Լրահոս
Օրվա լրահոսը

Վաւերագրերում կան ահասարսուռ տուեալներ, թէ Ցեղասպանութեան մի փուլում ինչպէս են ֆիզիկապէս ոչնչացուել 250 հազար 1-16 տարեկան երեխաներ. «Ասպարեզ»

Հունիս 05,2025 11:21

«Հայոց Ցեղասպանութեան Զոհ Կանանց Եւ Երեխաների Փրկութեան Գործը «Տեղեկատու Դիւան»ի Վաւերագրերում. Զաւէն Պատրիարքի Զեկոյցը Ազգերի Լիգային» խորագրով հրատարակութիւնը Երուսաղէմի Հայոց պատրիարքարանում գտնուող արխիւային նիւթերից բացառիկ հաւաքածու է, որի շնորհանդէս Լոս Անջելեսում կայացաւ Մայիսի 22ին:

Լա Կրասենտայի «Մհեր եւ Սաթիկ Տէր Յովհաննէսեան» կենտրոնում, գրքի համահեղինակը` ԵՊՀ դոցենտ, թուրքագէտ Լուսինէ Սահակեանն հանդէս եկաւ բանախօսութեամբ` ներկայացնելով ուսումնասիրութեան նպատակները, անդրադարձաւ Ցեղասպանութեան զոհ հայ կանանց եւ որբերի ճակատագրի վերաբերեալ գրքում տեղ գտած մանրամասների:

«2017 թուականին, Երուսաղէմի պատրիարքարանում իրականացնելով Կ. Պոլսի պատրիարք Զաւէն արք. Տէր Եղիայեանի հովանու ներքոյ ստեղծուած «Տեղեկատու Դիւան»ի` «Հայոց Ցեղասպանութեան ու Հայկական Հարցի» արխիւի թուայնացման եւ ցուցակագրման աշխատանքները, մեր աշխատանքային խմբի առանձնակի ուշադրութիւնը փաստական ընդգրկումով գրաւեց Ցեղասպանութեան զոհ կանանց եւ երեխաների փրկութեան գործը ներկայացնող թղթապանակը: Դիւանն իր ծանր ու հայրենանուէր գործունէութիւնը ծաւալել է 1919-1922 թթ.` հաւաքելով հազարաւոր վաւերագրեր, որոնք մեծածաւալ տեղեկութիւններ են հաղորդում Հայկական Հարցի եւ Ցեղասպանութեան վերաբերեալ: Վաւերագրերը ներկայացնում են նաեւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի եւ Ազգային պատուիրակութեան ծաւալած համատեղ գործունէութիւնը` Կ. Պոլսում, Հայաստանի Հանրապետութիւնում, Կիլիկիայում, Լիբանանում, Սիրիայում, Երուսաղէմում հաւաքուած հայ գաղթականների եւ որբերի խնամատարութեան, որբանոցների աշխատանքների կազմակերպման, Միջագետքի անապատներից նրանց տեղակայման դժուարին պարտականութիւնները, ինչպէս նաեւ` որբերի փրկութեան առանձին պատմութիւններ: Այս վաւերագրերի շարքում կայ «ի 285ի 363» անուանումով թղթապանակ, որը բաղկացած է մի քանի զեկոյցներից` «Ժնեւի Կենտրոնական կոմիտէի պատերազմի զոհ դարձած երեխաների օգնութեան միջազգայի միութեան» Հայկական բաժնի զեկոյցը (1920թ., Յուլիսի 12, ֆրանսերէն), Զաւէն Պատրիարքի զեկոյցը` առաքուած Ազգերի Լիգային (ֆրանսերէն), Առաքել Չաքրեանի տեղեկագիրը (անգլերէն), եւ եւս մէկ զեկոյց (ֆրանսերէն): Վաւերագրերը ներառում են օսմանեան իշխանութիւնների, ապա քեմալականների կողմից հայ կանանց ու երեխաներին համակարգուած կոտորելու կամ թուրքացնելու, նրանց արգելափակման, ստրկավաճառութեան եւ ազատագրութեանն ուղղուած գործողութիւնների մասին բազմաթիւ մանրամասներ: Թէեւ այս թղթապանակից որոշակի էջեր հետազօտուել էին մասնագէտների կողմից, սակայն մեր հեղինակային խումբը որոշեց թարգմանել, ուսումնասիրել եւ հրատարակել այս յոյժ կարեւոր թղթապանակի բոլոր վաւերագրերը` քննելով դրանք պատմաքաղաքական համապատկերում», պատմեց  Սահակեանը:

