու ցեղասպանին Միջազգային քրեական դատարանի առաջ բերելուն։ Աշխարհը պետք է տեսնի, թե ինչ եղավ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