Լրահոս
Օրվա լրահոսը

110 տարի առաջ Շապին-Գարահիսարով մեր արժանապատվությունը փրկվեց

Հունիս 05,2025 13:00

110 տարի առաջ այս օրերին սկսված Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանությունը չնայած հաղթական ավարտ չունեցավ, բայց պատմության մեջ մնաց, որպես հերոսական պայքար՝ ուղղված երիտթուրքերի իշխանության ցեղասպանական ծրագրի իրագործման դեմ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում խնամքով պահպանվում են հերոսամարտի ականատեսների վկայությունները, առանձին պատմությունները. Քաջունի Թորոս Ղարագյոզյանի, Հակոբ Թերզյանի, Մկրտիչ Խաչատրյանի, ով հիշել էր. «Ինձի տանող թուրքը ինձ քնացրեց իր խանութին մեջը: Հարցուցի՝ ո՞ւր են իմ մայրն ու հայրը: Ձեռքով ցույց տվեց վիզը, թե` մորթել են: Էդ մարդու տանը տեսա մեր վերմակը, ուրեմն մեր տունը թալանողը էդ մարդն էր…» (Սվազլյան Վերժինե, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, Վկայություն 250, էջ 441- 442):

Շապին-Գարահիսար քաղաքը գտնվում էր պատմական Փոքր Հայքի Սեբաստիա նահանգում՝ Գայլ գետի Ակշեհրսու վտակի ափին: Մինչեւ Առաջին աշխարհամարտը քաղաքի հայ բնակչության թիվը կազմում էր շուրջ 10,000 մարդ:

1914 թ. ամռանը Շապին-Գարահիսար է հասնում զորակոչի հրամանը, որին հետեւում է շուրջ 400 հայ երիտասարդների զինվորագրումը օսմանյան բանակ:

1915 թ. մայիսի վերջերին տեղի են ունենում քաղաքի հայ մտավորականության, ճանաչված հայերի զանգվածային ձերբակալություններ, խոշտանգումներ ու գնդակահարություններ: Թուրքական իշխանության ներկայացուցիչները բռնագրավում են հայերի խանութները, խլում նրանց ունեցվածքը, ապրուստը:

Հունիսի 2-ին դասալիքներ փնտրելու պատրվակով Շապին-Գարահիսարը շրջափակվում է մեծաթիվ թուրք ոստիկանների ու զինվորների կողմից. սկսվում են հայերի տների ու հայկական հաստատությունների խուզարկությունները: Հայերն անցնում են ինքնապաշտպանության, որը սկզբում կրում է տարերային բնույթ, սակայն հետագայում դառնում կազմակերպված։ Ամրացվում է թաղամասը, կառուցվում են պատնեշներ, կազմավորվում մարտական ուժերը:

Կազմվում է զինվորական խորհուրդ Ղուկաս Տեովլեթյանի (Ղուկաս Աղբար), Վահան Հյուսիսյանի, Հմայակ Գարակյոզյանի, Հմայակ Մարկոսյանի, Գրիգոր Պարոնվարդյանի, Ալեքսանդր Տագեսյանի եւ Տիվրիկցի Խոսրովի ղեկավարությամբ:

Հունիսի 5-ին քաղաքի հայ բնակչության մի մասը՝ շուրջ 5,000-6,000-անոց զորքը պաշարում է բերդը, եւ սկսվում է անհավասար պայքար: Այս ընթացքում թուրք կուսակալ Մումմարը մի քանի անգամ բանագնացներ է ուղարկում բերդ՝ զենքերը վայր դնելու եւ հանձնվելու առաջարկով: Հայերը որոշում են անձնատուր չլինել եւ շարունակել դիմադրությունը: Թուրքական զորքերը թնդանոթներ կենտրոնացնելով, սկսում են ռմբակոծել հայերի տներն ու դիրքերը:

27 օր տեւած ինքնապաշտպանության ընթացքում նշանակալի էր հատկապես հունիսի 23-ին տեղի ունեցած մարտը, որի ժամանակ 14-ամյա Հմայակ Թեւեքելյանն իր կյանքի գնով մարտի ընթացքը փոխում է հօգուտ հայերի: Նա, ռումբը թեւի տակ սեղմած, հրացանազարկերի տակ խաչակնքվելով, վազում է դեպի բերդի դռան մոտ գտնվող քարայրը, ուր դիրքավորված էին թուրքական մեծաքանակ ուժեր: Տեղ հասնելուն պես՝ հերոս պատանին ընկնում է թշնամու կրակոցներից. վայրկյաններ անց ռումբը պայթում է՝ գետինը ծածկելով թշնամու բազմաթիվ դիակներով: Ինքնապաշտպանական խմբի անդամները մեծ կորուստներ են պատճառում թուրքական ուժերին:

Հունիսի վերջերին, սակայն, բերդում սննդի ու զինամթերքի պաշարներն արդեն սպառվել էին, եւ դիմակայելը դառնում է դժվար: Զինվորական խորհուրդը Ղուկաս Տեովլեթյանի գլխավորությամբ ժողով է գումարում: Երկար անհամաձայնություններից հետո որոշվում է գիշերով ճեղքել պաշարման շղթան՝ հարեւան շրջաններից հնարավոր օգնություն ստանալու, թուրքերի վրա ճնշում գործադրելու եւ բերդում գտնվողներին փրկելու հույսով:

