Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. «Քանի որ արդեն հայտնի եմ որպես կուսակցության կոնֆիդենցիալ ինֆորմացիայի արտահոսք կազմակերպող, հիմա մի հատ էլ արտահոսք կազմակերպեմ»

Հունիս 04,2025 18:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ պատգամավոր,  Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն՝ ՄԱՍԿ դեռեւս չգրանցված կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանն այսօր «Դեբատ» ակումբում հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին, թե Սերգեյ Լավրովի Հայաստան այցից հետո, կարծես, մեր արտաքին քաղաքականության վեկտորը ուղղությունը հստակեցվեց, որից հետո Հայաստանը հնարավոր է՝ ունենա Եվրոպա կամ Ռուսաստան նայելու կամ երկուսը համատեղելու նոր հայեցակարգ, ասաց. «Նախ ասեմ, որ ինքս տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից եմ: Քանի որ արդեն նաեւ հայտնի եմ որպես, այսպես կոչված, կուսակցության կոնֆիդենցիալ ինֆորմացիայի արտահոսք կազմակերպող, հիմա մի հատ էլ արտահոսք կազմակերպեմ:

Անցած տարի փետրվարին խմբակցությունում վարչապետի հետ հանդիպում էր, որտեղ վարչապետը քննարկման առարկա էր դարձրել թեկնածուի պահով Եվրամիություն անդամակցության հետ կապված հայտ ներկայացնելու հարցը: Միակ մարդն էի այդ քննարկման ժամանակ, որ դեմ խոսեցի այդ առաջարկությանը: Չեմ ասում միակն էի, որ դեմ էի, բայց միակն էի, որ դեմ խոսեցի եւ հիմնավորումները բերեցի: Չնայած, ասացի, որ մենք կարող ենք այդ հարցին անդրադառնալ գոնե մեկ տարի հետո: Դա 2024 թվականի փետրվարին էր:

Հետո երբ նիստն ավարտվեց, անմիջապես SMS ստացանք, որ հաջորդ շաբաթ նորից քննարկում է լինելու: Մյուս քննարկումն ավելի ընդլայնված կազմով էր եւ մասնակցում էին նաեւ վարչության, կառավարության անդամները եւ այլն:

Այս քննարկման ժամանակ ինձ խոսելու անհրաժեշտություն չառաջացավ, որովհետեւ բոլորը դեմ խոսեցին այդ առաջարկությանը: Կային, որ լռում էին, չէին խոսում, բայց ով խոսեց՝ դեմ խոսեց այդ նախաձեռնությանը: Ընդ որում, նրանք, ովքեր հայտնի էին որպես Եվրոպայի ուղղությամբ մեր քաղաքականությունը ուղղորդելու ջատագովներ, ասում էին, որ ամենաքիչը պետք է մի տարի սպասել, քանի որ ժամանակավրեպ է:

Ի՞նչ տեղի ունեցավ: Քաղաքական ասպարեզ մղվեց այդ «Եվրաքվե» կոչված նախաձեռնությունը: Եվ փաստորեն վարչապետը բերեց եւ թիմին, ըստ էության, կանգնեցրեց փաստի առաջ, իբրեւ թե ժողովրդի պահանջ է, պիտի քննարկենք, օրենք ընդունենք: Դեպի Եվրոպա գնալու, այսպես կոչված, օրենքն ընդունվեց: Հիմա Լավրովի այցը, Մոսկվա՝ պարոն վարչապետի այցը ի՞նչ նշանակություն ունի:

Իրեն թվում է, թե ինքը կարող է, կներեք բառիս համար, «ֆռռացնի» Պուտինի՞ն, կարող է «ֆռռացնել» Ալիեւի՞ն, Էրդողանի՞ն, Թրամփի՞ն, Մակրոնի՞ն, Եվրոպայի՞ն, սաղի՞ն, թե, այսպես կոչված, բալանսավորված քաղաքականությո՞ւն է իրականացնում: Դու դրանից հետո ասում ես՝ դե լավ, օրենք է, ընդունվել է, չպետք է շատ լուրջ նայել, մենք չէինք կարող չքննարկել: Վաղն էլ կասեիր՝ քանի որ այդ օրենքն ընդունվել է, եկեք դիմենք Եվրամիություն: Հետեւաբար, այն երկրների նկատմամբ, մասնավորապես, Ռուսաստանի, որոնց հետ այս կամ այն հարաբերություններն ունես, վստահության գործակիցը շատ ընկնում է: Հետեւաբար, պետք չէր շտապել գնահատականներ տալ՝ այսօր ռուսամետ ենք, նախորդ օրը եվրոպամետ էինք, վաղը եսիմ ինչամետ կլինենք: Այդ ամեն ինչը շատ տուրբուլենտ վիճակ է առաջացնում՝ առկա լիքը վտանգներով:

Ես չեմ կարծում, որ այսպես կոչված, բալանսավորված արտաքին քաղաքականությունը տալիս է իր արդյունքները: Ճիշտ հակառակը, մենք գտնվում ենք շատ վտանգավոր գործընթացների փուլում: Եվ այդ վտանգավոր գործընթացներից իմ անհանգստությունը, որ նաեւ առիթ դարձավ վարչապետի կողմից իմ նկատմամբ վերաբերմունքին, այն էր, որ արդեն երեք-չորս տարի անընդհատ համապատասխան քննարկումների ժամանակ ես հարցնում էի. «Պարոն Միրզոյան, կամ պարոն վարչապետ, Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում քննարկման առարկա դառնո՞ւմ է արդյոք փախստականների վերադարձի հարցը: Եվ շատ հստակ պատասխան էի ստանում՝ «ոչ»:

Իսկ այսօր այդ հարցը կա, այդ հարցը փաստորեն քննարկվում է, ԱԺ նախագահը բոցաշունչ ելույթ է ունենում: Եվ ես նրան ասում եմ, որ այս տարբերակը մեր ազգին, մեր ժողովրդին գցում է թմբիրի մեջ: Որովհետեւ խոսքը չի գնում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին: Ընդամենը Վարդենիսում մեկ գյուղ կբնակեցնեն 300 հոգուց բաղկացած եւ այդ գյուղում կլինեն հատուկ ուղարկված մարդիկ, որոնք բարձր աշխատավարձ կստանան Ադրբեջանի կողմից: Մի օր կոնֆլիկտ կլինի այդ գյուղի բնակիչների եւ կողքի գյուղի հայ բնակիչների միջեւ եւ Էրդողանը «ստիպված» պիտի լինի զորք մտցնել, որպեսզի մեկուսացնի Աղազարյան Հովիկի նման էքստրեմիստներին, ովքեր սեպ են խրում հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների դարավոր բարեկամության մեջ եւ «խաղաղություն հաստատի»:

Ո՞վ է դեմ խոսելու: Պուտի՞նն է դեմ խոսելու Էրդողանին, Թրա՞մփը, Մակրո՞նը: Ոչ մեկը չի համարձակվի Էրդողանին ասել՝ դու ինչո՞ւ ես խաղաղություն հաստատում: Նա կասի. «Բայց ես խաղաղություն եմ հաստատում, որպեսզի հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների դարավոր բարեկամությունը անխախտ մնա»: Իսկ սա արդեն կլինի ազդանշան, որ մենք կամաց-կամաց մեր տները ծախենք եւ լքենք Հայաստանը»,-ասաց Հովիկ Աղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30