«Մարդիկ վախենում են գնալ Ադրբեջան, հերոս պետք է լինես, որ գնաս Ադրբեջան։ Անգամ, եթե թույլ տան մտնել այդ երկիր, չգիտես՝ դուրս կգա՞ս այնտեղից, թե՝ ոչ։ Սեփական երկրի լրագրողներին են վտարել իրենց երկրից»,- Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ նշեց միջազգային իրավունքի մասնագետ Սթիվ Սվերդլոուն (ԱՄՆ, Կալիֆորնիա)։
Ըստ նրա՝ սա բնորոշ է դասական ավտորիտար երկրներին․ «Եթե հայ է, բավարար է, որ բնութագրենք ամեն ինչ, անմիջապես, առանց որևէ դատի»։
Սթիվ Սվերդլոուն պատմեց՝ 2010-ին հարցազրույցներ է արել Ադրբեջանում գործունեություն ծավալած լրագրողների հետ, որոնք այժմ կամ կալանավորված են, կամ լքել են երկիրը․ «Ադրբեջանում այս մարդիկ նաև խաղաղության կերտման գործընթացներում էին ներգրավված։ Հետո լրտեսության մեղադրանքով դատապարտվեցին։ Բարձր գին են վճարում բոլոր նրանք, որոնք խոսում են ադրբեջանական խախտումների մասին։ Ադրբեջանը ռեպրեսիվ է, ավտոկրատ, փորձում են իրենց ճնշումները տարածել այս մարդկանց վրա նաև Եվրոպայում՝ Ֆրանսիայում։ Եղել են դեպքեր, երբ Ալիևի կողմնակիցներն այդ անձանց դանակահարել են»։
Սթիվ Սվերդլոուն նշեց՝ երբ խոսքը պատմությունը վերաձևակերպելու՝ ադրբեջանական լոբբիստական ջանքերի մասին է, շատ տեղերում Ադրբեջանը դա կարողանում է անել և միևնույն ժամանակ ասաց․ «Մենք այդ պատմույթին պետք է հակառակվենք, ասենք, որ դա սուտ է։ Սթափ կերպով պետք է կիրառվի գործիքակազմ ադրբեջանական՝ այդ ստերի դեմն առնելու համար։ Այստեղ է, որ մենք պետք է կարողանանք այդ պատմույթը ճիշտ ուղու վրա դնել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