Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական բազմաթիվ կառույցներ ոչնչացվել կամ փոխանցվել են դավանական այլ ուղղությունների. ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողով

Հունիս 05,2025 23:45

Քիչ առաջ ավարտվեցին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) կազմակերպած «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» թեմայով լսումները։ Առանցքային թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ղեկավարության կողմից հայկական կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հարցն էր։

Հանձնաժողովի ղեկավար Սթիվեն Շնեքը նշեց, որ Ադրբեջանում իրավիճակը շարունակում է շատ մտահոգիչ մնալ, և 2023 թվականի համեմատ՝ շատ խնդիրներ դեռևս շարունակում են մնալ չլուծված, կրոնական օրենքները խիստ սահմանափակող են, բյուրոկրատական բարդություններ են ստեղծում կրոնական կառույցների գրանցման ու հետագա գործունեության համար։ Շնեքի խոսքով՝ անգամ այն կառույցները, որոնք գրանցված են, կարող են սահմանափակ գործունեություն ծավալել, և Ադրբեջանի կառավարությունը մշտապես հետևում է դրանց։ Ավելին՝ կառավարությունն ավելի է խստացրել վերահսկողությունը կրոնական կազմակերպությունների նկատմամբ։

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցածին՝ Շնեքը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հայկական կրոնական բազմաթիվ կառույցներ ոչնչացվել կամ փոխանցվել են դավանական այլ ուղղությունների։ Նա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ արեց Ադրբեջանը պահել հատուկ դիտարկման ցուցակում։

«Forum 18» լրատվական ծառայության խմբագիր Ֆելիքս Քորլին ընդգծեց, որ Ադրբեջանն ավտորիտար պետություն է, և կառավարությունը վերահսկում է բոլոր կառույցները, այդ թվում՝ կրոնական։

Քորլին ընդգծեց, որ պատերազմի ժամանակ հայերի նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվել նաև կրոնական հողի վրա։ Ինչ վերաբերում է իրենց տներ հայերի վերադարձի հարցին՝ Քորլին կարծում է, որ Ալիևի վարչակարգը թույլ չի տա հայերին վերադառնալ, իսկ հայկական կրոնական ժառանգությանը դժվար ապագա է սպասվում։

«Caucasus Heritage Watch»-ի առաջատար հետազոտող Հուսիկ Ղուլյանը նշեց, որ արբանյակային լուսանկարների շնորհիվ պարզ է դարձել, որ Ադրբեջանը թիրախավորել է հայկական պատմական հարյուրավոր վայրեր։ Ղուլյանը հիշեցրեց, որ դեռ տարիներ առաջ Ադրբեջանը ոչնչացրել է Նախիջևանի հայկական ժառանգությունը։ Ադրբեջանը ոչ միայն հերքում, այլև ասում է, որ Նախիջևանում հայեր չեն ապրել։ Հուսիկ Ղուլյանի խոսքով՝ Ղարաբաղի հայկական մշակույթն ու կրոնական վայրերը ոչնչացման վտանգի տակ են։ Մինչ այժմ «Caucasus Heritage Watch»-ը արբանյակային 12 դիտարկումներ է իրականացրել՝ ընդգրկելով հարյուրավոր վայրեր։ Արձանագրվել է, որ Ադրբեջանը հայկական կրոնական ու մշակութային ժառանգության 14 վայր արդեն ոչնչացրել է, այդ թվում՝ եկեղեցիներ ու գերեզմանատներ, իսկ բազմաթիվ այլ վայրեր ոչնչացման վտանգի տակ են։ Ղուլյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը նաև մշակութային յուրացում է կատարում, կրոնական վայրերը հռչակում է աղվանական և դա օգտագործում՝ կրոնական կառույցների վրայից հայկական գրությունները ջնջելու համար։ Հետազոտողի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը մոնիտորինգային ծրագիր պետք է իրականացնի, քանի որ հայկական ժառանգության պահպանումը հրամայական է նաև մարդու իրավունքների պաշտպանության առումով։

Հանձնաժողովի ներկայացուցիչ Վիկի Հարցլերն ընդգծեց, որ ԱՄՆ պետք է պատժամիջոցներ կիրառի, քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր վարած քաղաքականությունը։

 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30