«Անհնար է ռեժիմի հետ որևէ համաձայնության գալ։ Առանց պատասխանատվություն կրելու հնարավոր չէ ունենալ երաշխիքներ, որ որևէ համաձայնություն անվտանգային նկատառումներով կարող է երաշխավորվել»,- Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նա վստահեցրեց՝ ՀՀ-ի նման փոքր պետությունները պետք է առաջ շարժվեն իրավունքի հիման վրա անվտանգության համակարգի ձևավորման սկզբունքով, երբ նման անպատժելիության հետ գործ ունենք․ «Երբ պետության ներսում խոսում ենք անպատժելիության մասին, այն դեպքերում, երբ խախտումների համար խախտում կատարողները պատասխանատվության չեն ենթարկվում, միջազգային ասպարեզում պատասխանատվության ինստիտուտի կարևոր մեխանիզմ է դառնում միջազգային քրեական դատարանը։ Հռոմի ստատուտն ընդունվել է 1998-ին՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից 50 տարի անց։ Քաղաքական նպատակահարմարությունը շարունակում է գերակայել ստանձնած հանձնառությունները։
Կունենանք մարդկային քաղաքակրթությունն արդյունավետ դարձնելու միջազգային քրեական դատարանի գործունեությունը, կունենանք նաև անվտանգություն։ Այն պետություններն են ձեռնպահ մնում միջազգային քրեական դատարանի արդյունավետության ուղղությամբ ջանքեր գործադրելուց, որոնք սպառնալիքներ են ներկայացնում հենց անվտանգության նկատմամբ և կատարում նաև պատերազմական հանցագործություններ։ Իմ համոզմամբ՝ մենք, փոքր պետություն լինելով, այլ տարբերակ չունենք, քան մասնակիցը դառնալ և ջանքեր գործադրել միջազգային քրեական դատարանի՝ որպես անվտանգության երաշխավորի կայացման ուղղությամբ։ Անհնար է մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ։ 120 միլիոն բնակչություն ունեցող պետությանը չես կարող դիմագրավել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