Կառավարությունը հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը: Փաստաթուղթը ներառում է երեք ռազմավարական նպատակ՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելում, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ապացուցահեն, էթիկական, գենդերազգայուն բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերականգնման և վերաինտեգրման, ինչպես նաև հանրային առողջության պահպանման ապահովում։ Յուրաքանչյուր նպատակի շրջանակում նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ՝ 13 ռազմավարական ուղղություններով, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման հետևանքների մասին բնակչության իրազեկում, անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելում, դատապարտյալների և ազատությունից զրկված այլ անձանց շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման և չարաշահման կանխարգելում, զինծառայողների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման կանխարգելում, թմրամիջոցների օրինական շրջանառությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործում, ապօրինի թմրամիջոց գործածող անձանց համար սահմանափակումների նախատեսում, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմամբ պայմանավորված խանգարումներ ունեցող անձանց կայուն վերականգնման կառավարում և սոցիալական վերաինտեգրում և այլն:
Կարդացեք նաև
Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ռազմավարական ծրագիրն անդրադառնում է թե՛ մեր հանրության առողջությանը, առողջապահական ոլորտին, թե՛ նաև հանրային անվտանգությանը: Ըստ նախարարի՝ առաջին անգամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեման անդրադարձ է ունենում այս դիտանկյունից: «ՀՀ-ի դեպքում, բնականաբար, տարիների կտրվածքով վերլուծել ենք իրավիճակը: Ունեցել ենք մտահոգիչ թվեր, և, ըստ այդմ, մեր ռազմավարական մոտեցումները վերադասավորել ենք այս տեսանկյունից: Եվ պիտի փաստեմ, որ եթե 2018 թվականին գրանցվել էր, օրինակ, այս խումբ հանցանքների 877 դեպք, 2021-2022 թվականներին, երբ Կառավարությունը նաև հայտարարեց այս խումբ հանցագործությունների դեմ պայքարն ավելի ինտենսիվացնելու քաղաքականության մասին, պիտի փաստեմ, որ թվերն էական աճ են ապրել՝ հաշվի առնելով բացահայտման աճի մասով մեր ունեցած տվյալները: Արդեն 2023 թվականին ունեցել ենք 5070 դեպքի արձանագրում, բայց այս տարվա կտրվածքով, երբ 2023-ը վերլուծել ենք, նկատել ենք, որ կարիք կա փոխելու մեր քաղաքականությունը և ավելի շատ շեշտը դնելու ներմուծման շղթայի վրա և նաև արտադրության շղթայի վրա, որպեսզի հետագայում մանր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն: Եվ ունեցել ենք կոնկրետ արձանագրում արդեն վիճակագրական առումով և 2024 թվականին արդեն արձանագրել ենք 3639 դեպք, որը, բնականաբար, նվազում է ենթադրում: Բացի հանցավորության դեպքերի նմանատիպ իրավիճակից՝ այս նվազումը նաև հիմք է եղել նրա, որ մանր չափի՝ հատկապես բուսական ծագում ունեցող թմրամիջոցների դեպքերում, երբ ունեցել ենք հանցանքի մասին հաղորդում, հաշվի առնելով իրացման դրվագի բացակայությունը, հիմնականում վարչական իրավախախտման տրամաբանության մեջ ենք հարցը դիտարկել: Թմրամիջոցների հետ կապված՝ վարչական իրավախախտումների տեսանկյունից ունեցել ենք աճ: Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից ևս վերջին տարիներին ունեցել ենք հաշվառված անձանց թվի աճ, ինչը մի կողմից դրական է, որովհետև ի վերջո մենք բարձրաձայնում ենք նաև կախվածությունների մասին, անձինք անցնում են հաշվառում, իսկ մյուս կողմից նաև վկայում է այն մասին, որ դեռ ունենք կախվածություն ունեցող այնպիսի անձինք, որոնց հետ պետք է ճիշտ և գրագետ աշխատանք տարվի»,- նշել է նախարարը:
Արփինե Սարգսյանը նշել է նաև, որ ռազմավարական մոտեցման շրջանակներում 2023-ը երբ համեմատում ենք 2024 թվականի հետ, արձանագրվում է, որ 2024 թվականի ընթացքում ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի և համագործակցության ինտենսիվացման արդյունքում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, որը շուրջ 200 կգ-ով ավելի է, քան 2023 թվականին: «Եթե համադրենք 2025 թվականի առաջին մի քանի ամիսների տվյալները, ապա արդեն իսկ հասցրել ենք համատեղ ուժերով դուրս բերել 173 կգ թմրամիջոց ընդհանուր շրջանառությունից՝ կրկին թիրախավորելով հատկապես ներմուծման պրոցեսը»,– ասել է նախարարը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը պետք է լինի համալիր և առաջնահերթ ուղղված լինի ներմուծմանը և արտադրությանը: Վարչապետն ընդգծել է, որ ռազմավարական մոտեցումը պետք է արդյունքները տեսանելի դարձնելու հնարավորություն տա:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում առկա է 152 հայցադիմում. ընդհանուր հայցագինը գերազանցում է շուրջ 600 միլիարդ դրամը
