«Ապառաժ». Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի նկատմամբ երբեք չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունք. դա պարզապես այն պատրվակն էր, որը Բաքուն առաջարկում էր արևմտյան դիվանագետների սերունդներին: Փոխարենն, Ադրբեջանի մերժման արմատը թաքնված էր ինչպես գաղափարախոսության, այնպես էլ Ադրբեջանի նախագահների անհրաժեշտության մեջ՝ իրենց բնակչությանը շեղելու իրենց ձախողումներից և կոռուպցիայից: Այս մասին գրել է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը Washington Examiner-ում հրապարակված հոդվածում։
Հեղինակը հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանն անակնկալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի վրա, իսկ 2023 թվականին՝ ավերիչ շրջափակումից հետո, ավարտել իր նվաճումը՝ էթնիկ զտում կատարելով 120,000 հայ բնակիչների նկատմամբ։ Նրա խոսքով՝ երբ այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար օգնական Յուրի Քիմը Սենատին հայտարարեց, թե «մենք չենք հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա», նա ստեց։
Ռուբինի կարծիքով՝ կուլիսներում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը տեսնում էին հնարավորություն։ Լեռնային Ղարաբաղը Բաքվի վերահսկողությանը հանձնելու հետ մեկտեղ՝ Բլինքենը և Սալիվանը կարծում էին, որ այլևս չկա որևէ իրական խոչընդոտ Հարավային Կովկասում խաղաղության համար։ Նախագահ Ջո Բայդենն իրեն համարում էր արտաքին քաղաքականության փորձագետ, և նրա թիմը պաշտոնը ստանձնեց՝ հայտարարելով, թե «դիվանագիտությունը վերադարձել է», և «մեծահասակները վերադարձել են իշխանության», սակայն նրա սկզբնական արտաքին քաղաքականության ժառանգությունը աղետալի էր։
Բայդենի թիմի համար Հարավային Կովկասում խաղաղության նվաճումը կարող էր լինել հաղթանակ՝ ժառանգությունը փրկելու և իրենց պատմությունը փոխելու համար։ Կուլիսներում Բայդենի թիմը մեծ ճնշում է գործադրել Հայաստանի՝ ավելի թույլ պետության վրա՝ հետագա զիջումների գնալու համար։ «Հնարավոր է՝ նրանք կարծում էին, որ գինը կարդարացվեր, եթե խաղաղությունը վերջ դներ հակամարտությանը, կամ գուցե նրանց համար միևնույն էր, քանի դեռ կարող էին հաղթանակի մասին հայտարարել։ Նրանք կամ միամիտ էին, կամ ցինիկ։ Ամեն դեպքում, նրանք սխալ էին հասկացել հակամարտության արմատը», – գրել է փորձագետը։
Կարդացեք նաև
Նա հավելել է, որ Ալիևն ունի ընտրություն՝ խաղաղություն կամ պատերազմ: Նրա նահանջը Բլինքենի և Սալիվանի կնքած գործարքներից, նոր զիջումների անվերջ պահանջները, Հայաստանի դեմ շարունակական ռազմական ագրեսիան և այժմ ամբողջ Հայաստանին «Արևմտյան Ադրբեջան» անվանելու նրա պնդումներն արտացոլում են մի մարդու, ով ապրում է իր սեփական ժողովրդի սարսափի մեջ։
Պարզ ասած՝ Ալիևը կարող է լրացուցիչ պահանջներ ներկայացնել, իսկ Հայաստանի կառավարությունը կարող է նույնիսկ համաձայնվել որոշ պահանջների հետ, բայց ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ էլ արևմտյան դիվանագետները չեն կարող կանխել ադրբեջանական հետագա ագրեսիան: Ալիևի համար դա իր սեփական գոյատևման հարց է: Եթե նա կարողանա կարճաժամկետ զիջումներ ստանալ դիվանագիտության միջոցով, սրանք հայկական զոհողություններ չեն խաղաղության ճանապարհին, այլ՝ հաղթանակներ, որոնք Ալիևը կարող է գրպանել՝ իր վերջնական նպատակը պարզեցնելու համար:
«Պատերազմը հավանական է: Այս ամենը չի նշանակում, որ խաղաղությունը անհնար է, բայց կարճ ճանապարհներ չկան: Պետք է լինի խաղաղություն երկու ժողովրդավարությունների միջև, ոչ թե մեկ ժողովրդավարության և աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկի միջև: Նախ Ադրբեջանում պետք է լինի մի կառավարություն, որը կներկայացնի իր ժողովրդին, այլ ոչ թե կշահագործի նրան: Այս իրականությունն անտեսելը խաղաղության առաջխաղացում չէ, այլ, լավագույն դեպքում, տասնյակ հազարավոր կյանքեր կխլի և դարավոր մշակութային ժառանգությունը ընդմիշտ կկորսվի, իսկ վատագույն դեպքում՝ խաղաղությունն անհասանելի կմնա: Անվերջ բանակցությունները խրախուսելու փոխարեն՝ Միացյալ Նահանգների և Եվրոպայի համար Կովկասում խաղաղությունն առաջ մղելու լավագույն միջոցը կլինի բարոյական համարժեքությունից հրաժարվելը, Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելը և Կասպից ծովում ժողովրդավարությանն առաջնահերթություն տալը, այլ ոչ թե՝ բռնապետությանը գովաբանելը», – եզրափակել է հեղինակը: