Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքը` աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կիզակետում

Հունիս 05,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ»

Հունիսի 2-ին Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն անցյալ շաբաթ Երեւանում հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել: Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը: Նա Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է:

Հայտնի է, որ հյուպատոսական գործակալությունն ավելի բարձր կարգավիճակ ունի, քան պատվո հյուպատոսի գրասենյակը: Թե ինչո՞ւ է պաշտոնական Փարիզը որոշել Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն բացել պատվո հյուպատոսարան, այս հարցը վերջին օրերին բավական քննարկվեց: Պատվո հյուպատոսի գրասենյակը գլխավոր հյուպատոսությունից շատ ավելի ցածր կարգավիճակ ունի եւ որպես կանոն՝ քաղաքական գործառույթներ ու անձեռնմխելիություն չունի: Պատվո հյուպատոսի գրասենյակը հիմնականում հումանիտար, մշակութային գործառույթներ ունի եւ կարող է որոշ դեպքերում մատուցել հյուպատոսական ծառայություններ, բայց դա արդեն նշանակող երկրի որոշմամբ: Հիշեցնենք, որ Իրանը Կապանում դեռեւս 2022-ին բացեց գլխավոր հյուպատոսություն:

Այն, որ Ֆրանսիան մտադիր է Սյունիքում հյուպատոսություն բացել, դեռեւս 2023-ին հայտարարել էր այդ երկրի արտգործնախարարը: «Ազատությունը» վկայաբերել էր «Ֆիգարոն», որն անդրադառնալով Փարիզի այդ որոշմանն, այն ժամանակ գրել էր, թե Ֆրանսիան ցանկանում է կանխել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի հարավի վրա, եւ Բաքվին այդ քայլից ետ պահելու եւ Երեւանին իր աջակցությունը ցույց տալու համար էլ արտգործնախարար Կոլոնան հայտարարեց Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին:

Այսպես, հունիսի 2-3-ը Գորիսում տեղի ունեցավ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը: «Հերթական՝ 5-րդ, համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարեւորությունը, Սյունիքի մարզի եւ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջեւ ընդգրկուն եւ օրինակելի համագործակցությունը», – ասվել էր Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանած հյուրերի թվում էին` քաղաքապետեր, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ՝ ներառյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն եւ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը:

«Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարությանը, հետագա ամրապնդմանը»,- «Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության» 5-րդ համաժողովի բացմանը նշեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը: «Բարձր ենք գնահատում նաեւ երկկողմ եւ եվրոպական ձեւաչափով ցուցաբերվող Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի պաշտպանական կարողություններին եւ տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաեւ աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանը, Եվրոպային առավել մոտենալու մեր ցանկություններին»,- հավելեց Կոստանյանը: Վերջինս նկատեց, որ համաժողովի կազմակերպումը Գորիսում բնական եւ սպասելի է՝ հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների եւ դրանց թվում առաջնահերթ Սյունիքի մարզի զարգացման եւ դիմակայնության բարձրացման նպատակը: Կոստանյանը հույս հայտնեց, որ համաձայն երկու երկրների կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Սյունիքում մոտ ապագայում կտեսնեն ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում:

«Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ ամենալայն տարածաշրջանի շահերին»,- նշել է փոխարտգործնախարար Կոստանյանը: Նա նաեւ հավելել էր, որ Հայաստանի նպատակն է ձեւավորել խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն՝ դարպասները, եւ սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները: Կոստանյանի խոսքով՝ Սյունիքում կազմակերպված միջոցառումը դրա խոսուն վկայությունն է:

«Գորիսը մի քաղաք է, որը Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում է գտնվում, քաղաք, որը հյուրընկալեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված ամբողջ բնակչությանը»,- համաժողովի բացմանը նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին. «Սա քաղաք է, որ կառուցում է խաղաղություն տարածաշրջանում, այն եղել է միշտ խաչմերուկում եւ խաղաղության կառուցմանն է միտված եղել: Եվ Գորիսը նորից կդառնա խաչմերուկ: Մեր ներկայությունը այստեղ շատ նշանակալից է»: Բացի այդ, դեսպան Դըկոտինյին հայտնել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում ստեղծվել է Հայաստանի հետ համագործակցության համակարգողի պաշտոն. «Այն նմանը չունի այլ երկրների հետ, քանի որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կա այս կապը, եւ այն բազմաշերտ է»։