Կառավարության որոշմամբ Աշտարակ համայնքի Օրգով գյուղում գտնվող 4 հա մակերեսով հողամասը կամրացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, հողամասը ՀՀ-ին է փոխանցվել Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունվարի 13-ի վճռով՝ Աշտարակի համայնքապետի Դատախազության հայցի բավարարումից հետո: Հողամասի շուկայական կադաստրային մոտարկված արժեքը կազմում է շուրջ 31,7 մլն դրամ: Հողամասի աճուրդը ճանաչվել է անվավեր: Դրա հիմքով 2025 թ. մարտի 14-ին հողամասն արդեն պետական գրանցում է ստացել՝ որպես ՀՀ սեփականություն:
Անդրադառնալով որոշմանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ այն համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում Դատախազության կողից ներկայացված հայցի բավարարման արդյունք է: Օրգով համայնքի նախկին ղեկավարը 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդով 4 հա մակերեսով հողամասն օտարել էր իր որդուն: «Ավելին, հողամասը տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ: Սա «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողատարածք է, այդ պատճառով ամրացվում է ԿԳՄՍ նախարարությանը»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազը:
Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև գործադիրի նախորդ որոշումներով դատախազության տարբեր լիազորությունների շրջանակում պետությանն ամրացված գույքերին: Նա նշել է, որ մեկ շաբաթ առաջ Շրջակա միջավայրի նախարարության է ամրացվել 2 հողատարածք. դրանք գտնվում են մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում: «2 հողատարածքների ընդհանուր արժեքը 1.5 մլն ԱՄՆ դոլար է: Ինչո՞ւ ենք ամրացրել ՇՄՆ-ին: Նախարարության հետ քննարկումների արդյունքում այս փուլում հանգել ենք եզրահանգման, որ որևէ շինարարություն տարածքում չի իրականացվելու, և տարածքն օգտագործվելու է որպես անտառային նշանակության օգտագործելու համար: Սա ևս պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում վերադարձված գույք է:
Նշեմ, որ 2005 թվականի մայիսի 2-ին և 2005 թվականի հունիսի 30-ին կնքվել են առուվաճառքի պայմանագրեր Երևանի նախկին քաղաքապետի և ֆիզիկական անձանց միջև: Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է պետական շահերի պաշտպանության երկու հայցերը և անվավեր էր ճանաչել առուվաճառքի պայմանագրերը ու կիրառել անվավերության հետևանքները: Այդ գույքերը անցյալ շաբաթ ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը:
Առաջիկայում Կառավարության նիստին կներկայացվի և լիազոր մարմնին կամրացվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ շուրջ 1 մլն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.3 հա մակերեսով հողամասը: Նշեմ, որ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր մեր Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Սամվել Մայրապետյանի: Հայցով մենք պահանջել էինք անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը, աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ: Դատարանը բավարարել է մեր հայցը, վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Առաջիկայում ըստ նպատակային նշանակության գույքը կամրացվի Կառավարության լիազոր մարմնի»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը:
Աննա Վարդապետյանը հավելել է նաև, որ պարբերաբար այս հայցերի մասին հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով, տեղեկացնում են Կառավարության գործընկերներին, որ նման գույքեր կան վերադարձված, և գույքերն անհրաժեշտ է ըստ իրենց նպատակային նշանակության կիրառել:
Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև վերջին 2 ամիսների ընթացքում մի շարք համայնքներում՝ համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում վերադարձված գույքերին: Այսպիսով՝ Իջևան և Դիլիջան համայնքներին վերադարձվել են մանկապարտեզների տարածքներ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի դատախազությունը կրկին պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրվել են Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: «Ինչպես ենք մենք իմանում այս կամ այն համայնքային նշանակության գույքը մասնավոր անձանց պատկանելու մասին, հիմքը քաղաքացիների դիմումներն ու հաղորդումներն են, որոնց մենք ստանում ենք տարբեր եղանակներով՝ ինչպես սոցիալական կայքերի միջոցով, այնպես էլ գրավոր փաստաթղթերով: Ուսումնասիրության արդյունքում նույն սխեման էր վեր հանվել. 2017 թվականի փետրվարի 27-ին Խաշթառակ գյուղական համայնքը, ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել էր անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Մեզ շատ հետաքրքրել էր պայմանագրի արժեքը՝ տարեկան 165 հազար դրամ վարձավճար: Երբ մենք բաժանեցինք ամիսների, դա մոտավորապես 13 750 դրամ էր կազմում ամսական, և 25 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվել մանկապարտեզի մասնաշենքը: Նաև նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված պայմանագրի հետևանքով, փաստորեն, վարձակալության հանձնված անշարժ գույքը չէր ներառվել 2023 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնարկած՝ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Արդյունքում՝ մանկապարտեզը հիմնանորոգվել էր կիսատ: Մանկապարտեզի այս խնդրի վերաբերյալ գրությամբ տեղեկացվել է համայնքի ղեկավարը, այս պահին անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծված է: Մենք նաև համայնքին տեղեկացրել ենք, որ անհրաժեշտ է հետագա հիմնանորոգման աշխատանքներում ներառել նաև այդ տարածքը: Նշեմ, որ մանկապարտեզի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 44 մլն 121 հազար դրամ է: Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող՝ 891.1 քմ մակերեսով մանկապարտեզն արժե մոտավորապես 85 մլն 935 հազար դրամ: Դա կրկին շուկայականին մոտարկված կադաստրային արժեքն է»:
Աննա Վարդապետյանը նշել է նաև, որ 2025 թվականի մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող՝ շուրջ 321 հազար դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6,5 հա մակերեսով մարզադաշտի նկատմամբ:
Անդրադառնալով, մասնավորապես Դիլիջանի մանկապարտեզին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ պատմությունը կապված է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կնոջ հետ:
«Քանի որ ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղություններն ակտիվացել են, այդ մարդիկ մի խնդիր ունեն՝ ցույց տալու, որ մենք իրենց նման ենք»,- ասել է երկրի ղեկավարը՝ անդրադառնալով իր ընտանիքին առնչվող ապատեղեկատվություններին, հատկապես այն լուրին, թե, իբրև, ՀՀ վարչապետը Ֆրանսիայում 3 մլն եվրոյով տուն է գնել:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ մարդիկ չեն հասնելու են իրենց նպատակին, որովհետև ամեն մի անհեթեթության հետևից գնալու են: «Մենք շարունակելու ենք բոլոր թալանվածները հատիկ-հատիկ վերադարձնել, ուրիշ տարբերակ չկա, չեն փախնի»:
Արձագանքելով ՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է. «Դիլիջանի մանկապարտեզը 19 տարի շարունակ չի բարեկարգվել և պատկանել է առաջինը՝ երեխաներին, հասարակական բարեգործական կազմակերպությանը, հիմնադրամին, որը, ճիշտ եք, պատկանել է ԱԳ նախկին նախարարի տիկնոջը: Քրեական վարույթի շրջանակներում է, որ համայնքի հետ հաշտության արդյունքում 19 տարի շարունակ ուղղակի դատարկ կանգնած շենքը վերադարձվեց համայնքին: Մենք նաև ճշտել ենք մեր գործընկերներից, որ այն ներառված է սուբվենցիոն ծրագրում, և առաջիկայում նույնիսկ ներկայացված է Կառավարության հաստատմանը, որպեսզի մանկապարտեզը վերանորոգվի, հիմնանորոգվի: Մեր հաշվակներով մոտ 120 երեխա դուրս էր մնացել նախադպրոցական կրթությունից հենց այս շենքը ժամանակին շահագործման չհանձնելու արդյունքում»:
Աննա Վարդապետյանն անդրադարձել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին. ստեղծման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից առ այսօր մուտք է եղել 44 միլիոն 177 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 16 միլիարդ 953 միլիոն 382 հազար դրամ:
Գլխավոր դատախազը նշել է նաև, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում առկա է 152 հայցադիմում: Ընդհանուր հայցագինը գերազանցում է շուրջ 600 միլիարդ դրամը: 5 հայցադիմումի վերաբերյալ կայացվել են դատական ակտեր, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել՝ բողոքարկվել են ինչպես Գլխավոր դատախազության, այնպես էլ պատասխանողների կողմից: «Հիշեցնեմ, որ 2023-2024 թվականների ընթացքում Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 7 անշարժ, 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ՝ 815 միլիոն 200 hազար ՀՀ դրամ և 50 հազար 720 եվրո: Անշարժ գույքերի շուկայական արժեքը գերազանցում է 4 միլիարդ 200 միլիոն դրամը: 2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ: Վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Գույքերը 2025 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Ապօրինի գույքի մասով Աննա Վարդապետյանը նշել է նաև, որ Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո դատական պրակտիկան որոշակի հստակեցումների է ենթարկվում. «Կոնկրետ հայցերով լինում են իրավիճակներ, երբ մենք վերահաշվարկներ ենք անում կամ նոր հիմքերով ուսումնասիրություններ ենք կատարում և նոր հայցեր ենք ներկայացնում դատարան»:
Կառավարությունը 13,8 մլրդ դրամ է հատկացրել տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ու կառուցման աշխատանքների համար
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից 13,8 մլրդ դրամի վերաբաշխում կատարել և դա ուղղել տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ու կառուցման աշխատանքները ֆինանսավորելուն, ինչպես նաև դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը, փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերմանը, նաև արդեն ավարտված աշխատանքների՝ 5 տոկոսի ու պատրաստի նախագծերի համար վճարմանը:
Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 58 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 16.1 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 25 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 16.9 կմ, իսկ տրանսպորտային օբյեկտներից՝ հիմնանորոգվող կամուրջների քանակը 2 հատ։ Նախարարը տեղեկացրել է նաև չզեկուցվող փաթեթով ընդունված որոշմամբ նախատեսված է նաև 2,3 մլրդ դրամի վերաբաշխում կատարել, որն ուղղվելու է միջին նորոգման աշխատանքների ֆինանսավորմանը:
Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն նախագծերը, որոնք վերաբաշխման արդյունքում պետք է ֆինանսավորվեն: Այսպիսով՝ գումար կհատկացի հետևյալ աշխատանքների համար. Գյումրի քաղաքից դեպի Քեթի գյուղ տանող ճանապարհի 4.4 կմ հատվածի հիմնանորոգում, Շինուհայր-Հալիձոր-Սատանի կամուրջ շուրջ 19 կմ հատվածի հիմնանորոգում, Մեղրու լեռնանցքով անցնող ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Վանաձոր քաղաքի միջով անցնող 6 կմ հատվածի հիմնանորոգում, Սելիմի լեռնանցքի 1,53 կմ երկարությամբ հատվածի վերակառուցում, Սելիմի լեռնանցքով անցնող 14 կմ ճանապարհի հիմնանորոգում, Ջրվեժից դեպի Գառնի տանող ավտոճանապարհի 14.7 կմ հատվածի հիմնանորոգում, Մեծամոր – ՀԱԷԿ- Մեծամոր 10.7 կմ ճանապարհի հիմնանորոգում, Վարդաղբյուր – Մուսայելյան ճանապարհի 5 կմ հատվածի հիմնանորոգում, Թթուջուր բնակավայրից դեպի Նավուր տանող ավտոճանապարհի 15.1 կմ հատվածի հիմնանորոգում, Ավան բնակավայրից դեպի Խնուսիկ տանող ավտոճանապարհի 2.2 կմ հատվածի հիմնանորոգում, Հացաշեն բնակավայրից դեպի Սորիկ տանող ավտոճանապարհի 5.1 կմ հատվածի հիմնանորոգում, Զարինջա բնակավայրից դեպի Ձիթհանքով տանող ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Վանաշեն գյուղից դեպի Այգավան գյուղ տանող 2.5 կմ ճանապարհի հիմնանորոգում, Գավառից դեպի Սարուխան տանող 12.9 կմ ճանապարհի հիմնանորոգում, Ալավերդուց դեպի Սանահին թաղամաս և Ակներ տանող ավտոճանապարհի 10.12 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725կմ հատվածի և Արևելյան փողոցի 0.120 կմ հատվածի հիմնանորոգում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի հանրապետական նշանակության «Ամրոց» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան տանող ճանապարհի նորոգում, Նավուր գյուղից Չինչինով դեպի Վարագավան-Տավուշ գնացող ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգում, միջպետական նշանակության ավտոճանապարհից (Մ-2) դեպի Հարժիս տանող շուրջ 7.2 կմ հատվածի հիմնանորոգում, Մ-6 ավտոճանապարհից դեպի Աթան գնացող 27 կմ ավտոճանապարհի հիմնանորոգում: Գումար կհատկացվի հետևյալ տրանսպորտային օբյեկտների շինաշխատանքների համար՝ Նոր Հաճնի կամուրջի վերանորոգում, Մ-6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապող 2-րդ կամրջի կառուցում, Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգում: Ավարտված աշխատանքների վճարում՝ Սպիտակի ոլորանների 7.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Աբովյան քաղաքից դեպի Արզնի տանող ավտոճանապարհի 1.4 կմ հատվածի հիմնանորոգում, Հ-70-ից դեպի Լորուտ գնացող ավտոճանապարհի հիմնանորոգում: Նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայություններ՝ Մ-6 – Այրում կայարան ճանապարհի վրա Դեբետ գետի հետ հատման հատվածում քանդված կամրջի փոխարեն ժամանակավոր կամրջի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում, Ծղուկից դեպի Սառնակունք և Սպանդարյան բնակավայրերի տարածքով անցնող 7.47 կմ հատվածի հիմնանորոգում, Էջմիածնի Զվարթնող թաղամասից Էջմիածնի խճուղով դեպի Ակնալիճ և Մեծամոր տանող 5.6 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգում,
