Լրահոս
Օրվա լրահոսը

Զրպարտությունից և սաբոտաժից պաշտպանվելը ընկերությունների օրենսդրորեն երաշխավորված իրավունքն է․ ԱՃԹՆ արդյունաբերական խմբակցության հայտարարությունը

Հունիս 04,2025 19:01

ԱՃԹՆ-ն խմբակցության հայտարարությունը

ԱՃԹՆ արդյունաբերական խմբակցությունը բարձր է գնահատում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում պետական լիազոր մարմինները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խմբակցությունների հետ տարիների համատեղ, արդյունավետ աշխատանքը։ Համոզված ենք, որ միասին անցած ճանապարհը, կառուցողական համագործակցությամբ ամրապնդված փոխըմբռնումը հիմք է տալիս խմբակցությունների միջև հնարավոր տարաձայնությունները քննարկել անկեղծ և հանրության համար թափանցիկ երկխոսության ձևով։

Սրանից ելնելով՝ անհրաժեշտ ենք համարում արձագանքել ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության վերջին հայտարարությանը, որում «Զանգեզուրի պղնձամոլիբդե­նային կոմբինատ» ՓԲ ընկերության (ԶՊՄԿ) հայցն ընդդեմ նախկին աշխատողների համարվել է «անընդունելի» և որակվել որպես ռազմավարական հայց ընդդեմ հանրային մասնակցության։ Մի քանի այլ դրվագներով և հայտարարություններով այդ քաղ հասարակության ներկայացուցիչները հանքարդյունա­հանող ընկերությունների դատական հայցերը՝ զրպարտության մեղադրանքով, որակել են որպես քաղաքացիական հասարակության ճնշման փորձեր։

Փաստերը հետևյալն են․ ԶՊՄԿ-ն բազմիցս հայտարարել է, որ այս տարեսկզբին իր աշխատանքների ավելի քան 10-օրյա դադարը ապօրինի է՝ մի քանի նախկին աշխատողների մեղադրելով սաբոտաժի և ինքնիրավչության մեջ։ Այդ մեղադրանքը հասցեագրելու մեզ հայտնի քաղաքակիրթ միակ ձևը դատական քննությունն է։ Դատական քննությունը կպարզի հիմնավոր, թե անհիմն է մեղադրանքը, և եթե մեղադրանքը հաստատվի ՀՀ շահերից է բխում, որ երկրի տնտեսությանը զգալի վնաս հասցրած գործողությունների գնահատականը տրվի իրավական դաշտում։

Նույն տրամաբանությամբ կարևոր ենք համարում հակադարձել հանքարդյունաբերական ընկերությունների կողմից տարբեր ակտիվիստական կազմակերպությունների և անհատների դեմ զրպարտության մեղադրանքով հայցերը որպես ճնշում ներկայացնելու փորձերին։ Տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների հասցեին հնչել են զրպարտչական, կեղծ, հակագիտական հայտարարություններ։ Հանքարդյունաբերական ընկերությունների արձագանքին չարժանացած այս հայտարարությունները հետագայում օգտագործել և օգտագործում է Ադրբեջանը՝ Հայաստանի դեմ։

Սա վկայում է այն մասին, որ ցանկացած նման հայտարարությանը իրավական դաշտում հակադարձելը ոչ միայն հանքարդյունաբերական ընկերությունների իրավունքն է, այլև բխում է երկրի շահից։ Եթե մեղադրանքն անհիմն է, ապա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ոչինչ չի խանգարում իրենց հայտարարություններն ապացուցող փաստեր ներկայացնել դատարանում։ Դատական կարգով վեճերի լուծումը իրավական պետության հիմնաքարային բաղադրիչ է։ Դատական հայցը չի կարող համարվել ճնշում։ Այն սեփական իրավունքները քաղաքակիրթ ճանապարհով պաշտպանելու բոլորի սահմանադրական իրավունքն է և մեզ հայտնի միակ իրավական ճանապարհը։ Եթե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զրպարտությունից պաշտպանվելու այլ ճանապարհներ գիտեն, պատրաստ ենք լսել նրանց առաջարկները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    SLAPP դատավարությունների ծավալով մեր երկրի հանքնարդյունաբերողները անցել են տարածաշրջանի բոլոր մյուս երկրներին։ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու ակնարկի նպատակը առավել խտրական ու ատելության դաշտ ՀԿ-ներին մղելն է։ Հայցերի հիմանական մեխը ահռելի ու ոչ իրական փոխհատուցում պահանջելն է, սա է հիմնական SLAPP դատավարության հատկանիշը և հանքարդյունաբերողները դրանից չեն շեղվում, հենց դրանով էլ ապացուցում են որ նպատակը հանրային կարծիք արտահայտողներին լռեցնելն է։ Պարոնայք, բոլորին ամեն ինչ պարզ է․․․

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30