Այսպես, ինչո՞ւ Ֆրանսիան Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն ավելի ցածր կարգավիճակ ունեցող պատվո հյուպատոսի գրասենյակ բացեց: Հարցին անդրադարձել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը. «Ինչո՞ւ ոչ հյուպատոսություն… քանի որ Սյունիքում բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսություն բացվի»: «Բայց սա ավելին է, քան հյուպատոսությունը, քանի որ պատվո հյուպատոսի գրասենյակում լինում են գործողություններ: Եվ Գորիսում, եւ Սյունիքում հայերն ու ֆրանսիացիները գործում են ձեռք ձեռքի տված»,- հավելել է Դըկոտինյին:

Հարցին անդրադարձել էր նաեւ փոխարտգործնախարար Կոստանյանը, նկատելով, որ ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը քաղաքական շատ կարեւոր արձանագրում է: Նա միաժամանակ խոսել էր գրասենյակի սիմվոլիկ նշանակության մասին. «Հաշվի առնելով, որ պատվո հյուպատոսի գրասենյակի մասին է խոսքը, էստեղ առավելապես քաղաքական ներկայացվածության եւ սիմվոլիկ նշանակության մասին է խոսքը գնում, հյուպատոսական գործունեություն որպես էդպիսին, օրինակ՝ վիզաների տրամադրում, եթե չեմ սխալվում, չի նախատեսվում»:

ԱՄՆ-ը փորձում է կանխել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ռիսկը

Երեւանում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ուշագրավ միտք էր արտահայտել, նշելով, որ Փարիզն աջակցում է խաղաղության համաձայնագրին Բաքվի հետ, ապա հավելել էր. «Ինչպես իմ գործընկեր Մարկո Ռուբիոն է ասել, ժամանակն է այն ստորագրելու եւ վավերացնելու: Ահա ինչ են սպասում Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Եվրոպան: Աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը…»:

Երկու շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր` փորձում ենք կանխել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ռիսկը: Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ է տեսնում եւ հստակ շեշտել են, որ ակտիվ ներգրավվել են` կանխելու ռազմական բախումը: Ռուբիոն այս մասին նշել էր` ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Վաշինգտոնի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանում էր կոնգրեսականների հարցերին, որոնք ասում էին, թե Հայաստանը սպասում է Միացյալ Նահանգների օգնությանը, հետաքրքրվում էին՝ արդյոք նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է շրջանցել 907-րդ հոդվածը, որն արգելում է Բաքվին ամերիկյան ռազմական աջակցություն տրամադրել:

«Մենք դեռ որոշում չենք կայացրել այդ հարցի վերաբերյալ, քանի որ այժմ մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է, որ նրանք համաձայնեն խաղաղության պայմանագրին, որը չի հանգեցնի հարեւան երկիր՝ Հայաստան ներխուժմանը։ Մենք ցանկանում ենք կանխել դա։ Նախագահը խիստ հավատարիմ է պատերազմները կանխելու իր խոսքին։ Եվ մենք փորձել ենք երկու կողմերին՝ հատկապես Ադրբեջանին, ներկայացնել այն հսկայական օգուտները, որոնք կարող են բխել խաղաղության պայմանագիր ստորագրելուց եւ պատերազմի մեջ չներքաշվելուց, ինչը մենք համարում ենք կործանարար: Դա վերջին բանն է, որ այժմ անհրաժեշտ է տարածաշրջանում»,- նշել էր ԱՄՆ պետքարտուղարը:

Հարկ է նկատել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը նաեւ ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության գծով խորհրդականն է, եւ վստահաբար նրան հասանելի են հետախուզական հատուկ ծառայությունների զեկույցները, հետեւաբար, նման հայտարարությունները պատահական չեն լինում:

