ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ վստահեցրեց, որ խաղաղության պայմանագիրը, նույնիսկ իր չստորագրված տեսքով, ՀՀ անվտանգության աստիճանի բարձրացում է:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում, եթե պնդում եք, որ անվտանգության աստիճանի բարձրացում է ու այդ փաստաթղթի բոլոր կետերը համաձայնեցված են Ադրբեջանի հետ, ինչո՞ւ են Սյունիքում արդեն երկու ամիս շարունակ ադրբեջանցիները կրակում: Ինչո՞ւ է ԱՄՆ պետքարտուղարը կոնկրետ տեղանք նշելով՝ հայտնում վտանգի մասին:
Ի պատասխան՝ նախարարն ասաց. «ԱՄՆ պետքարտուղարությունն ասում է, որ էսկալացիայի վտանգ կա, մե՞նք ավելի լավ գիտենք, թե՞ իրենք: ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ ասվել է այն, ինչ մենք ասել ենք: Քանի դեռ չունենք ինստիտուցիոնալացված խաղաղություն, էսկալացիայի վտանգը անընդհատ էլ կա: Վերցնում են, գրում՝ Արարատ Միրզոյան. միջակետ՝ պատերազմի վտանգը մեծ է, մարդիկ էլ փողոցում խառնվում են իրար, ասում են՝ Միրզոյանն ասել է, թե հեսա պատերազմ է լինելու: Բայց միտքն այն է՝ քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել ու ձեռք ձեռքի չենք սեղմել, էսկալացիայի վտանգը կա. դա կարող է լինել տեխնիկական կայծից, կարող է մյուս կողմից ծրագիր լինել: Կոնկրետ գույժ չէ, որ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը»:
Կարդացեք նաև
Միրզոյանը պատասխանեց՝ ինչու են կրակում ադրբեջանցիները հարցին. «Չեմ կարող ասել: Բայց Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ ստեղծենք միասնական հետաքննող մեխանիզմ, որի արդյունքում էլ կարելի է պարզել՝ հրամա՞ն են կատարում այդ զինվորները, թե՞ ինչ-որ վիճակի մեջ լինելով՝ ինքնուրույն գործողություն են արել: Սա առաջարկել ենք ադրբեջանական կողմին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