Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է Ադրբեջանի դեմ միջազգային քրեական գործերը հետ կանչենք․ միջազգային իրավունքի 65 տոկոսը քաղաքականություն է, 35 տոկոսը՝ իրավունք»․ Ներսես Կոպալյան

Հունիս 04,2025 18:08

«Ադրբեջանը բոլոր տեսակի միջազգային օրենքները խախտել է։ Տեսնում ենք, որ ավտորիտար ապօրինի ռեժիմները եղանակներ են գտնում միջազգային իրավունքը շրջանցելու համար, ինչը նշանակում է միջազգային իրավունքը զենք կամ մեխանիզմ է դառնում ռեժիմի շահերն առաջ տանելու համար, այլ ոչ թե դրա նպատակներին հասնելու համար»,-Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ներսես Կոպալյանը (Նևադա, ԱՄՆ)։

Նա նշեց՝ այժմ գործ ունենք միջազգային իրավական գործիքների հիբրիդացման հետ․ «2020-ի պատերազմի՝ Ադրբեջանի փաստարկներից մեկն այն էր, որ բանակցությունները սպառվել էին և իրենք ունեին բավարար հիմքեր այս ձևով խնդրին անդրադառնալու համար։ Երբ դիտարկում ենք բանակցությունների գործընթացը, 2008-ից Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտել է բանակցությունները։ Երբ ունենք ապօրինի ավտորիտար ռեժիմներ, որոնք ներգրավվում են բանակցային գործընթացներում, դրանք օգտագործվում են՝ որպես գործիք արդարացնելու համար իրենց կողմից ուժի գործադրումը։ Տեսնում ենք թակարդ, նաև տարբեր հիբրիդային ռազմավարություններ։ Օրինակ՝ 2022-ին Արցախի շրջափակումը դասագրքային հիբրիդային գործողություն էր, դա միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների մեծ մասի խախտում էր։ Ադրբեջանը երկար ժամանակ խեղդում ու ճնշում էր հասարակությանը․ նպատակն էթնիկ զտումն էր։ Բայց միջազգային համայնքն այս երևույթի նկատմամբ անտարբեր է, քանի որ Ադրբեջանը հազարավոր մարդկանց չէր ոչնչացրել այդ ժամանակ, որովհետև համապատասխան չափանիշներ կան ցեղասպանություն համարվելու համար։ Տարբեր հիբրիդային տեխնիկաների օգտագործումը թույլ է տալիս ռեժիմներին հասնել իրենց նպատակներին և կարողանալ դա մարսել։

Մենք բոլորս գիտենք, որ միջազգային իրավական գործիքները թույլ են, եթե չունեն քաղաքական օժանդակություն։ Միջազգային իրավունքի 65 տոկոսը քաղաքականություն է, 35 տոկոսը՝ իրավունք։ Եթե չլինի քաղաքական կամք, այս չափանիշները ոչինչ չեն նշանակում։ Տեսնում ենք՝ Ադրբեջանի նման ավտորիտար ռեժիմներն ինչպես հաշվի չեն առնում միջազգային իրավունքը, որովհետև ունեն մեթոդաբանություն, որն իրենց հնարավորություն է տալիս խուսափել հաշվետվողականությունից կամ շրջանցել միջազգային իրավունքը։ Քաղաքական ճնշում սովորաբար չկա, երբ փոքր պետությունների մասին է խոսքը, բայց երբ կան մեծ պետությունների շահեր, դինամիկան փոխում է»։

Հարցին՝ արդարացվա՞ծ է ՀՀ կառավարության՝ Ադրբեջանի դեմ քրեական գործերից հրաժարվելու քաղաքականությունը, Ներսես Կոպալյանը պատասխանեց․ «Ես ներկայացնում եմ մի դպրոց, որը գտնում է՝ չպետք է Ադրբեջանի դեմ միջազգային քրեական գործերը հետ կանչենք։ Ես միջազգային իրավունքի փորձագետ չեմ, բայց կարծում եմ՝ Ալիևի դեմ, եթե հետապնդում լինի, եթե միջազգային արևմտյան կառույցները դա իրականացնեն, այդ դեպքում կունենանք արդյունք»։

Ըստ նրա՝ պետք է ավելի իրատես լինենք հատկապես պետական քաղաքականության առումով։ Նրա կարծիքով՝ միջազգային իրավական լուծումներ պետք է զուգորդվեն քաղաքական կամքով․ «Պուտինը վեց ամիս առաջ պատերազմի հանցագործ էր համարվում ԱՄՆ-ի համար, հիմա այլևս այդպիսին չէ։ Արդյոք մենք խոսում ենք արդարության մասի՞ն, թե՞ միջազգային քրեական դատարանը ճիշտ օգտագործելու մասին։ Արդյոք մենք արդարությո՞ւն ենք ուզում անցյալի գործողությունների համար, թե՞ որպես մեխանիզմ Ադրբեջանի կողմից ագրեսիան կանխելու համար։ Վերացական առումով կարող ենք խոսել դրա մասին, բայց ֆիզիկական անվտանգության տիրույթում, երբ խաղադրույքը պետության անվտանգությունն է, քննարկումները վակուումում չեն կարող լինել, և, իհարկե, արդարադատությունը կարևոր է»։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրատեսականության մասին հարցերին՝ Ներսես Կոպալյանն ասաց․ «Երբևէ չենք կարող վստահ լինել, որ Ադրբեջանը բանակցում է քաղաքական կամքով։ Ադրբեջանը պատրաստակամորեն և բարի կամքով ինչ-որ բան չի ստորագրի։ Եթե լինի, օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից ճնշում, և Ադրբեջանն իմանա, որ չստորագրելն իրեն ավելին կարժենա, քան ստորագրելը, դա կարող է փոփոխություն բերել։ Եթե ՀՀ-ն արդարություն է ուզում ազնվորեն, դա միջազգային քրեական դատարանը չի բերելու, հետագայում, երբ հզորանանք, գործիքներ կիրառենք արդարություն պահանջելու համար, գուցե հնարավոր լինի։ Թույլ պետությունը չի կարող դա անել։ Հարցն այն չէ՝ խաղաղություն, թե արդարություն, այլ թե ինչ է արժենալու արդարությունը։ Միջազգային իրավունքը խախտելուց Ադրբեջանին այս գործիքները հետ չեն պահելու։ Սա հիմնարար քաղաքական գործընթաց է։ Հայերը լիահույս են, որ ՄԻԵԴ-ի կամ քրեական դատարանի որոշումները կկանխեն Ադրբեջանի վարքագիծը, բայց իրականում այդպես չէ։ Եթե ունեք հզոր գործընկերներ, որոնք պատրաստակամ են դատարանների որոշումները սատարել, սա կարող է առավելություն դիտվել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30