Մեղրու լեռնանցքով անցնող ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում, Կուրթան – Ձորագյուղ 15.2 կմ հատվածի հիմնանորոգում, Ենոքավանից Ջուջևան տանող 65.5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգում, դեպի Ծաղկաձորի ճոպանուղի տանող ավտոճանապարհի 5 կմ հատվածի հիմնանորոգում, Հ-70-ից դեպի Ահնիձոր տանող ավտոճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգում, Կոտայքի մարզի Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհից դեպի Կորեայի Ձոր տանող 1.1 կմ հատվածի հիմնանորոգում, Դսեղի կամուրջի հիմնանորոգում (տեխնիկական և հեղինակային հսկողության համար չվճարված գումարի վճարման համար):
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես անդրադառնալով Բջնի բնակավայրի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգմանը, նշել է, որ աշխատանքները նախատեսվում է մեկնարկել և ավարտել այս տարի. «Սրանով կամբողջացնենք Բջնիի զբոսաշրջային կլաստերում մեր կապիտալ ներդրումներն այս փուլում: Պիտի գոհունակությամբ ընդգծեմ, որ Բջնիի եկեղեցու վնասված պատն արդեն վերականգնված է», –ասել է վարչապետը՝ հավելելով, Բջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի զբոսաշրջային այս շատ կարևոր ուղղության զարգացմանը:
Միջին նորոգման ենթակա ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 64,253 կմ՝ Սևանից դեպի Գավառ տանող 2,5 կմ հատված, Ագարակ-Յաղդան ճանապարհի 15,7 կմ հատված, Օձուն – Արևածագ՝ 14,8 կմ հատված, Պառավաքար-Վարագավան- Վարագավանքի պատմական հուշարձան՝ 8,27 կմ հատված, Վարագավան-Բերդ՝ 13,4 կմ հատված, Զառիթափ-Նոր Ազնաբերդ՝ 9,5 կմ հատված:
Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է նաև, որ այս տարի արդեն 48 կմ ճանապարհ է ասֆալտապատվել. «Մոտավորապես 350-ի մասով ունենք պայմանագրեր՝ կնքված կապալառուի հետ, և ավելի քան 200-ի մասով այս պահին աշխատանքներ են իրականացվում»:
Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունների համար կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար առավել բարենպաստ պայմաններ
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար առավել բարենպաստ դաշտ ու պայմաններ ստեղծելու համար։ Մասնավորապես, սահմանվել են նոր չափորոշիչներ՝ ներդրումային ծրագրի ավարտն ու ենթակառուցվածքի ծախսերը հավաստող աուդիտորական հաշվետվությունների համար՝ վերացնելով նախկին սահմանափակումները և ընդլայնելով ընդունելի աուդիտորական ընկերությունների շրջանակը։ Վերանայվել են շահառու կազմակերպությունների պահանջները, պարզեցվել է ներդրումների ծավալի հաշվարկը՝ հաշվի առնելով այլ աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև սահմանվել է աջակցության կիրառման հստակ շրջանակ։ Որոշումը հնարավորություն կտա պետական աջակցությամբ խթանել ենթակառուցվածքների զարգացումը և ներգրավել նոր ներդրումներ։
Կարդիականացվեն հայաստանյան արտադրողների բիզնես գործընթացները
Կառավարությունը հաստատել է Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը, որի նպատակն է նպաստել հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, առևտրի դիվերսիֆիկացմանը և առևտրում արտահանման աշխարհագրության ընդլայնմանը, արտաքին շուկաների մատչելիության ապահովմանը՝ մասնակի փոխհատուցելով արտադրանքի արտահանման համար անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրման համար կատարված վճարները։ Միջազգային շուկաներ դուրս գալու սկզբնական փուլում գործարարները բախվում են արտադրանքի համապատասխանության գնահատման նպատակով տրամադրվող համապատասխանության գնահատման փաստաթղթերի հետ կապված ծախսերի խնդրին։ Դրանք հաճախ վաճառքի ծավալներից անհամարժեք մեծ են, սակայն կարևոր են և կարող են հանդիսանալ երաշխիք արտադրանքի՝ անվտանգության նվազագույն չափանիշներին համապատասխանության, իսկ որոշ դեպքերում՝ բարձր որակն ու մրցունակությունն ապացուցելու համար։ Արտադրանքի սերտիֆիկացման կամ փորձարկման աջակցության տրամադրումը կնպաստի առևտրի դիվերսիֆիկացմանը և նոր շուկաներ մուտք գործելուն և արտադրանքի արտահանման ծավալների աճին: Որոշմամբ առաջարկվում է մասնակի փոխհատուցել ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված համապատասխանության գնահատման ծախսերը, որոնք իրականացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված համապատասխան դասերում ներառված գործունեության տեսակներից որևէ մեկը։ Երրորդ երկրներ արտահանելու նպատակով արտադրանքի համապատասխանության գնահատման համար պահանջվող ծախսի մասով հարցում է արվել ՀՀ-ում միջազգային հավատարմագրում ունեցող փորձարկման լաբորատորիաներին և արտահանող կազմակերպություններին, որոնց կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն ընտրվել են սերտիֆիկացման և փորձարկման համար նախատեսված գների միջինացված արժեքները՝ առաջնորդվելով ծառայությունների շուկայական գների ընտրության տրամաբանությամբ։ Արդյունքում՝ կարդիականացվեն հայաստանյան արտադրողների բիզնես գործընթացները, որի արդյունքում կապահովվի արտադրանքի արտահանման ծավալների աճը, կբարելավվի հայկական արտադրանք արտադրող կազմակերպությունների արտահանմանն ուղղված տնտեսական բեռը, ինչը կնպաստի արտահանման աշխարհագրության ընդլայնմանը և առևտրի դիվերսիֆիկացմանը: Նախատեսվում է, որ աջակցությունից կօգտվի մոտ 500 տնտեսավարող, որոնք արտահանման նպատակով տարեկան կտրվածքով կիրականացնեն մոտ 4 գնահատում (փորձարկում կամ սերտիֆիկացում)՝ 100.000 դրամ միջին գնով։
Մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը հաստատել է Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը, որի ընդունման նպատակն է նպաստել հայկական արտադրանքի որակի բարելավմանը՝ մասնակի փոխհատուցելով արտադրանքի արտադրության մեջ ներդրված որակի կառավարման համակարգի ներդրման, պահանջներին համապատասխան սերտիֆիկացման դիմաց կատարված վճարները։ Տնտեսավարողների արտադրական գործընթացներում որակի կառավարման նորագույն համակարգերի ներդրումը կնպաստի հայաստանյան ընկերություններիարտադրանքի որակի բարձրացմանը։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կբարելավվի արտադրանքի որակը՝ համապատասխանելով ազգային և միջազգային լավագույն ստանդարտներին, կկրճատվեն հայաստանյան արտադրողների՝ արտադրանքի արտադրության գործընթացի կազմակերպման և որակի հետ կապված ծախսերը, ինչի արդյունքում կբարելավվի հայկական արտադրանքի որակը:
ՀՀ-ում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար կստեղծվի ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ
Կառավարությունը հաստատել է 2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը՝ պայմանավորված «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի «Ստանդարտների մշակման ծառայություններ» միջոցառման շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2025 թ. աշխատանքների դրույթով և ապահովում է տնտեսության ճյուղերի ինովացիոն, ինչպես նաև ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 13,558.5 հազ. դրամ: Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը: Ծրագրի նպատակն է նաև շինարարության, բարձր տեխնոլոգիաների, սննդամթերքի անվտանգության, շրջակա միջավայրի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տարածական տվյալների ոլորտներում աջակցել աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար, ինչպես նաև կապահովվի ԵԱՏՄ և ազգային- տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը, կընդլայնվի Հայաստանի Հանրապետության համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ:
Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը ներկայացնում է ՀՀ Կառավարության տնտեսական և հարկաբյուջետային, այդ թվում՝ պարտքային և ծախսային քաղաքականությունները միջնաժամկետ հատվածում, ինչպես նաև միտված է ՀՀ Կառավարության կողմից հռչակված նպատակների, սահմանված առաջնահերթությունների և թիրախների ամբողջական և արդյունավետ ապահովմանը:
Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրում
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրում՝ արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով և իրավակիրառական պրակտիկայում ծրագիրն իրականացնող պետական մարմնի կողմից արձանագրված խնդիրներին լուծում տալու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է վերանայել ծրագրի շահառուների նկատմամբ սահմանված պահանջները՝ չարաշահումներից խուսափելու նպատակով։ Մասնավորապես, առաջարկվում է ծրագրում ընդգրկել ԼՂ-ից տեղահանված այն անձանց, որոնք սահմանված մեկ ամսվա փոխարեն վերջին երեք ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող և երբևէ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ։ Նշված առաջարկությամբ փորձ է արվում կանխել նույն գործատուի կողմից շահառուին աշխատանքից ազատելու և ծրագրի շրջանակներում նորից աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը, այն պարագայում, երբ մեկ այլ շահառու ծրագրի միջոցով կարող էր ձեռք բերել զբաղվածություն։ Հստակեցվել են նաև ծրագրի շրջանակներում տրամադրված ֆինանսական միջոցների հետ վերադարձի համար բացառություն համարվող դեպքերը։ Արդյունքում՝ նախատեսվում է բարձրացնել շահառուների մրցունակությունն աշխատաշուկայում։
Կապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Արդյունքում՝ անհայտ կորածների ընտանիքները ևս երեք ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամ: Այդ նպատակով կհատկացվի 9.9 մլն դրամ:
Խրախուսվում են հերթական ներդրումային հարցերը