Հունիսի 25-ի գիշերը 40-50 զինյալներ բնակչության մի մասի հետ ճեղքում են թուրքական դիրքերն ու անցնում լեռները: Հունիսի 29-ի առավոտյան թուրքերը մտնում են բերդ: Այստեղ մնացած բնակչության մեծամասնությունը սպանվում է, կանանց ու աղջիկների մի մասը՝ առեւանգվում, քչերին է հաջողվում փախուստի դիմել եւ փրկվել… Ըստ «Հայկական հարց հանրագիտարանի»՝ թեժ մարտեր տեղի ունեցան Շապին Գարահիսարի դաշտային մի քանի հայաբնակ գյուղերում։ Հատկանշական է Բուրգի ինքնապաշտպանությունը… «Շապին-Գարահիսարի Անմահները. Մեր Պատմութեան Պատուոյ Վկաները» (aztagdaily.com, ապրիլ 24, 2025) հրապարակման հեղինակ Հրակ Տէրտէրեանը գրում է. «Ես հայ երիտասարդ մըն եմ, որուն արմատները խորապէս կապուած են Շապին-Գարահիսարի արիւնով շաղախուած հողին: Կը պատկանիմ Տէրտէրեան գերդաստանին, որ դարեր շարունակ հայ ժողովուրդին պատիւն ու շահը պաշպանելու սուրբ գործին համար զոհած է ամէն բան: Իմ նախահայրերս, այսինքն` մեծ հօրս (Յակոբ Տէրտէրեան) հայրն ու մայրը` Հայկ եւ Արտեմիս Տէրտէրեաններ (բնիկ գարահիսարցիներ), Գարահիսարի դիւցազնամարտի աւարտին իրենց հերոս ազգականներու դիակներուն տակ կիսամահ փռուած, ճակատագիրի անըմբռնելի մէկ դիպուածով կ,ազատին եւ կը հասնին Լիբանան»: Եվ ապա շարւնակում. «Եւ երբ 1915-ի Հայոց ցեղասպանութեան մութ ալիքը տարածուեցաւ հայ գաւառներուն մէջ, գարահիսարցին չսպասեց ստոյգ մահուան, այլ դիմեց զէնքին եւ ինքնապաշտպանութեան: Գարահիսարցիները իրենց սեփական տուները կրակի տալով` նախ դիմադրեցին թաղերուն եւ գիւղերուն մէջ: Ապա դիմադրութիւնը կազմակերպելով` քաշուեցան դէպի Գարահիսարի նշանաւոր բերդը: Մէկ ամսուան բուռն կռիւներէ ետք, զինամթերքի պակասի եւ սովի պատճառով, մնացած դիմադրողները կը դիմեն յարձակումի` փորձելով իրենց հետ, որքան կրնան, շատ զոհ խլել թշնամիէն: Երբ ռումբերն ու տասնոցները կը լռեն, գարահիսարցին կը դիմէ իր ձեռքերուն, բերդի քարերուն մնացած բեկորներով մղելով կեանքի պայքարի վերջին աքթը: Եւ այդպէս, անհաւասար մարտը կ,աւարտի յունիսի վերջաւորութեան, եւ սեւ վարագոյրը կ,իջնէ Գարահիսարի արծուաբոյնին վրայ»:

Ականատեսներից, մասնակիցներից էր նաեւ գրող, հրապարակագիր Արամ Հայկազը, ով գրել է իր ծննդավայրի՝ Շապին-Գարահիսարի մասին. «Ամէն մի գրածիս մեջ անձէս կամ ապրումներէս բան մը կա» («Արամ Հայկազ, Մոռացուած Էջեր», հատոր Զ. (1973-1975), Երեւան, «Տիգրան Մեծ», 2015, կազմող եւ ծանօթագրող՝ բանասիրական գիտ. դոկտոր Մարգարիտ Մամիկոնի Խաչատրեան):

Մհեր Կարապետյանի «Հայոց ցեղասպանության պատմագրություն. սփյուռքահայ արդի հրապարակումներում» հիշատակվում է Շահանդուխտի «Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանությունը (1915, հունիսի 2-28)» վերնագրով ուսումնասիրության մասին: Շահանդուխտը նկարագրել էր հունիսի 20-ի արյունալի կռվի ողջ ընթացքը, որն ավարտվեց հայերի փայլուն հաղթանակով: Սակայն ինչ որ չկարողացավ անել թշնամին, արեց սովը. «Հաղթանակից մի քանի օր հետո Ղուկաս Աղբարը հրավիրեց բոլոր մարտիկների ժողով եւ նշեց դրությունից դեռեւս դուրս գալու միակ ելքը՝ գիշերային ուժգին հարձակումով ճեղքել պաշարման օղակը եւ կռիվը շարունակել շրջակա լեռներում: Հայերը նահանջը սկսեցին բերդի դռան առջեւից: Սկսվեց գիրկընդխառն կռիվ, եւ նահանջին մասնակցող 1000 հոգուց 100-ը նահատակվեցին»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30