Լրահոս
Օրվա լրահոսը

Սվետլանա Նավասարդյանի դեբյուտը, և ոչ միայն, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտահանրամատչելի հանդեսի առաջին համարում` «Ռոսլինում»

Հունիս 05,2025 14:45

Ներկայացնում է ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը

Աննա Ասատրյան

 

– Տիկին Ասատրյան, օրերս լույս է տեսել «Ռոսլին» արվեստի հանդեսի 2025 թվականի 1-ին՝ գարնանային համարը, որն արդեն հրատարակվել է որպես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտահանրամատչելի հանդես, ինչի առիթով ընդունեք նաև մեր շնորհավորանքները:

–Շնորհակալ եմ թե՛ շնորհավորանքի, թե՛ հայ արվեստագիտության հանդեպ «Առավոտի» ուշադիր ու հոգատար վերաբերմունքի համար:

Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել համարի հիմնադիր-խմբագիր Վրեժ Առաքելյանին, հանդեսի բոլոր հեղինակներին և ապագա ընթերցողներին:

Ուզում եմ ևս մեկ անգամ իմ խորին երախտագիտությունը հայտնել Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսիններին, քանի որ «Ռոսլինը» միս ու արյուն է ստանում, հրատարակվում է հենց նրանց մեկենասությամբ։

Ուզում եմ հատուկ ընդգծել «Ռոսլինի» աշխատակազմի՝ խմբագիր Մարտին Հուրիխանյանի, պատասխանատու քարտուղար՝ արվեստաբան Սիլվիա Մանուչարյանի և գեղարվեստական խմբագիր՝ Հայաստանում ճանաչված դիզայներ Արամ Ուռուտյանի պրոֆեսիոնալ բարձրակարգ աշխատանքը։

– Խնդրում եմ ներկայացնեք այս համարի համառոտ բովանդակությունը։

– Ինչպես գիտենք՝ «Ռոսլինն» իր ընթերցողին է ներկայացնում հայ դասական կերպարվեստի երևելի ներկայացուցիչների՝ նկարիչների ու քանդակագործների ստեղծագործությունը։

Այս բովանդակալից ու հետաքրքիր համարի հրապարակումներից ուզում եմ հատկապես առանձնացնել անվանի արվեստաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի հոդվածը՝ նվիրված հայ խոշորագույն դիմանկարիչներից մեկին՝ Ստեփան Աղաջանյանին (1863-1940): Հեղինակը, իրեն բնորոշ մտքի խորությամբ և ամենաբարդ երևույթները պարզ ու մատչելի լեզվով մատուցելու հմտությամբ ընթերցողներին է ներկայացնում Ստեփան Աղաջանյանի կյանքի ուղին և ստեղծագործական ժառանգությունը: Քննության առնելով նկարչի լավագույն դիմանկարները, այդ թվում՝ հոր դիմանկարը, մոր դիմանկարը, Հակոբ Խաչատրյանցի դիմանկարը, տիկնոջ՝ Վարսենիկ Այվազյանի դիմանկարը, երգչուհի Ելենա Բարոնկինայի դիմանկարը, արվեստաբանը բացահայտել է Ստեփան Աղաջանյանի դիմանկարչական արվեստին բնորոշ գեղարվեստական արժանիքները: Մեծ հետաքրքրությամբ ընթերցվող հոդվածին առանձին փայլ են հաղորդում նկարչի վրձնած դիմանկարների բարձրակարգ վերատպությունները: Նշեմ, որ դրանց թվային օրինակները մեզ է տրամադրել ՀԱՊ տնօրեն, արվեստաբան Մարինա Հակոբյանը, որի համար էլ մեր անկեղծ երախտագիտությունը ՀԱՊ-ի ողջ անձնակազմին ու անձամբ տիկին Հակոբյանին:

Պրոֆեսոր Աղասյանն իր հոդվածը շարադրել է ռուսերեն, ինչի շնորհիվ հայ դասականի դիմանկարչական արվեստը հասանելի է դառնում նաև ռուսալեզու ընթերցողին: Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ վերջին շրջանում Արարատ Աղասյանը դարձել է «Ռոսլինի» մշտական հեղինակներից մեկը, ինչը ոչ միայն նպաստում է հանդեսի մասնագիտական բարձր մակարդակի պահպանմանը, այլև վկայում «Ռոսլինի» օրեցօր աճող հեղինակության ու համբավի մասին:

Ասվածի համատեքստում ընդգծեմ այս համարի նշանավոր դեբյուտանտի անունը՝ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյան: Նրա «Երազանքներ պատկերող նկարիչը» հրապարակման համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել տաղանդավոր նկարիչ Լեո Ավա դե Շիրակի (Լևոն Ավագյանի)՝ 2024թ. սեպտեմբերին Երևանում Art Esbassy ցուցասրահում կազմակերպված L’Ange Passe («Հրեշտակն անցավ») ցուցահանդեսը: Ցուցահանդեսի խորագիրը նշանակում է բաց թողնված ժամանակ, որը դժվար է որսալ: «Ցուցադրված նկարները խոսում են կորցրած ժամանակի մասին, – ասում է նկարիչը: Ես դրանք մտածված կերպով կախել եմ առանց շրջանակների: Ժամանակն անհնար է տեղավորել շրջանակի մեջ, քանի որ այն հոսում է ջրի նման, անհետանում է լույսի արագությամբ, անհետանում է անցորդի ստվերի պես՝ իր հետ տանելով հուզմունքի, գեղեցկության և թախծի ակնթարթները» (էջ 49):

Սվետլանա Նավասարդյանի էսսեին հաջորդում է Լենինականում ծնված, 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Բելոռուսիայում հաստատված, Մոսկվայում կրթություն ստացած, իսկ 2015-ին Ստրասբուրգ տեղափոխված Լեո Ավա դե Շիրակի «Իմ մանկության մառախուղի երանգները» ինքնախոստովանությունը:

Համարի մյուս դեբյուտանտը երիտասարդ ու խոստումնալից արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Չուգասզյանն է: Միջնադարագետ-արվեստաբանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում հայ միջնադարյան արվեստն է: «Թորոս Ռոսլինն ու կիլիկյան նշանավոր մանրանկարիչները» հոդվածում Սաթենիկ Չուգասզյանն ընթերցողին է ներկայացնում Ռոսլինի ու կիլիկյան մյուս մանրանկարիչների, այդ թվում՝ Գրիգոր Սկևռացու, Գրիգոր Մլիճեցու, Կոստանդին մանրանկարչի արվեստի համառոտ համայնապատկերը: Քննության առնելով Ռոսլինի արվեստը՝ նա նկատում է, որ «նուրբ քնարական, երբեմն հերոսական, ողբերգական պաթոսով ռոսլինյան ստեղծագործությունները խոր ազդեցություն են թողել կիլիկյան մանրանկարչության հետագա ընթացքի վրա» (էջ 11):

«Ռոսլինի» էջերում լուսաբանվում են նաև հայ նկարիչների՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս կազմակերպված ցուցահանդեսները։ 2024թ. ապրիլի 18-ին, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ծրագրի շրջանակներում, Թեհրանի «Արարատ» մշակութային կենտրոնի «Խաժակ Արզումանյան» ցուցասրահում բացվել էր դիզայներ, նկարիչ ու պլակատիստ Արթուր Մանուկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի համադրողն էր Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի միջազգային կապերի բաժնի փոխտնօրեն Միշել Ալավերդյանը: 1,5 ամիս տևած ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին տարբեր տարիներին նկարչի ստեղծած պլակատները: Արթուր Մանուկյանի թեհրանյան ուղևորության, նշված ցուցահանդեսի և դրանում ներկայացված պլակատների մասին է արվեստաբան, Ջոտտոյի արվեստանոց-թանգարանի աշխատակցուհի Սիլվիա Մանուչարյանի «Հավերժության խորհուրդը ռիթմիկ հորինվածքներում» հոդվածը:

Ընթերցողը մեծ հետաքրքրությամբ կկարդա համարի մյուս հոդվածները ևս՝ ՀԱՍԵ Ուրուգվայի թեմի առաջնորդ, Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի «Համառոտ ակնարկ մի հոյակապ շարադրանքի մասին» հոդվածը՝ նվիրված Գրիգոր Մովսիսյանի «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» աշխատությանը, որը հրատարակվել է ՀԱՍԵ կանադահայոց թեմի կողմից 2016 թվականին: «Ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի» գրված իր աշխատության մեջ Գրիգոր Մովսիսյանն առաջ է քաշում և հիմնավորում է այն տեսակետը, որ «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը «հայտնությունն է մեր Տիրոջ երկրորդ գալստյան, նրա արդար դատաստանի իրականացման և նրա լուսեղեն նկարագրի» (էջ 13):