Կոնգրեսականները Մարկո Ռուբիոյին հիշեցրել էին նաեւ Բաքվում պահվող հայ գերիների մասին, ցեղասպանություն որակել Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, նշելով, որ բռնապետ Իլհամ Ալիեւը քաղաքական ընդդիմախոսներին բանտեր է ուղարկում: Պետքարտուղարը չէր հակադարձել, սակայն արձագանքել էր դիվանագիտական լեզվով. «Միգուցե մենք համաձայն չլինենք իշխանության գործող համակարգի հետ, գուցե ցանկանայինք, որ այն այլ լիներ։ Բայց իրականությունն այն է, որ հաճախ ստիպված ենք գործ ունենալ երկրների հետ, որոնց կառավարման մոդելները կարող են հեռու լինել իդեալականից։ Բայց մենք պետք է խոսենք նրանց հետ՝ ելնելով մեր ազգային շահերից, հավասարակշռենք բոլոր չափանիշները առանց զիջելու: Միաժամանակ պետք է հնարավորություններ գտնենք առաջ մղելու մարդու իրավունքները։ Ադրբեջանը մեզ ընձեռում է նման հնարավորություն՝ ավելի լայն խաղաղության համատեքստում, որին մենք փորձում ենք հասնել»:

Այսպես, պետքարտուղարը նշել էր, որ հայ գերիների ազատ արձակումը ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ջանքերի «կարեւոր» բաղադրիչ է, որը «ուղղված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն հաստատելուն»։ «Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելուն»,- ասել էր Ռուբիոն, հասկացնել տալով, որ ԱՄՆ-ը երկրների հետ շփվում է ազգային շահերից ելնելով՝ միաժամանակ ձգտելով հավասարակշռել դրանք դիվանագիտության հետ։

Որքանո՞վ է Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմն առաջնահերթություն տալիս այս տարածաշրջանին… Այս հարցին միանշանակ դրական չի կարելի պատասխանել ու պնդել, որ մեր տարածաշրջանը Վաշինգտոնի օրակարգում առաջնային տեղերում է: Սակայն նաեւ նկատելի է, որ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասը կարեւոր տարածաշրջան է. մի կողմից ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Թուրքիան է, իսկ մյուս կողմից` Վաշինգտոնի «հակառակորդ» Իրանը:

Թրամփը խոստանում էր, որ երբ ստանձնի նախագահի պաշտոնը, կվերականգնի խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հիմա, երբ խաղաղության պայմանագիրը պատրաստ է, Վաշինգտոնը Բաքվի ուղղությամբ անհրաժեշտ ճնշումներ կգործադրի՞, կպահանջի՞ Ալիեւից դադարեցնել Երեւանին ուղղված պահանջների շարանը:

Ի դեպ, Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն օրերս ուշագրավ ձեւակերպում էր արել: Տարածաշրջանը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Հունաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, Եգիպտոսը, Պարսից ծոցի երկրները եւ Չինաստանը։ Սակայն Թուրքիան հմտորեն գտնում է իր տեղը այս բոլոր դերակատարների շարքում, ըստ թուրքական լրատվամիջոցների, նշել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը։ Ըստ Բարաքի՝ Մերձավոր Արեւելքում պատմական հակամարտությունների ու անկայունության պատճառը Արեւմուտքի՝ Արեւելքին ապագայի իր տեսլականը պարտադրելու փորձն է։ «Սիրիայի նկատմամբ մեր ներկա քաղաքականությունը կտարբերվի վերջին հարյուր տարվա ընթացքից, քանի որ նախորդ ռազմավարություններից ոչ մեկը հաջող չի եղել։ Մենք շատ դժվար տարածաշրջանում ենք, բայց Թուրքիան աներեւակայելի հաջողությամբ է հաղթահարում այն։ Ամերիկան այլեւս գլոբալիստ չի լինի, այլեւս չի հետեւի նեոպահպանողական գաղափարներին։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, բարգավաճում եւ փոխըմբռնում»,- նշել էր դեսպանը։

ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումները կարեւոր են լինելու Հայաստանի դիմակայունության տեսանկյունից: Ակնհայտ երեւում է, մասնավորապես, Սյունիքի նկատմամբ աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրվածությունը` տարբեր դրսեւորումներով:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30