2025 թվականի ապրիլի 21-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հրաչիկ Հախնազարյանի դիմումը, որով վերջինս խնդրել է. Հայաստանի Սահմանադրության 61 եւ 63, ու 75, 79, 80, 81-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը: Ներկայացնելով թիվ ԵԴ/29347/02/19 քաղաքացիական գործի, ինչպես նաեւ թիվ ԵԴ/0065/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունները՝ դիմողը նշում է, որ սույն դիմումով վիճարկում է թիվ ԵԴ/29347/02/19 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2024 թվականի հուլիսի 25-ին կայացված որոշմամբ, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշմամբ անմիջականորեն վկայակոչված եւ իր նկատմամբ փաստացի կիրառված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, համաձայն որի՝ «Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու հարցը քննության առնելու մասին» որոշումը չի կարող հավասարեցվել վերջնական մեղադրական դատավճռի հետ, եւ նշված որոշումը չի կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով համարվել որպես նոր երեւան եկած հանգամանք:
Դիմողը գտնում է, որ «դատավճիռ» եզրույթն անհրաժեշտ է մեկնաբանել առավել լայն՝ որպես եզրափակիչ դատական ակտ, որով հաստատվում է անձի մեղավորությունը, քանի որ այլ մեկնաբանության արդյունքում փաստացի ստացվում է մի իրավիճակ, երբ խախտվել են անձի սահմանադրական եւ կամ կոնվենցիոն իրավունքները, սակայն դրանք ենթակա չեն վերականգնման միայն այն պատճառով, որ առկա չէ դատավճիռ: Ըստ նրա, քրեական գործը դատավճռով ավարտելու իրավական հնարավորությունը դուրս է մասնավոր անձի իրավասության տիրույթից եւ գտնվում է վարույթն իրականացնող մարմնի եւ դատարանի լիազորությունների սահմաններում, քանի որ գործն օրենքով սահմանված կարգով նախաքննություն իրականացնող մարմնի կողմից դատարան փոխանցելու եւ այն դատարանի կողմից քննելու պայմաններում կարող է կայացվել դատավճիռ: Ընդ որում, ըստ դիմողի, այն պարագայում, երբ օրենքով նախատեսված դեպքերում «վաղեմության ժամկետի ավարտ, հանցանքի ապաքրեականացում» եւ այլն չի կայացվում դատավճիռ, սակայն քրեական գործի շրջանակներում ընդունված որոշումներով ապացուցվում է մեղսագրվող արարքը, անձը չի կարող զրկվել ոչ իրավաչափ գործողությունների «հանցագործության» հետեւանքով իր իրավունքների պաշտպանության եւ վերականգնման հնարավորությունից:
Դիմողի պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին տրված նեղ մեկնաբանության պայմաններում ստացվում է, որ հանցագործության փաստի առկայությունը որոշմամբ կամ դատական այլ ակտով հաստատվելը դեռեւս ոչինչ չի նշանակում, քանի որ վարույթի արդյունքում կայացված վերջնական ակտը «դատավճիռ» եզրույթի ներքո չի դիտարկվում, չնայած, ինչպես եւ դատավճիռը, այն բովանդակային առումով եւս պարունակում է հիմնավորված փաստեր անձի մեղավորության հաստատման վերաբերյալ, նշվածն էլ այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում հաստատվել է գրավոր ապացույցի կեղծված լինելը, հանցագործության համար մեղադրվող անձն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, եւ միայն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով է քրեական գործի վարույթը կարճվել: Ըստ դիմողի՝ վիճարկվող դրույթներին տրված նեղ, Սահմանադրությունից չբխող մեկնաբանության պայմաններում ստացվում է, որ անձը կարող է զրկվել ինչպես իր սահմանադրական իրավունքները պաշտպանելու եւ վերականգնելու իրավունքից, այնպես էլ իր սեփականության իրավունքից, քանի որ վիճարկվող նորմում նշված է «դատավճիռ» եզրույթը:
Դիմողը նաեւ նշել էր. «Քրեադատավարական գործիքակազմի գործադրման միջոցով ձեռք է բերվել կոնկրետ անձի կողմից նոր երեւան եկած հանգամանք վկայակոչող արարքը կատարելու վերաբերյալ ապացույց»: Դիմողի պնդմամբ՝ այն, որ քրեադատավարական օրենսդրությունը կոնկրետ հիմքերի առկայության դեպքում պահանջում է կայացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում եւ բացառում է դատավճիռ կայացնելու իրավական հնարավորությունը, չպետք է հիմք հանդիսանա իր խախտված իրավունքի վերականգնումը մերժելու համար, քանի որ ինքը կրում է օրենքով չնախատեսված եւ իր վարքագծով չպայմանավորված չափազանց ծանր բեռ: Հետեւաբար, ըստ դիմողի, Վճռաբեկ դատարանի կողմից քննարկվող նորմի նման նեղ մեկնաբանումը հակասում է արդար դատաքննության իրավունքին եւ իրավական որոշակիության սկզբունքին:
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «Դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել եւ ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի եւ իր իրավունքների խախտման փաստի միջեւ: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաեւ դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ եւ նյութեր», պատճառաբանել եւ մերժել էր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.06.2025