Արվեստաբան, ԵՊՀ դասախոս Օվսաննա Քարամյանի «Մերգելյան ինստիտուտի մոզաիկան XX դարի արվեստի մարգարիտ» հոդվածը նվիրված է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի շենքի չորրորդ հարկում գտնվող Հովհաննես Մինասյանի «Ներփակ կորեր» և «Երկրաչափական տարածություն» խճանկարներին (1968-1970):

Սերգեյ Փարաջանովի թանգարանի գլխավոր ֆոնդապահ, մշակութաբան Մարիաննա Մանուչարյանը հեղինակել է «Դիմանկարները Աշոտ Մելքոնյանի ստեղծագործություններում» հոդվածը, գրող և հրապարակագիր Դավիթ Սարգսյանը՝ «Զորավարի անհրազեն զինվորը» հրապարակումը, իսկ գրող և հրապարակագիր Մարտին Հուրիխանյանը «Լևոն Լաճիկյանի մտքի ու սրտի եռապատումը» հոդվածում փորձել է ամբողջացնել գեղագետ, լրագրող ու գծանկարիչ, բազմակողմանի գործունեություն ծավալող մտավորականի ստեղծագործական դիմանկարը:

Այս համարի «Եռաչափ խոստովանանք»-ում ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչիկ Աբրահամյանն է: Առաջին 2 արարներում «Ռոսլին» հանդեսի հիմնադիր-խմբագիր Վրեժ Առաքելյանի հարցազրույցն է նկարչի հետ, իսկ Արար 3-ում արվեստագիտության թեկնածու Հռիփսիմե Վարդանյանը «Կարծրացած ժամանակի վազքը» հոդվածում ներկայացնում է նկարչի ստեղծագործության արվեստաբանական վերլուծությունը։

– ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ինչպես հայտնի է, բազմապրոֆիլ գիտահետազոտական կազմակերպություն է, որտեղ ուսումնասիրվում են հայ արվեստի բոլոր ճյուղերը։ Իսկ «Ռոսլինը», ինչպես կարելի է եզրակացնել անվանումից, կերպարվեստի հանդես է։ Արդյոք հանդեսում տպագրվում են նաև արվեստի մյուս ճյուղերին նվիրված հոդվածներ։

– Այո։ «Ռոսլինն» անդրադառնում է հայ արվեստի երևելի ներկայացուցիչներին։ Հայ ճարտարապետության պատմության մեջ լուրջ ներդրում ունեցող ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյանը «Հայրենիքից հեռու, հայրենիքի հետ» հոդվածում ներկայացրել է իտալահայ ճարտարապետ Լևոն Կուրեղյանի արվեստը և եզրակացրել. «Կուրեղյանի ստեղծագործական ուղու ուսումնասիրությունը փաստում է, որ նա իր ստեղծագործություններով, գիտատեսական հետազոտություններով, հրատարակած գրքերով ու հայրենանվեր հասարակական գործունեությամբ մնայուն հետք է թողել ինչպես հայ մշակույթում, այնպես էլ հայ ճարտարվեստում» (էջ 34): Հեղինակը նկատում է, որ «առանձին ներկայացման կարիք ունեն այնպիսի շնորհաշատ ճարտարապետներ, ինչպիսիք են Հայկ Ուլուհոջեանը, Հովհաննես Կուրեղեանը (Լ.Կուրեղեանի որդին), Ռոբերտ Բզդիկեանը և այլք»: Կարելի է եզրակացնել, որ Աշոտ Հայկազուն Գրիգորյանը հետագայում «Ռոսլինի» էջերում կշարունակի ներկայացնել սփյուռքահայ մյուս ճարտարապետներին ևս:

Այս համարի «երաժշտական հնչողությունն» ապահովում է Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանի «Պատառիկներ հայ երգչախմբային մշակույթի էջերից» հոդվածը, որտեղ հեղինակն ուրվագծում է հայ խմբերգային արվեստի զարգացման ընթացքը՝ Տիգրան Չուխաճյանից մինչև Հովհաննես Չեքիջյան:

– Իսկ ինչպես կարելի է ձեռք բերել հանդեսի այս համարը։

– «Ռոսլինը» տարածվում է անվճար։ Կարելի է ծանոթանալ հանրապետության գրադարաններում, ինչպես նաև հանդեսի կայքում և ֆեյսբուքյան էջում։

Զրույցը` Սամվել Դանիելյանի

Լուսանկարներում` «Ռոսլին» հանդեսի էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30