1918թ.ի Մուդրոսի զինադադարից յետոյ,  Զաւէն պատրիարքը հնարաւորութիւն է ստանում աքսորից վերադառնալ Կ. Պոլիս եւ ստանձնել իր աթոռը` ներգրաւուելով տարբեր աշխատանքներում, այդ թւում` որբահաւաքի: Անգլիայի յորդորով, նա սկսում է նաեւ հաւաքել Ցեղասպանութեան ոճրագործութիւնների մասին փաստեր, որպէս հայկական շահերը ներկայացնող իրաւական կողմ, դրանք Պոլսում ստեղծուած Օսմանեան ռազմական դատարաններում ներկայացնելու համար: Այս փաստերը եւս տեղ են գտել «Տեղեկատու Դիւան»ի արխիւներում:

«Պատրիարքի հովանու ներքոյ, անտեսելով վտանգները, մի խումբ նուիրեալներ՝ Արշակ Ալպոյաճեանը, Գրիգոր Դաւիթեանը, Առաքել Չաքրեանը, Զ. Զօրայեանը, անուններ, ում մենք պէտք է  միշտ յիշենք, եւ միշտ մեր երախտիքը յայտնենք, քրտնաջանօրէն հաւաքել են այս բացառիկ արխիւը: Նրանք շատ լաւ հասկանում էին, որ գալու է արդարութիւնը վերականգնելու, եւ Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներին, յանցագործներին, մասնակիցներին դատապարտելու ժամանակը: Փաստաթղթերում կարող էք տեսնել տարբեր լեզուներով` հայերէն, անգլերէն, ֆրանսերէն զեկուցագրեր, վիճակագրական ցանկեր, օսմանական վաւերագրեր, որոնք ունեն կնիքներ եւ սա էլ  յստակ վկայութիւն է Ցեղասպանութեան պետականօրէն կազմակերպուած լինելու հանգամանքի», իր խօսքում նշեց Լուսինէ Սահակեանը:

«Երիտթուրքերի համար, Հայոց Ցեղասպանութեան գագաթնակէտի կարեւոր բաղկացուցիչներից էր՝ կանանց եւ որբերի իւրացումը, այսինքն, երիտթուրք պարագլուխներն ու Օսմանեան իշխանութիւնները վերջնականապէս կտրում էին հայ ժողովրդին բնականոն զարգացումից: Օրինակ, վաւերագրերում կան ահասարսուռ տուեալներ, թէ Ցեղասպանութեան մի փուլում ինչպէս են ֆիզիկապէս ոչնչացուել 250 հազար 1-16 տարեկան երեխաներ: Նաեւ տուեալներ կան, որ պատրիարքարանի գործունէութեան շնորհիւ յաջողուել է փրկել թուրքական տներում, հարեմներում արգելափակուած շուրջ 74 հազար որբերի, որոշ տուեալներով այդ թիւը 90 հազար է», գրքում տեղ գտած որոշակի տուեալներ ներկայացրեց Լուսինէ Սահակեանը:

«Տեղեկատու Դիւան»ի վաւերագրերը պահպանուել եւ Երուսաղէմ են հասել Զաւէն պատրիարքի շնորհիւ, ով 1922թ.ին կանխազգալով, որ քեմալականները պէտք է մտնեն Պոլիս, «Տեղեկատու Դիւան»ի ստեղծած արխիւը` 11 արկղ, որ բաղկացած էր  25 գործերից (դոսիէներից), կարողանում է դուրս հանել գաղտնի ճանապարհով, ուղարկել Մենչեսթեր, այնուհետեւ Մարսէյ եւ 1938թ.ին արխիւը ի պահ է տրւում Երուսաղէմի Հայոց պատրիարքարանին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30