Կառավարության որոշումներով «Արթիկի ՓՀԿ», «Աբրիկոս», «Գրին սոլուշնս», «Պեննիլեյն» ընկերությունները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել թելերի արտադրության համար՝ իրականացնելով 634․9 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 42 աշխատատեղ 177 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 56-ի՝ 210 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 634.9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 31.8 մլն դրամ։
«Աբրիկոս» ՓԲԸ 2022-2024թթ.-ին Արագածոտնի մարզում հիմնել է 10 հա դեղձենու և ծիրանենու ինտենսիվ պտղատու այգի՝ տնկելով շուրջ 18,000 հատ ծառ։ Այգեհիմնումը կատարվել է արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ: Ներդրումային ծրագիրը այգեհիմնումից բացի, ներառում է ժամանակակից գյուղտեխնիկայի պարկի կառուցում։ Ընկերությունը ցանկանում է հիմնել գյուղտեխնիկայի պարկ՝ տարածաշրջանում հիմնված և հիմնվող այգիներին ծառայություն մատուցելու նպատակով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 203 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը)։ Մինչև 2028 թ. ընկած ժամանակահատվածն ընկերությունը նախատեսվում է ստեղծել 19 նոր աշխատատեղ՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 149 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 12 մլն դրամ:
«Գրին սոլուշնս» ՍՊԸ-ը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում կառուցել 2-րդ գեր ժամանակակից ջերմոցային համալիրը՝ 52 013 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2024թ.-ի մայիս ամսից։ Առաջին ջերմատունը արդեն իսկ կառուցվել է և գործում է: Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրք ռուսաստանյան և արաբական շուկաներում։ Ջերմոցում արտադրվելու է տարբեր, բարձր բերքատվություն ապահովող տեսակների գունավոր պղպեղներ և դրա հիմնական մասը՝ 95 տոկոսը, արտահանվելու է, իսկ մնացած 5 տոկոսը անմիջապես մատակարարվելու է ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 3 մլրդ դրամի ներդրում, հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ջերմոցների արժեքը), շինարարական աշխատանքների իրականացման, շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Մինչև 2028 թվականը ընկերությունը նախատեսվում է ստեղծել 76 նոր աշխատատեղ՝ 240 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 160 մլն դրամ:
«Պեննիլեյն» ՍՊԸ-ն ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կառուցել նոր ջերմատուն՝ վարդերի աճեցման համար՝ իրականացնելով 400 մլն դրամի ներդրում ջերմոցների ձեռքբերման, 5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 215 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 2 աշխատատեղ՝ 63 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել՝ մինչև 17-ի 165 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 400 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20 մլն դրամ։
Օրենսդրական նախաձեռնություններ
Հավանության է արժանացել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի փաթեթով ակնկալվում է ապահովել ներդրված էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառելիությունը՝ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով։ Նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ապահովել դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի անհապաղ կատարումը՝ խուսափելով անհարկի ձգձգումներից և ակտերի՝ ժամանակավրեպ դառնալուց: Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն բոլոր այն դեպքերը, երբ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի արգելադրումը պահպանվում է մինչև տվյալ վարույթով եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, քանի որ անվիճելի է, որ սահմանափակում գրանցող մարմնի համար կարևոր նշանակություն ունի, թե երբ է դատական ակտն ուժի մեջ մտել, որպեսզի գրանցված սահմանափակման դադարման պետական գրանցման համար իրավական հիմքի առաջացումը հստակ լինի: Դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերը Կադաստրի կոմիտե ներկայացնելը: Սնանկության վարույթի շրջանակներում կարգավորվել են սնանկության դիմումը վարույթ ընդունելու, անձանց սնանկ ճանաչելու, որոշ գույքերի նկատմամբ մորատորիում չտարածելու և ֆիզիկական անձանց գույքը արգելանքից հանելու վերաբերյալ հարաբերությունները՝ դրանց հիմքով սահմանափակումները ճշգրիտ և ժամանակին կիրառելու և դադարեցնելու նպատակով:
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվող կարգավորումների միջոցով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցերով երաշխիքներ սահմանել արդար դատաքննության իրավունքի մաս կազմող դատարանի մատչելիության իրավունքի լիարժեք իրացման համար՝ կապված գործերի բնույթի, դիմող սուբյեկտների և պաշտպանվող իրավունքի տեսակի հետ:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո Ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը բացվել է ստորագրման 2023թ. սեպտեմբերի 20-ին և բաց է լինելու մինչև ս.թ․ սեպտեմբերի 20-ը։ Ներկայումս այն ստորագրել է 115, վավերացրել՝ 22 պետություն։ Համաձայնագիրը շեշտադրում է չորս հիմնական խնդիր՝ ծովային գենետիկական ռեսուրսների, ներառյալ՝ օգուտների արդար բաշխում, միջոցառումներ, ինչպիսիք են՝ տարածքի վրա հիմնված կառավարման գործիքները, ներառյալ՝ ծովային պահպանվող տարածքները, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, կարողությունների զարգացում և ծովային տեխնոլոգիաների փոխանցում: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը հղում է կատարում դեպի ծով ելք չունեցող երկրներին ևս, այն հնարավորություն է տվել ՀՀ-ի համար որպես դեպի ծով ելք չունեցող երկիր մասնակցել գլոբալ կենսաբազմազանության պաշտպանության, աղտոտվածության մակարդակի նվազեցման, ինչպես նաև համաշխարհային բնական ռեսուրսների կայուն օգտագործման շուրջ իրականացվող գործընթացներին և աշխատանքներին։ Փաստաթուղթը կարևոր է նաև գիտական հետազոտությունների տեսանկյունից, ինչպես շատ պետություններ, ՀՀ-ն ևս ունի ակտիվ գիտական համայնք, իսկ Հայաստանի՝ համաձայնագրի կողմ դառնալը նոր ուղիներ կբացի գիտական համայնքի համար համաշխարհային ծովային գիտական հետազոտական նախաձեռնություններին մասնակից լինելու համար, ինչպես նաև ծովային կենսատեխնոլոգիաների ոլորտում ձեռք բերված առաջընթացը կարող է նպաստել մի շարք ոլորտների զարգացմանը: ՀՀ-ն կարող է նաև ներգրավվել ծովային կենսաբազմազանության պահպանման քաղաքականության և տարբեր ռազմավարությունների մշակման գործընթացներում ազգային իրավասությունից դուրս գտնվող տարածքների համար։ Համաձայնագիրը ՀՀ-ին թույլ կտա զարգացնել տնտեսական հնարավորությունները ծովային կենսատեխնոլոգիաների, ձկնորսության և այլ ոլորտներում, որտեղ ՀՀ-ն կարող է դիրքավորվել հետագա համագործակցությանը նպաստելու նպատակով, ինչպես նաև աջակցություն ապահովել ՀՀ-ում բնապահպանական խնդիրների լուծման համար։
Հավանություն է տրվել Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների 21-րդ համալրման շրջանակներում ՀՀ հանձնառության գործիքին: Մասնավորապես՝ ՄԶԸ առաջիկա քաղաքականության հիմնական ուղղություններից է Թվային փոխակերպումը, որի նպատակն է վերհանել ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի խոչընդոտները ինտերնետի համընդհանուր հասանելիության հասնելու համար, հատկապես՝ գյուղական վայրերում, կանանց շրջանում, ինչպես նաև անապահով համայնքների և բնակչության համար:
Կկանոնակարգվեն պետական և մասնավոր սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման գործընթացները
Կառավարության որոշմամբ հաստատվել է Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձևը և դրա տրման կարգը: Ըստ հիմնավորման՝ ներկայում մշակութային արժեքներ արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն: Նախատեսվում է առանձնացնել արտահանում և ժամանակավոր արտահանում ընթացակարգերը և ներկայացված նախագծով սահմանել մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն տալու կարգը: Նախատեսվում է մշակութային արժեքների արտահանման եզրակացությունը տրամադրել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրին համապատասխան դասակարգվող յուրաքանչյուր այն մշակութային արժեքի համար, որի համար կիրառվում է արտահանման սահմանափակում: Արդյունքում՝ կկանոնակարգվի պետական և մասնավոր սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման գործընթացները, կվերահսկվի ժամանակավոր արտահանված մշակութային արժեքների վերադարձը, կկանխարգելվի ապօրինի արտահանումը և կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը:
Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է Մշակութային արժեքների վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը: Արդյունքում՝ կապահովվի մշակութային արժեքների վերամշակման նպատակով շարժի օրինականությունը, կկանխարգելի դրանց ապօրինի տեղափոխումը և սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը:
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կվերակազմակերպվի՝ միացման ձևով «Հայաստանի պատմության թանգարանին՝ ստեղծելով այդ կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ: Որոշմամբ սահմանվել են վերակազմակերպման և անշարժ ու շարժական գույքերի ամրացման և հատկացման հետ կապված հարաբերությունները:
Գործադիրը սահմանել է Օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