ՀՀ ԱԳ նախարարի զեկույցը «Հայաստանի Հանրապետության 2024թ․ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության շրջանակներում
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Նիստի օրակարգն էր Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացումն՝ ԱԳՆ մասով։
Ստորև ներկայացված է ՀՀ ԱԳ նախարարի զեկույցի ամբողջական տեքստը:
Կարդացեք նաև
«Բարև ձեզ հարգելի՛ նախագահողներ,
Հարգելի՛ պատգամավորներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվա քննարկման օրակարգը, 2024թ. բյուջետային հաշվետվությունն է, ուստի, նախ անդրադառնամ ֆինանսական հարցերին։
2024թ. ընթացքում, ինչպես նշեց ֆինանսների նախարարը, արտաքին գործերի նախարարությունն իրականացվել է բյուջեի 5 հիմնական ծրագիր, որոնցով սկզբնական հաստատված բյուջեն կազմել է 17.1 մլրդ. դրամ, ճշտված բյուջեն՝ 27.8 մլրդ. դրամ, փաստացի ծախսերը կազմել են 27.4 մլրդ դրամ: Կատարողականը կազմել է 98.8%:
Ճշտված բյուջեն ավելացել է 10.7 մլրդ. դրամով։ Այս տարբերությունը հիմնականում պայմանավորված է եղել մեկ գործոնով, որը Փարիզում դեսպանության նոր շենքի գնումն է՝ 9.9 մլրդ. դրամ։ Վարչապետի այցելության ժամանակ առիթ եղավ նաև վիդեո կադրեր հրապարակել, հանրայնացնել այնտեղից։ Ուզում եմ առիթն օգտագործել և խոսել դեսպանությունների շենքերի մասին: Կհիշեք, որ նախորդ հաշվետու տարում՝ 2023 թվականին, մենք շենք ենք ձեռք բերել նաև Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնում։
Ինչպես հիշում եք, թարմ են քննարկումները, մենք կառավարության որոշում ունենք ձեռք բերել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքը 4․3 մլն եվրոյին համարժեք դրամով։ Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այս շինությունը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, որի անմիջական հարևանությամբ գտնվում են մի շարք այլ դեսպանություններ և ներկայացուցչություններ, ԵՄ կառույցներ: Ֆունկցիոնալ և լոգիստիկ էական առավելություններից բացի՝ շինության ձեռքբերումը կունենա նաև քաղաքական և խորհրդանշական բաղադրիչ՝ մասնավորապես հաշվի առնելով ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնումն ու Բրյուսելում առավել տեսանելիություն և ներկայանալիություն ապահովելու կարևորությունը: Այն չափերով էապես գերազանցում է ներկայիս շինությանը (1500 քմ): Հաշվի առնելով անշարժ գույքի գների շարունակական աճը՝ շինության ձեռքբերումը բացի քաղաքական նշանակությունից և ներկայանալի լինելուց, պետության համար կարող է հանդիսանալ նաև շահավետ ներդրում։
Ընդհանուր առմամբ օտարերկրյա պետություններում թվով 64 ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից 20 ծառայողական շենքերը հանդիսանում են ՀՀ սեփականություն (6 շենք` նվիրաբերված բարերարների կողմից, 2-ը՝ փոխադարձության սկզբունքով, 1-ը՝ դեսպանընկալ պետության կողմից հատկացված, 11 շենք՝ ձեռք բերված ՀՀ պետական բյուջեից): Բացի այդ, 13 շենք տրված է անհատույց օգտագործման՝ տարբեր կազմակերպությունների կողմից: Մնացած 31-ը վարձակալվում են մեր կողմից:
Դեսպանությունների բացմանն առհասարակ անդրադառնամ։
2024թ. ռեզիդենտ դեսպանություն բացեցինք Ուրուգվայում, ինչպես նաև Սերբիայում և Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակներ ենք բացել։
Այս տարի քննարկում ենք, ունենք կառավարության որոշում բացել դեսպանություն Օմանի Սուլթանությունում։ Այդ հարցով մենք կառավարությունից և ֆինանսների նախարարությունից հավելյալ միջոցներ ենք խնդրել։ Ըստ այդմ պահանջվող շուրջ 82 մլն դրամը կօգտագործենք ԱԳՆ արդեն հատկացված բյուջեից, իսկ շուրջ 52 մլն դրամը՝ պահուստային ֆոնդից կհատկացվի։ Սա, մեզ համար չափազանց կարևոր է, առհասարակ մենք թիրախավորում ենք Ծոցի երկրների հետ մեր հարաբերությունների զարգացումը։
Նախորդիվ կայացված որոշումների արդյունքում ընթացքի մեջ է Կիպրոսում դեսպանության բացումը։ Կիպրոսում դեսպանն արդեն նշանակված է, գտնվում է Նիկոսիայում և հիմա լոգիստիկ հարցերն ենք լուծում: Եվ նաև Հունգարիան, կարծում եմ, որ մինչև աշուն Բուդապեշտում ևս մեր դեսպանությունը կսկսի գործել։ Համենայն դեպս 10 օր առաջ իմ հունգարացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ երկուստեք վերահաստատել ենք, որ շուտափույթ քայլեր ենք ձեռնարկելու որպեսզի մեր դեսպանությունները և՛ Երևանում, և՛ Բուդապեշտում գործեն։
Ընդհանուր առմամբ, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 184 պետության հետ: Վերջինը՝ Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են մոտ երկու շաբաթ առաջ՝ 2025թ. մայիսի 14-ին:
Իրավապայմանագրային դաշտը ևս ընդլայնվել է. նախորդ տարվա ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում կնքվել է ընդհանուր թվով 82 միջազգային պայմանագիր, 27 պայմանագիր ուժի մեջ է մտել։
Այս ողջ նկարագրածս՝ և՛ ձեռքբերումը, և՛ վարձակալությունը, վերանորոգումը մենք իրականացնում ենք արտաքին գործերի նախարարության 1128 – օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում ծրագրի ներքո:
Շարունակելով նախարարության կողմից իրականացված հինգ հիմնական բյուջետային ծրագրերի նկարագրությունն անդրադառնամ մյուսներին։
1061 – Հաջորդ ծրագիրն, իհարկե, և ամենակարևոր՝ արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակումը և իրականացումն է՝ 2,941.8 մլն. դրամ
Այս ծրագրով տարբեր միջոցառումների անցկացման համար հատկացվել է 547.07 մլն. դրամ: 2024 թվականին առաջին անգամ ունեցանք «Երևանյան երկխոսություն» համաժողովը, այդ տարի այս միջոցառման համար նախատեսված էր 447.07 մլն. դրամ:
Հարգելի՛ գործընկերներ,
Կարծում եմ ակնհայտ է այս միջոցառման կարևորությունն ու առաքելությունը, սա կոնկրետ մեր ջանքերի դրսևորումն է նաև այն ուղղությամբ, որ Հայաստանն իր ուրույն տեղն ունենա դիվանագիտության և միջազգային հարաբերությունների համաշխարհային քարտեզում: Այս տարի մայիսի 26-27-ն ունեցանք «Երևանյան երկխոսության» երկրորդ համաժողովը, որին մասնակցություն են ունեցել 45-ից ավելի պետությունների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական և ակադեմիական շրջանակների, խորհրդարանականների, ԶԼՄ-ների, տեխնոլոգիական ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ ու այլ հանրաճանաչ անձինք: Միջոցառումն ընդհանուր ունեցել է շուրջ 600 մասնակից:
Բարձրաստիճան սեգմենտը ներառում էր 16 երկրի և միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, որպես հիմնական հյուր մասնակցեց Սլովակիայի վարչապետը: Նաև տեղի է ունեցել 27 պանելային քննարկում և 50-ից ավել երկկողմ հանդիպում: Պանելային քննարկումներին մասնակցել են Մոնտենեգրոյի փոխվարչապետը, Ֆրանսիայի և Հունգարիայի ԱԳ նախարարները:
Այս միջոցառումն ունի նաև միջազգային գործընկերներ, ուզում եմ նշել Հնդկաստանի Դիտորդների հետազոտական հիմնադրամը, որը նաև նախորդ տարի էր գործընկեր, իսկ այս տարի նաև Լեհաստանի «Կազիմիեր Պուլասկի» հիմնադրամի և Ֆրանսիայի ԱԳՆ վերլուծության, կանխատեսման և ռազմավարության կենտրոններն էին գործընկերները: Մենք հույս ունենք, որ հաջորդ տարի իրականացնելիս նաև այլ գործընկերներ կունենանք։
Շարունակելով միջոցառումների թեման՝ 87.98 մլն. դրամ հատկացվել է երկու կարևոր միջոցառումների համար՝ ՅՈՒՆԵՍԿՕ ՀԱԱԳԱ-ի 1954թ. Կոնվենցիայի 70-րդ տարեդարձին նվիրված միջազգային հանդիպում և Հնագույն քաղաքակրթությունների 8-րդ նախարարական հանդիպում: Վերը նշված ծրագրով իրականացվել է նաև «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորում միջոցառումը:
Հարգելի՛ գործընկերներ,
Նախորդ տարվա նոյեմբերին շատ նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ. Հայաստանը հաջողությամբ ստացավ ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի համաժողովը՝ COP 17-ը, Երևանում անցկացնելու իրավունքը։ Անդրադառնամ նաև այս ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հասկանալիորեն այստեղ անելիք շատ ունենք, շատ մեծ ծավալի միջոցառում է, մեծ թվով հյուրերով, և մենք արդեն ակտիվորեն ներգրավված ենք միջազգային գործընկերների հետ աշխատանքներում՝ թե՛ բովանդակային, թե՛ կազմակերպչական առումով անհրաժեշտ փորձի փոխանակման, միջոցառման լավագույնս նախապատրաստման և անցկացման նպատակով։ Այս նպատակով ԱԳ նախարարությունում ստեղծվել է 25 դիվանագետներից բաղկացած բանակցային խումբ, ովքեր ամենօրյա ռեժիմով զբաղվում են սրանով:
Մյուս տարվա միջոցառումներից խոսելով՝ պետք է նկատել, որ տարին բավական հագեցած է լինելու։ Արդեն հայտնի է, որ Հայաստանում հաջորդ գարնանը անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնք ֆորմատի հերթական գագաթնաժողովը։
1118 – համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ՝ 1,613.9 մլն. դրամ
Հայաստանն անդամակցում է 110 միջազգային կազմակերպությունների և ծրագրերի/կոնվենցիաների: 2024թ-ին փաստացի փոխանցում է կատարվել 101-ին: Փոխանցումները կատարվում են հաստատված ժամանակացույցով։
Ենթադրելով գուցե հարցը՝ նշեմ, որ պայմանավորված ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցմամբ 2024 թվականին Հայաստանը չի վճարել այս կազմակերպությունում անդամավճարը։
1050 – միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստում՝ 274.8 մլն. դրամ
2024թ. Դիվանագիտական դպրոցը նշեց հիմնադրման 15-ամյակը: Սա մի հաստատություն է, որտեղ բացի հիմնական գործառույթից՝ երիտասարդ դիվանագետների պատրաստումից, պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ թե՛ օտարերկրյա դիվանագետների համար, թե՛ ՀՀ կառավարման տարբեր շրջանակների մասնագետների համար:
Ճանաչողական դասընթացներ են կազմակերպվել արտերկրի երիտասարդ դիվանագետների համար: Այդ ծրագրերին մասնակցել են դիվանագետներ բավական լայն աշխարհագրությամբ՝ Հեռավոր Արևելքի, Մերձավոր Արևելքի, Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի մոտ տասնհինգ երկրներից: Մենք ծրագրում ենք նախատեսում հատկապես Աֆրիկայի երիտասարդ դիվանագետների համար՝ իհարկե շարունակելով գործող ծրագրերը։
1178 ծրագիրը՝ ՀՀ և օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում՝ 672.3 մլն. դրամ:
Եվ իմաստ ունի հակիրճ անդրադառնալ նաև հյուպատոսական ծառայություններին։ Օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցված ծառայությունների և կատարված գործողությունների դիմաց 2024թ. ընթացքում փաստացի գանձված պետական տուրքի գումարը կազմել է 2,927.8 մլն. դրամ։
————————
Ես ներկայացրեցի բյուջետային հաշվետվություն, բայց, իհարկե, բյուջեի կատարումը, դրա մասին հաշվետվությունը բխում է այն քաղաքականությունից, առաջնահերթություններից, որոնք կառավարությունը որդեգրել է ու կյանքի է կոչում։ Բուն արտաքին քաղաքական բովանդակության մասով անդրադառնալու տարբեր առիթներ ունեցել ենք. ինքս, այս տարվա սկզբում հանդես եմ եկել մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին։ Վերջերս՝ մարտի 14-ին, հանդիպել և տևական քննարկում ենք ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Չգիտեմ ինչքանով է նպատակահարմար մանրամասն ներկայացնել 2024թ․ տեղի ունեցած արտաքին քաղաքական իրադարձությունները, բայց իմ պարտքն է և կարող եմ թվարկել այս պահին․ խաղաղության գործընթաց Ադրբեջանի հետ, սահմանազատում, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման շուրջ քննարկումներ, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ներկայացում, առաջմղում, Թուրքիայի հետ երկխոսություն, «3+3» հանդիպում, Իրանի և Վրաստանի հետ համագործակցության խորացում, երկրորդի՝ Վրաստանի պարագայում՝ հարաբերությունների ֆորմալ առումով նոր մակարդակի ամրագրում, կհիշեք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատեցինք, ԱՄՆ և ՌԴ հետ համապատասխան դինամիկայով գործընկերություն, ԵՄ հետ կարևոր որոշումներ՝ սկսած վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկից, «Դիմակայունություն և աճ» ծրագրի մեկնարկից և վերջացրած Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին հատկացված աջակցությամբ, և ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցություններ։ Ես կարող եմ շարունակել նաև Մերձավոր Արևելք, Ասիա, Լատինական Ամերիկա, Աֆրիկայի երկրներ։ Անցյալ տարի առաջին անգամ տեղի ունեցավ այց Սաուդյան Արաբիա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո։
Արդեն 2025 թվականի վեցերորդ ամիսն ենք սկսել և պարզ է, որ այս վեց ամսվա ընթացքում, արդեն բոլոր ուղղություններով իրադարձություններն այնպես են առաջ անցել, որ գուցե ավելի նպատակահարմար է 2025 թվականի առաջին կիսամյակի քաղաքական հաշվետվությամբ հանդես գալ, այստեղ էլ նորություններ ունենք, կուզեի շատ համառոտ ամփոփել։
Տարին սկսվեց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ: Հիշում եք՝ այս ռազմավարական երկխոսությունը նոր մակարդակի բարձրացնելու, ռազմավարական գործընկերություն դարձնելու փաստով բազմաթիվ շահարկումներ եղան այն մասին, թե որքանո՞վ է Միացյալ Նահանգների նոր վարչակազմը հավատարիմ այս սկզբունքներին և այս ձևաչափին։ Կարծում եմ, հիմա արդեն կարող ենք փաստել, որ նույն Միացյալ Նահանգների կողմից մի քանի հավաստիացում եղավ այն մասին, որ այս առումով ոչինչ չի փոխվում, և մենք ռազմավարական գործընկերներ ենք։ Իհարկե, մենք այն ժամանակ էլ ունեինք այս հավաստիացումները և վստահությունը, բայց մամուլում և հանրության մեջ որոշակի հարցադրումներ եղան։ Պետք է նաև նշեմ, որ բացի երկկողմ օրակարգից Միացյալ Նահանգների հետ մենք տեսնում ենք նաև նոր վարչակազմի ընդգծված հետաքրքրությունը խաղաղության օրակարգի հանդեպ լայն աշխարհում և մասնավորապես Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջմղման, երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ և՛ մենք, և՛ Միացյալ Նահանգների վարչակազմը, և՛ ինչպես նաև շատ այլ գործընկերներ աշխարհում համարում ենք, որ իրականում պատմական հնարավորություն կա Հարավային Կովկասում ունենալ այդ խաղաղությունը։ Կա հնարավորությունների բավականին լայն պատուհան։
Իհարկե, այս համատեքստում առանցքայինը մեր կարգավորման գործընթացն է Ադրբեջանի հետ, և այս առումով ևս այս տարվա առաջին կիսամյակում առիթներ եղել են, քննարկումներ ունեցել ենք։ Ես, օրինակ, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպում եմ ունեցել նախարար Բայրամովի հետ, վերջերս Տիրանայում` Ալբանիայի մայրաքաղաքում, վարչապետ Փաշինյանը զրույց ունեցավ նախագահ Ալիևի հետ, և մենք հույս ունենք, որ առաջիկայում այս խոսակցությունն ավելի գործնական և հանգամանալից կերպով հնարավոր կլինի շարունակել։
