Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան վերահաստատել է Հայաստանի կողքին լինելու իր մշտական հանձնառությունը և ընդգծել է իր շարունակական աջակցությունը ՀՀ տարածքների դիմակայունության ամրապնդմանը

Հունիս 05,2025 20:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի առնչությամբ

Հունիսի 2-3-ին Գորիսում տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, որը համատեղ կազմակերպվել էր Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի միավորված համայնքների (CUF), Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Գորիսի համայնքապետարանի կողմից։

Համաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Հայաստանի համայնքների միության գլխավոր քարտուղար Էմին Երիցյանը և Ֆրանսիայի միավորված համայնքների Հայաստան խմբի նախագահ, Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոնիա Զդորոֆցովը։

Ավելի քան 400 մասնակիցների, այդ թվում՝ Հայաստանի և Ֆրանսիայի տարածքային միավորների, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության հիմնական դերակատար կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, երկօրյա համաժողովի շրջանակներում անցկացվել են մեկ լիագումար նիստ, չորս թեմատիկ աշխատաժողով, աշխատաժողովների աշխատանքների ամփոփման հանդիպում, եզրափակիչ նիստ, ինչպես նաև՝ տեղի են ունեցել այցելություններ երկու երկրների ապակենտրոնացված համագործակցության առանցքում գտնվող մի շարք վայրեր:

Լիագումար նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցության հատուկ դերակատարմանը:

Համաժողովի չորս թեմատիկ աշխատաժողովները վերաբերում էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանը, տարածքների տնտեսական զարգացմանը, կրթության, մշակույթի, ֆրանկոֆոնիայի, մասնագիտական ուսուցման, երիտասարդության և կամավորության, ինչպես նաև տեղական կառավարման հարցերում կանանց դերի խթանմանը, ֆեմինիստական դիվանագիտությանն ու քաղաքացիական մասնակցությանը:

Համաժողովի ավարտին ընդունվել է եզրափակիչ հայտարարություն, որով Ֆրանսիան վերահաստատել է Հայաստանի կողքին լինելու իր մշտական հանձնառությունը և ընդգծել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքների դիմակայունության ամրապնդմանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության պահպանմանը՝ միջազգային իրավունքին և սկզբունքներին համաձայն։

Ըստ եզրափակիչ հայտարարության՝ այդ աջակցությունը մասն է կազմելու նաև Հայաստանի և Ֆրանսիայի տարածքային միավորների միջև գործակցությունների` խթանելով տարածքների կայուն զարգացումը, ինչպես նաև ամրապնդելով տեղական մակարդակով կարողություններն ու ժողովրդավարական ինստիտուտները։ Կողմերը համաձայնել են նոր թափ հաղորդել ապակենտրոնացված համագործակցությանը, բարձրացնել ապակենտրոնացված համագործակցության արդյունավետությունը և այն դարձնել ավելի տեսանելի, մասնավորապես՝ ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտներում։ Մասնակիցները համաձայնել են ընդլայնել համատեղ ծրագրերը տնտեսության, գյուղական և գյուղատնտեսական զարգացման, զբոսաշրջության, ինչպես նաև կրթության, ֆրանկոֆոնիայի, երիտասարդության և այլ ոլորտներում։ Ծրագրերը կհասցեագրեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները, ովքեր ապաստանել են Հայաստանում։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջորդ՝ վեցերորդ համաժողովը կկազմակերպվի Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։

 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30