Այս համատեքստում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում ունենք շատ նշանակալի և իսկապես մի աննախադեպ ձեռքբերում, ունենք փաստաթուղթ, որի տեքստը համաձայնեցված է և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի, սա պայմանական անունն է հիշում եք, իրականում անվանումը փաստաթղթի մի քիչ երկար է, տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են և կա երկու կողմի համար ընդունելի համաձայնեցված տեքստ։ Հայաստանը հայտարարեց և այսօր էլ հայտարարում է, վերահաստատում է, որ մենք պատրաստ ենք րոպե առաջ սկսել խորհրդակցություններ՝ որոշելու ստորագրման օրը, տեղը։ Ադրբեջանն իր դիրքորոշումն է հայտարարում, կան որոշակի նախապայմաններ․ այդ մասին էլ բազմիցս խոսվել է։ Առաջ քաշվող թեմաներից մեկը որպես օրակարգ Մինսկի խումբը և դրան վերաբերող կառույցների լուծարման գործընթացն է, որն ընդհանրապես որպես օրակարգ մեզ համար հասկանալի և ընդունելի է։ Իսկապես, երբ որ կլինի ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, իսկ ես այս տերմինի տակ նկատի ունեմ խաղաղության հաստատման ստորագրված փաստաթուղթ, որով ըստ էության, թղթի վրա նաև կոնֆլիկտը կավարտվի։ Տրամաբանորեն հարկ չլինի ունենալ այս կոնֆլիկտին վերաբերող որևէ կառույց միջազգային հարթակներում, այնուամենայնիվ, տեխնիկական նյուանսներ կան։
Մենք կարծում ենք, որ Մինսկի խմբի և կառույցների լուծարման այս գործընթացը և խաղաղության պայմանագրի ստորագրման, հետագայում վավերացման գործընթացներն առնվազն պետք է զուգահեռվեն, և մենք միաժամանակ կարող ենք, օրինակ, երկու թղթի շուրջ հանդիպում ունենալ և ստորագրել դրանք։
Ես կարող եմ անկեղծ ասել` չունենալով պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, մենք ունենք շատ ավելի ակտիվ և գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որոնք իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ։ Անշուշտ, իրավացի կլինի որևէ մեկը, եթե ասի, որ պետք է, ժամանակն է վաղուց արդեն, որ այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա գետնի վրա: Եվ եթե որևէ մեկն այդպիսի բան ասի, ինքս կհամաձայնվեմ։ Իհարկե, այդ երկխոսությունը շատ տևական ժամանակ և շատ դրական հունով զարգացել է։ Իհարկե, կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնական արդյունքները տեսնելու ժամանակն է։ Սա է մեր համոզմունքը։ Խոսելով միջանկյալ արդյունքներից՝ ուրեմն նախ համատեղ մի քանի բան է արվել, խոսակցություն, երկխոսությունը կա, շարունակվում է, բայց նաև գետնի վրա տեղի ունեցած որոշ բաներ, օրինակ` փետրվարից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի Մարգարա անցակետը հիմնանորոգվել է, պատրաստ է գործելուն և այս անցակետը ամբողջությամբ վերահսկվում է Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերի կողմից։
Խոսեցինք ռազմավարական երկխոսությունից։ Այս տարվա առաջին կեսին արդեն մենք հնարավորություն ենք ունեցել նոր գործընկերների հետ հավաստել կամ ստեղծել էսպիսի ձևաչափ։ Նիդերլանդների հետ մենք արդեն ռազմավարական գործընկերներ ենք։ Առաջ անցնելով՝ նշեմ, որ կան մի շարք այլ երկրներ, ում հետ նույն բանակցություններն ունենք, վարում ենք։ Հարկ եմ համարում հիշեցնել նաև նախորդիվ մենք ռազմավարական երկխոսություն էին հաստատել Մեծ Բրիտանիայի հետ։
Իհարկե, ակնհայտորեն շատ բովանդակալից, մեծ և հարուստ օրակարգ ունենք Ֆրանսիայի հետ, և հարկ է նկատել, որ սա բացի բավական լուրջ նախադրյալներից, պատմական նախադրյալներից, նաև բավականին զգալի չափով պայմանավորված է, օրինակ, անձամբ նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ջանքերով, և ոչ միայն, իհարկե նաև մյուս գործընկերների։
Չեմ կարող չանդրադառնալ Իրանի հետ մեր հարաբերությունների երկխոսությանը` լինի դա թե՛ երկկողմ ձևաչափով կամ համատեքստում, թե՛ տարածաշրջանային առումով։ Մարտին տեղի ունեցավ Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Երևան, մեր երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելություններն անընդհատ են, հաճախակի են, ընդգրկում են տարբեր գերատեսչություններ։ Մենք սպասում ենք նախագահ Փեզեշքիանին Երևանում։
Եվրոպական միության հետ գործընկերության խորացումն, իհարկե, մեր առավել ակտիվ ուղղություններից է, և կարծում եմ` սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր քաղաքացիների նախընտրություններին, առաջնահերթություններին համահունչ է զարգանում։ Տեղյակ եք, նշեցի քիչ առաջ՝ Եվրոպական խաղաղության գործիքը կամ EPF, եթե խոսենք հապավումներով, որով մենք աջակցություն ստացանք 2024 թվականին, այս տարի ևս Հայաստանը հայտ է ներկայացրել։ Ընդհանուր առմամբ այս մասով Եվրոպական միության ներսում կա դրական ընկալում։ Սրա վերաբերյալ, իհարկե, կան մեկ-երկու նաև անդամ երկրներ, որոնք կապում են այս գործիքը, սա էլ գաղտնիք չէ, նաև Ադրբեջանին ցուցաբերվող նույն աջակցության հետ: Մենք կարծում ենք, որ կապելու անհրաժեշտություն չկա։ Մի խոսքով, կա դրական ընկալում, բայց այս կոնկրետ հարցով ֆորմալ որոշումը դեռևս ընդունված չէ։ Վերջնականացնում ենք Հայաստան-Եվրոպական միություն նոր գործընկերության օրակարգ կոչվող փաստաթուղթը և ակնկալում ենք, որ առաջիկա մեկ, երկու, երեք ամիսների ընթացքում կարող ենք նաև ազդարարել, որ ամբողջությամբ համաձայնեցված է։
Ես խոսեցի Ֆրանսիայի մասին, անդրադարձա Նիդերլանդների հետ ռազմավարական գործընկերությանը։ Սա, անշուշտ, չի նշանակում, որ Եվրոպական միության մյուս անդամ երկրների հետ նույն ակտիվությամբ չենք զարգացնում հարաբերությունները։ Կուզենայի ինքս առանձնացնել մի խումբ երկրների, որոնց մի մասը, մեծ մասը Եվրոպական միության անդամ են, բայց ոչ բոլորը։ Խոսքս Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների մասին է։ Տեղյակ եք, երևի լսել եք այդ ֆորմատի մասին։ Նորդիկ-Բալթյան 8 երկրները, մենք շատ մեծ կարևորություն ենք հաղորդում այս ֆորմատին կամ այս խումբ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։ Կարծում ենք, որ և՛ սովորելու բան ունենք, և՛ փորձառություն կա այնտեղ, որը մեզ համար հետաքրքիր է, և իհարկե, մենք մեր կողմից նաև մեր ներդրումը կարող ենք ունենալ իրենց պատկերացումներում։
Շատ ակտիվ է եղել հենց տարվա սկզբից մեր երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ. կհիշեք` հունվարին տեղի ունեցավ իմ այցը Մոսկվա, վերջերս Երևան այցելեց Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Լավրովը։
Ես չեմ ուզում աշխարհագրությունը սահմանափակել միայն նշածս երկրներով կամ ուղղություններով: Մենք բավականին ակտիվ, բավականին աշխույժ և պտղաբեր գործընկերություն ունենք Հնդկաստանի հետ, Ղազախստանի հետ։ Մեր գործընկերության աշխարհագրությունը չի սահմանափակվում ո՛չ Արևելքով, ո՛չ Արևմուտքով, նույնիսկ մինչև Լատինական կամ Հարավային Ամերիկա կարող ենք նշել։
Նաև վերջին բանը, որ ուզում եմ ասել` քաղաքական խորհրդակցություններ Չինաստանի հետ և այս ուղղությամբ էլ բավական հետաքրքիր հնարավորություններ են նշմարվում, բայց չէի շտապի շատ կոնկրետ բաներ ասել։
Վրաստանի հետ, ինչպես ասեցի, ռազմավարական գործընկերներ ենք դարձել:
Հուսամ՝ չձանձրացրեցի: Շնորհակալություն»։